Ազատ մամուլն ազատ հասարակությունն է

Ազատ մամուլն ազատ հասարակությունն է
Մամուլը՝ անկողմնակալ, անաչառ, իրական մամուլը կարող է եւ պարտավոր է հասարակությանը ներկայացնել այն ամենը, ինչը չեն կարող կամ «չեն նկատում» օրվա գործող իշխանությունները: Իրական մամուլը չունի կուսակցություն, չունի ընտրյալներ կամ թշնամիներ, նա տեսնում, արձանագրում, վերլուծում է այն, ինչ տեսնում է․ լավին՝ լավը, վատին՝ վատը: Օբյեկտիվությունն ազատ մամուլի միակ սկզբունքն է, մնացյալը՝ ազնվություն, փաստեր եւ այլն, դրա բաղադրիչներն են եւ լրատվամիջոցների աշխատակիցների անձնական-բարոյական չափանիշների դրսեւորումը: Ցավոք սրտի, մեր օրերում շատերը քննադատությունն ընդունում են սվիններով, երգիծանքը եւ հումորը՝ թշնամանքով եւ, առաջնորդվելով զուտ սեփական զգացողություններից ձեւավորված մոտեցմամբ, սրտի ամբողջ մաղձը թափում են այս կամ այն լրատվամիջոցի վրա ու դեռ չեն էլ հանգստանում: «Վարձու գրչակներ» չարչրկված բառակապակցությունը դրոշակ սարքած՝ իրենք են պեղում եւ գտնում վարձու գրչակների, «պատվերով հոդվածներ» գրելու մեղադրանքներով պիտակավորելով՝ հենց իրենք են սկսում հոդվածներ պատվիրել: Ծիծաղելի է, այլ բան չեմ կարող ասել:



Ժամանակը հզոր դատավոր է: Այն անխնա դատել է բոլորին՝ թե՛ հերոսներին, թե՛ դավաճաններին, թե՛ հանճարներին եւ թե՛ հանճարի ժառանգությունը սեփականացնողներին: Մերօրյա իրականության մեջ առավել քան արդիական է մեծն Լեռ Կամսարը, որն ապրել եւ գործել է թուրքական, իրանական եւ հայկական նախախորհրդային եւ խորհրդային տարիների իշխանությունների ժամանակաշրջանում։ Մանավանդ՝ վերջիններիս օրոք ընդունվել է որպես հանճար՝ փառաբանվելով, եւ որպես դավաճան, դատապարտվել տաժանակիր աքսորի: Նա սուր եւ, սթափեցնող գրիչ ուներ, կարողանում էր զգաստացնել, պարտավորեցնել: Արժանիները ժպտում եւ գնահատում էին, անարժանները լցվում էին թույնով եւ դավեր նյութում:



Ժամանակակիցների վկայությամբ՝ երբ Դրոն տեսնում է կամավորագրված Կամսարին Սարդարապատի ճակատամարտից առաջ, նրան արգելում է մասնակցել՝ ասելով.



«- Քեզ որ մի բան պատահի, բա մեզ ո՞վ է ծաղրելու»:



Երբ նա իր պամֆլետներն ուղղել էր եկեղեցու եւ նրա սպասավորների դեմ, Էջմիածնի հոգեւոր թեմի առաջնորդ դաշնակցական եպիսկոպոս Ներսես Մելիք-Թանգյանը հրահանգել էր մամուլին՝ առավելագույնս օգտագործել երիտասարդ գրողին, որ հասարակության հիվանդ տեղերը բացահայտվեն: Երբ սուր բաց նամակ էր հղել Առաջին հանրապետության վարչապետ Քաջազնունուն, հրավեր էր ստացել չեզոք պատգամավորների լիդեր դառնալ՝ խորհրդարանում բանավեճեր ծավալելու համար:



Ես իսկապես օբյեկտիվ եւ ազատ մամուլը համեմատում եմ Լեռ Կամսարի հետ: Մամուլը՝ առհասարակ: Ես չեմ առանձնացնում կամ անձնավորում որեւիցե լրագրողի կամ լրատվամիջոցի: Իսկ հետաքրքիր է՝ ներկայիս իշխանություններից որեւիցե մեկն իրեն կփորձի՞ համեմատել Ներսես Մելիք-Թանգյանի կամ Քաջազնունու հետ:



Մամուլը կա, եւ եթե այն կա, ուրեմն ազատ է, այլ պարագայում այն պարզապես իշխանության գովերգող քնարն է: Իսկ երբ կա ազատ մամուլ, ուրեմն կա ազատ երկիր եւ կայացած հասարակություն:



**Կարեն ՄԵԼՅԱՆ**