Բոլորը պատրաստ են դատավորի դեր ստանձնել․ Վիգեն Խաչատրյան

Բոլորը պատրաստ են դատավորի դեր ստանձնել․ Վիգեն Խաչատրյան
1990-95թթ․ Գերագույն խորհրդի եւ ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները ճիշտ ուղի են ընտրել, քանի որ նրանց կատարած քայլերը ցույց են տալիս, թե կառավարման համակարգը որքանով է թաղված անօրինակությունների եւ կոռուպցիայի մեջ։ «Հասկանալի է, որ դեռ նոր նախարարները պետք է ձեռք բերեն կառավարման փորձ, հմտություններ, նաեւ՝ կադրային սխալներն ուղղեն, որոնք անխուսափելի են։ Հաշվի առնելով, թե ինչ ժառանգություն է ստացել նոր կառավարությունը, ավելին դժվար է սպասելը»,- մեզ հետ զրույցում ասաց Վիգեն Խաչատրյանը։



Ինչ վերաբերում է կադրային նշանակումներին, ապա Վիգեն Խաչատրյանը համամիտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքին՝ կաշխատենք, կտեսնենք։ «Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի պատրաստվում թեւերը ծալած նստել, որտեղ չեն արդարացնի նոր կադրերը, կգտնեն ավելի արժանիներին։ Ցանկացած կադրային քաղաքականություն էլ միշտ ուղղորդվում է սխալներով»,- կարծում է մեր զրուցակիցը։ Նկատեցինք, որ քաղաքական-հասարակական շրջանակներում հնչում է տեսակետ, թե ուռճացվում է ԱԱԾ-ի դերը։ «Բնավ համամիտ չեմ, ժամանակը ցույց կտա, երեւի նոր լծակներ էլ գործի կդրվեն։ Խնդիրն այն է, որ պետք է հրաժարվել կոռումպացված աշխատաոճից եւ հետեւել այն սկզբունքին, որ բոլորն օրենքի առջեւ հավասար են։ Չէ՞ որ կառավարությունում հրաշագործներ չեն նստած, ամեն մեկն իր տեղում պետք է փոխվի, պետք է պարզի՝ ինքը դրսեւորո՞ւմ է հակակոռուպցիոն վարքագիծ, թե՞ պատրաստ է իրեն հուզող խնդիրը ցանկացած ձեւով լուծել։ Կառավարությունը լավ թե վատ սկսել է աշխատել, իսկ հասարակությունը փոխվու՞մ է, կարծես թե՝ ոչ։



Մենք չենք տեսնում դրա օրինակները։ Մարդիկ չպետք է սպասեն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրենց կերջանկացնի՞, թե՞ ոչ։ Յուրաքանչյուրն իր տեղում թող փորձի օրենքով ապրել։ Քչերն են պատրաստ դրան, բայց բոլորը պատրաստ են դատավորի դեր ստանձնել՝ լա՞վ է աշխատում կառավարությունը, վա՞տ է աշխատում։ Իսկ ամեն մեկն իրեն տալի՞ս է այդ հարցը՝ սկսե՞լ է փոխվել։ Բազմաթիվ կազմակերպություններ, ձեռներեցների միություններ, լսե՞լ եք, որ որակական փոփոխության մասին խոսեն։ Մարդկանց մեջ իշխում է այն հոգեբանությունը, որ կառավարությունը նրա համար է, որ իրենց կառավարի»,- նշեց Վիգեն Խաչատրյանը։