Բաց նամակ ՀՀ երրորդ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ երրորդ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
Պարոն Սարգսյան



Ուղիղ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 23-ին, Դուք պարտադրված հրաժարական տվեցիք:



ՀՀ ազգաբնակչությունը եւ համայն հայությունը մեծ ոգեւորությամբ դա ընդունեց, եւ այն տոնի վերածվեց ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքի գաղթօջախներում: Ձեր համակիրները եւ որոշ փոքրաթիվ լավատես քաղաքացիներ հրաժարականը գնահատեցին իբրեւ պետականամետ, փորձառու գործչի իմաստավորված քայլ:



Թույլ տվեք արձանագրել, որ Ձեր հրաժարականը պայմանավորված էր համաժողովրդական ցասման, ատելության եւ մերժման դեմ Ձեր անզորությամբ:



Այն, ինչ անում եք հրաժարականից հետո ԱԺ Ձեր թիմակիցներով, վկայում է, որ առայժմ ամբողջությամբ չեք պատկերացնում եւ ճիշտ գնահատում երկրում ստեղծված քաղաքական իրողությունը, հաշվի չեք նստում միջազգային կարծիքի հետ, չեք վերլուծում Ձեզ շնորհավորողների եւ Նիկոլ Փաշինյանին շնորհավորողների ամբողջական աշխարհագրությունը եւ բազան: Ի վերջո, այս օրերին ԱԺ Ձեր համակիրներին պահում եք քաղաքական պատանդի կարգավիճակում: Հավանաբար, փորձում եք նրանց ասել, որ այն, ինչ արել եմ անցած տարիներին, ձեր հետ միասին եմ արել եւ նաեւ ձեր համար եմ արել:



Այն, ինչ արվել է անցած 20 տարիների ընթացքում Ձեր եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, միայն Դուք գիտեք ամբողջ ճշմարտությունը:



Եվ, հավանաբար, վստահ եք, որ ցանկացած փաստահավաք խումբ չի կարող բացել եւ բացահայտել նախորդ տարիների քրեաօլիգարխիկ կծիկը, որին Դուք տիրապետում եք եւ որը Դուք ղեկավարել եք:



Անդրադառնալով մեր օրերին՝ հարկ եմ համարում նշել, որ իմ այս խոսքերն ասվում են ոչ թե ընկած կամ հանված ղեկավարին եւս մեկ անգամ քննադատելու համար, այլ իմ կողմից արված բոլոր նախորդ հրապարակումներում հնչեցվել է այն միտքը, որ արտագաղթը, գործազրկությունը, արտաքին 7 մլրդ պարտքը, աղքատությունը երկրում ստեղծվել են Ձեր կառավարման տարիներին: Կարծում եմ՝ ՀՀԿ վերնախավն անցած տարիներին կոռուպցիայով զբաղվել է ձեռքի հետ, իսկ հիմնականում զբաղվել է թալանով:



Անկախացումից հետո Դուք մշտապես ունեցել եք կաբինետային թռիչքներ, որը երբեւէ չի եղել քաղաքական պայքարի արդյունքում: Այս անգամ Ձեր շախմատային պարտիան ավարտվել է խոշոր պարտությամբ:



Կարծում եմ՝ անիմաստ է ԱԺ թիմակիցներին համոզել, որ մի 2-3 ամիս համբերեն:



Ձեր պարտությունը համաժողովրդական տոն է, Դուք պետք է այդ մտքի հետ հաշտվեք եւ փորձեք ՀՀ սահմանադրությամբ ամրագրված երաշխիքներից օգտվել՝ իբրեւ 3-րդ նախագահ, եւ կուտակած կապիտալը վայելել:



**Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ**