Ումի՞ց պահանջեմ որդուս կորցրած առողջությունը

Ումի՞ց պահանջեմ որդուս կորցրած առողջությունը
«Հրապարակին» է դիմել Արարատի մարզի Այնթապ համայնքի բնակիչ Ալինա Համբարձումյանը, ով փորձում է լրատվամիջոցի օգնությամբ վերականգնել որդու՝ Հրանտ Համբարձումյանի ոտնահարված իրավունքները: 1991-ին ծնված Հրանտը 2009-ի մայիսին զորակոչվել է բանակ: 2010-ի մարտին զինվորական ծառայությունները կատարելիս՝ զորամասում, մեքենայի շարժիչը ձեռնապտուտակի միջոցով գործի դնելիս, ստացել է ձեռքի արմունկի վնասվածք: Հոսպիտալացվել է եւ ստացել վիրահատական բուժում: Ըստ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից տրված վկայագրի՝ ստացել է նաեւ աջ ակնակապիճի ստորին եզրի սերտաճած կոտրվածք: 2010-ի հունիսի 10-ին ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից փորձաքննվել է եւ ճանաչվել ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայությանը, պիտանի է ոչ շարային ծառայության՝ պատերազմի ժամանակ: Իսկ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության 03.11.10թ․ տրված տեղեկանքի համաձայն՝ ձեռք է բերել 3-րդ կարգի հաշմանդամություն: Տիկին Ալինայի խոքով՝ որդին դեպքից հետո մեկ տարի ստացել է զինվորական հաշմանդամության թոշակ: Սակայն դրանից հետո, երբ եկել է կրկին բուժզննում անցնելու ժամանակը, բժշկասոցիալական հաձնաժողովը որոշել է, որ երիտասարդը չունի որեւէ խնդիր, ուստի չի կարող ստանալ հաշմանդամության կարգ: Մինչդեռ անզեն աչքով էլ տեսանելի է, որ Հրանտը ձեռքի արմնկային հատվածում ունի շարժման սահմանափակումներ, այն ծալում է ոչ լիարժեք, բացում՝ կրկին ոչ լիարժեք: Անգամ ռազմաբժշկական հանձնաժողովն է ախտորոշել, որ ունի «աջ բազկոսկրի դիստալ ծայրի ներհոդային, բազմաբեկորային սերտաճող կոտրվածք մետաղական օստեոսինթեզից»:



Հրանտն ունի ձեռքի շարժման նկատելի սահմանափակում, ինչ-որ բան թեկուզ սեղանի վրայից վերցնելու համար ստիպված ամբողջ մարմնով է կռանում դեպի սեղանը, ձեռքի ցանկացած շարժման փոխարեն շարժվում է ամբողջ մարմնով: Դա խանգարում է երիտասարդի աշխատունակությանը: Մայրն ասում է, որ որդին որտեղ որ դիմում է աշխատանքի համար, գործատուն, տեսնելով նրա ֆիզիկական խնդիրը, հրաժարվում է աշխատանքի ընդունել: «Վերջերս մի խանութում փորձաշրջանով ընդունեցին, այն էլ տեսան, որ չի կարողանում գոնե մի փոքր ծանր բան վերցնել եւ տեղաշարժել, ասացին, որ չեն կարող ընդունել աշխատանքի: Որդիս, փաստորեն, ով առողջ գնացել է զինծառայության եւ հաշմանդամ դարձած վերադարձել, այսօր ոչ ոքի չի հետաքրքրում: Ես էլի եմ դիմել Մասիսի բժշկասոցիալական հանձնաժողովին, վերջին անգամ նույնիսկ թղթերս չվերցրին, ասացին՝ միեւնույն է՝ մերժվելու եք:



Հիմա որդիս ոչ մի տեղ չի կարողանում աշխատել, մենք ապրում ենք վարձով, ի՞նչ պետք է լինի նրա ապագան: Այսօր ես կարողանում եմ ինչ-որ բան անել, հոգալ նրա կենսական խնդիրները, վաղը որ ծերանամ, ո՞վ է լինելու իմ որդու մասին մտածողը, հոգ տանողը: Հիմա ես ումի՞ց պահանջեմ որդուս կորցրած առողջությունը: Այսօր մեր երկրում շատ բան է փոխվել: Հույս ունեմ, որ գոնե ներկայիս իշխանությունները հաշվի կառնեն մեր խնդիրը եւ որդուս կապահովեն գոնե հաշմանդամության կարգով ու թոշակով»,- ասում է տիկին Ալինան:



**Նաիրա ՎԱՆՅԱՆ**