Ռազմարդյունաբերության դերը տնտեսության առողջացման գործում

Ռազմարդյունաբերության դերը տնտեսության առողջացման գործում
Նոր կառավարության ձեւավորումից հետո գլխավոր հարցերից մեկը տնտեսության առողջացման մոդելի եւ հիմնական եղանակների ընտրության հարցն է։ Բնական է, որ տնտեսության ստվերի էական կրճատումը, բացի բյուջետային ուղղակի մուտքերի ապահովումից, կնպաստի նաեւ բիզնես միջավայրի առողջացմանը, սակայն խելամիտ չէր լինի միայն այս գործընթացը համարել բավարար։ ՀՀ-ն անկախացումից ի վեր ընտրել է տնտեսության կարգավորման մոնետարիստական մոդելը, որը ենթադրում է պետության ոչ մեծ ուղղակի մասնակցություն տնտեսության իրական հատվածում։ Հարկ է նշել, որ 70-ական թթ. սկսած՝ զարգացած եւ զարգացող շատ պետություններ անցել են այս մոդելին, քանի որ կարգավորման քեյնսյան մոդելը, այն է՝ պետական ծախսերի միջոցով տնտեսության կարգավորումը, սկսեց իրեն չարդարացնել։ Սա մեծ մասամբ պայմանավորված էր ֆինանսական եւ փողի շուկաների զարգացող գործիքներով եւ վերջիններիս դերի մեծացմամբ տնտեսության մեջ։



Հետեւաբար՝ ՀՀ-ի համար մոնետարիստական մոդելն անխուսափելի է, սակայն վերջինս չի բացառում պետության կողմից որոշակի ուղղակի մասնակցություն՝ տնտեսությունն առողջացնելու եւ համապատասխան շուկաները կարգավորելու նպատակով։ Նշվածի համատեքստում, կարծում եմ, հարկ է առանձնահատուկ կերպով դիտարկել ռազմարդյունաբերությունը։ ՀՀ-ի համար ռազմարդյունաբերության զարգացումը կարեւոր է ոչ միայն որպես ազգային անվտանգության երաշխիք, այլեւ որպես տնտեսության զարգացման լոկոմոտիվ։ Ռազմարդյունաբերությունը, ի տարբերություն տնտեսության մյուս ճյուղերի, ունի մի շարք առանձնահատկություններ, մասնավորապես`



• ռազմարդյունաբերությունը մակրոտնտեսության համակարգի մեջ առանձին ենթահամակարգ է եւ, միեւնույն ժամանակ, տնտեսության առանձին ճյուղերի տարրերի ամբողջություն



• տնտեսության առավել գիտատար ճյուղն է



• ծախսատար ճյուղ է, որի համար պահանջվում են մեծ ռեսուրսներ: Այս հանգամանքը սահմանափակ ռեսուրսների պայմաններում ստիպում է նորամուծական մոտեցումներ ցուցաբերել ռազմարդյունաբերության զարգացման նպատակով:



• Արդյունաբերության մյուս ճյուղերի հետ ռազմարդյունաբերության կապն ունի երկակի բնույթ: Մի կողմից` զարգացած արդյունաբերությունը հիմք է ռազմարդյունաբերության զարգացման համար, մյուս կողմից` ռազմարդյունաբերության զարգացումը նպաստում է այլ արդյունաբերական ճյուղերի զարգացմանը:



Միով բանիվ, հույժ կարեւոր եմ համարում նոր կառավարության կողմից ռազմարդյունաբերության ոլորտում համակարգային եւ գործուն քաղաքականության իրականացումը՝ նպատակաուղղված օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, նոր շուկաների բացահայտմանը, արդյունավետ կերպով պետական պատվերի ձեւավորմանը եւ ՓՄՁ-ների ներգրավմանը։



**Մհեր ՓԱՐՎԱՆՅԱՆ**



**«Փարվանյան Քոնսալթինգ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն**