Թիկունքում ապրող մարդկանց հավատը՝ Գյումրու թատրոնում

Թիկունքում ապրող մարդկանց հավատը՝ Գյումրու թատրոնում
Գյումրու դրամատիկական թատրոնի նոր ներկայացումը նվիրված է Արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին։ Ներկայացման բեմադրող ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն է։ Նա հիշում է՝ մտահղացումը ծնվել է մի փոքրիկ ռեպորտաժից, երբ մեկ տարի առաջ տեսել է հեռուստատեսությամբ, որտեղ պատմվել է գյումրեցի երիտասարդի մասին, ով Թալիշում ծառայելու ժամանակ մի աղջկա է սիրահարվել ու ամուսնացել։ Ու հիմա թեկուզ գյումրեցի հերոսը չկա, բայց աղջիկն ապրում է իր բալիկի հետ։ Դրանից հետո վերջնականապես հասունացել է ներկայացում անելու որոշումը, քանի որ Գյումրու թատրոնը պարտադիր պետք է անդրադառնար ապրիլյան պատերազմին ու նրա հերոսներին։ «Քառօրյա պատերազմի թեմայով մի քանի պիեսներ ընթերցել էի, բայց սկզբունքորեն ինձ համար շատ կարեւոր էր, որ այն, ինչ ես ուզում եմ, չլինի մարտի դաշտ։ Իսկ այն պիեսները, որ ես ընթերցում էի, ավելի շատ մարտի դաշտ էին ներկայացնում, եւ մենք որոշեցինք, որ թեման ես առաջարկեմ, պիեսն այդպես գրվի»,- ասում է նա ու նշում, որ, ի վերջո, թեման ընտրել են եւ առաջարկել Անահիտ Աղասարյանին՝ պիես գրել։ Դրա հիման վրա էլ թատրոնում շուրջ մեկ տարի ընթանում էին «Հարսանիք՝ թիկունքում» ներկայացման բեմադրական աշխատանքները, որի պրեմիերան տեղի կունենա մայիսի 30-ին եւ 31-ին։



Ներկայացման նկարչական ձեւավորման հեղինակը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստները ձեւավորողը՝ Լուսինե Խաչատրյանը, իսկ կոմպոզիտորը՝ երգիչ, երաժիշտ Հայկոն։ «Ներկայացումն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ առաջին անգամ մեր թատրոնում ներկայացման համար գրվում է հատուկ երաժշտություն»,- ասում է ռեժիսորը։



Ընդգրկված է մոտ 30 դերասան, գլխավոր դերերում հանդես են գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Տիգրան Գաբոյանը։



Ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է։ Ընտանիք, որն իր անցյալով, ներկայով եւ ապագայով խորհրդանշում է ողջ հայ ժողովրդին։ Ահա, այս ընտանիքի համար ամենաուրախալի օրը՝ զավակի հարսանիքին, հասնում է ապրիլյան քառօրյա պատերազմի գույժը՝ ընդհատելով կյանքի ընթացքը։ Պատերազմը ոչ միայն ճակատում է, այլ նաեւ թիկունքում, իսկ հարսանիքը մի սիմվոլիկ գաղափար է, որը պետք է շարունակվի։



Ռեժիսորն ասում է, որ ամբողջ գործողություններն ու իրադարձությունները նկարագրվում են հենց թիկունքում՝ մարտի դաշտ չեն ներկայացնում․ «Հերոս են նրանք, ովքեր գնացել եւ զոհվել են, բայց ես ավելի շատ, որպես ռեժիսոր, ուզեցել եմ ցույց տալ այն մարդկանց ապրումները, ովքեր սպասում էին։ Ինձ մոտ ոչ պակաս հերոսներ են նաեւ այն մարդիկ, ովքեր ճանապարհել են ու սպասում են՝ մեր մայրերը, քույրերը, տատիկները, ովքեր ոգեւորել են եւ սպասել իրենց թոռներին։ Ինձ մոտ առաջնային պլանում ներկայացված են հենց այդ մարդիկ, թիկունքում ապրող մարդկանց հավատը։ Պիեսն ավելի շատ ոգեշնչում է, սա պիես է չկոտրվելու եւ ապրելու մասին՝ հանուն այն մարդկանց, ովքեր գնացին եւ զոհվեցին»։



Լյուդվիգ Հարությունյանն ասում է, որ ներկայացումն ավելի շատ տրագիկոմեդիա է, սկսվում է կոմեդիայի ժանրում, հետո աստիճանաբար վերածվում տրագեդիայի։ ««Լաց ծիծաղի միջից» սկզբունքը կա այս ներկայացման մեջ, որն առանձնահատուկ ուշադրությամբ եմ բեմադրել։ Չեմ փորձել ոչ մի ռազմական իրադարձություն ներկայացնել, քանի որ ինքը շատ վտանգավոր բան է։ Իմ պիեսում կա նաեւ եզդի ընտանիքի պատմություն, որտեղ փորձել եմ լինել ինչքան հնարավոր է անկեղծ ու զգույշ»,-ասում է նա ու ընդգծում, որ թեեւ շատ բեմադրություններ է արել, բայց այս մեկն առանձնանում է, քանի որ նուրբ է ու զգացմունքային։



Սցենարը թեեւ հորինված է, բայց իրական նախատիպեր կան, որոնց անունները փոխվել են, քանի որ չի ցանկացել ապրիլյան մեր 104 հերոսներից որեւէ մեկին առանձնացնել եւ որեւէ մեկի անունը նշել։ Դրա համար որոշվել է շեշտը դնել թիկունքում կատարվող իրադարձությունների վրա։



Որպես բեմադրիչ՝ կարողացե՞լ է այնպես մոտենալ թեմային, որ հայրենասիրական քարոզ այն չհիշեցնի բեմից։ «Քանի որ իմ հերոսները մեծամասամբ գյումրեցի են, ապա գյումրեցուն բնորոշ դիալոգներ կան, որի ընթացքում խոսում ենք արտագաղթի, սոցիալական խնդիրների, քաղաքական հայացքների մասին։ Ավելորդ պաթետիզմ չկա, մենք խոսում ենք նաեւ այն երեւույթների մասին, որոնք մեզ խանգարում են, որ ավելի ուժեղ, ամուր ու հպարտ լինենք։ Մեր խնդիրների մասին հենց մեր հերոսներն են խոսում, թե որտեղից են ծագում։ Բայց նույնիսկ ամենամեծ վշտի մեջ գյումրեցին չի կորցնում իր հումորը, հավատը»,- ասում է Հարությունյանն ու հավելում, որ իր համար հանդիսատեսից արցունք կորզելը առաջնայինը չի լինելու։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**