Հավերժական խոսքը

Հավերժական խոսքը
Աստված Աստված չէր լինի, եթե մեզ մտածելու ազատություն չտար: Այն, ինչն ամենաշատն է դուր գալիս ինձ Աստծո մեջ, դա ազատության շունչն է: Որովհետև նա ինքը, լինելով ինքնիշխան և ազատ, մարդուն էլ է տվել այդ հիասքանչ զգացումը՝ ազատությունը: Տվել է, որպեսզի հենց այդ ազատության մեջ ճանաչեն ու ընկալեն իրեն, առանց որևէ ճնշման ու հարկադրանքի: Որ կարողանան մերժել ու ժխտել, կասկածեն Իր գոյությանը և նույնիսկ հրաժարվեն ընդունել՝ հեռացնելով իրենց կյանքից: Այո, Աստված Աստված չէր լինի, եթե մարդիկ իրեն չընդունելու հնարավորությունը չունենային: Եվ հրաշալի է, որ մարդիկ կարողանում են ազատ ու անկաշկանդ արտահայտել իրենց տեսակետները: Բայց չմոռանանք, որ ազատությունը թեպետ արբեցնում է, բայց նաև պատասխանատվություն է ենթադրում է: Այս մտքերին ինձ մղեցին վերջերս մամուլում հրապարակված հոդվածներից մեկի ավարտ – ամփոփումը՝ Կարդացեք Աստվածաշունչ, բայց կարդացեք առանց կրոնական նախապաշարմունքների ու հավատացեք Սպինոզայի աստծուն:



Ինչ վերաբերում է Աստվածաշնչի կրոնական բնույթին, ապա նշենք, որ ամենից առաջ կրոնականն ու հոգևորը տարբեր բաներ են: Շատ կրոնական գրքեր կան, որոնք հոգևոր տեսակետից գրոշի արժեք չունեն: Իսկ ահա Աստվածաշնչի հայերեն վերնագիրն արդեն խոսուն է՝ Աստծո շնչով գրված: Այստեղ տեղին չէ որևէ ապացույց բերելը, ապացուցելու համար այդ զարմանահրաշ գրքի՝ Աստծուց ներշնչված լինելու փաստը: Հատկապես որ հավատի հարցում ապացույցները քիչ դեր են խաղում. միշտ էլ առաջին պլան է մղվելու մարդու ընտրության՝ ընտրության ազատության հարցը:



Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե մի պահ մոռանանք Աստվածաշնչի հոգևոր բնույթը: Տակը կմնա ոչ այնքան հետաքրքիր պատմա – իմաստասիրական, մի քիչ ժամանակագրական – ձանձրալի, և թերևս մի փոքր էլ մշակութային գիրք: Ընդ որում առավելապես հրեական: Այն կհետաքրքրի միայն պատմաբաններին և մշակութաբաններին: Սա՞ ենք մենք ցանկանում:



Առանց այն էլ կասկածողներն այնքան շատ են: Միշտ էլ եղել են թերահավատներ, կասկածամիտներ, ովքեր մերժել են այդ զարմանահրաշ գիրքը՝ որպես Աստծուց ներշնչված հայտնություն մարդկությանը: Իսկ թերահավատությունը մեր դարի ախտն է: Նա իր շոշափուկներն է տարածել մարդկային գործունեության համարյա բոլոր ոլորտներում: Կասկածում են ամեն ինչին՝ մարդկային բարոյականությանը, գիտությանը, ազնվությանը, պատմությանը: Դե եթե կասկածում են նույնիսկ Աստվածաշնչի հավաստիությանը՝ որպես Աստծուց ներշնչված հայտնություն մարդկությանը, ապա մնացածն ինչ արժեք ունի…



Փորձենք կապել այս ամենը մեր բարդ ժամանակների հետ: Հատկապես հայկական մերօրյա իրականության հետ: Վստահաբար կարելի է ասել՝ առանց Աստծո ոչինչ հնարավոր չէ անել: Իսկ Աստծո հետ ամեն ինչ է հնարավոր: Հարցը հավատի և ուղեցույցի մեջ է: Իսկ ինչի՞ հավատանք և ի՞նչ ուղեցույց ընտրենք: Ինչի՞ կհասնենք, եթե ուղեցույց ընտրենք, ասենք, ֆրանսիական լուսավորիչներին: Դիդրոյին կամ Ժան – Ժակ Ռուսսոյին, իսկ գուցե վերոհիշյալ Սպինոզայի աստծու՞ն: Կամ մեր՝ հայկական ինքնությանն ու արժեքների՞ն: Թե՞ մարդկային կասկածելի բարոյականությանը:



Եկեք ընդունենք, որ այս բոլորն անհուսալի է և խիստ երերուն, խիստ մարդկային: Իսկ արդյոք ավելի հուսալի չէ՞ դիմել Աստծո հավերժական Խոսքին՝ Հին և Նոր Կտակարանների Աստվածաշունչ մատյանին: Աստծո առաջարկած ճանապարհներին, որ անցել է և դիմացել ժամանակների փորձությանն ու ստուգմանը: Այսօր, մեր խառնաշփոթ ժամանակներում հատկապես անհրաժեշտ է ուսումնասիրել Աստծո հավերժական խոսքը: Այդ Խոսքը դիմացել է ժամանակի փորձությանն արդեն երկա՜ր տարիներ: Ուրիշ այսպիսի գիրք աշխարհում գոյություն չունի: Նա հաղթահարում է տարածության և ժամանակի սահմանները և միտվում հավերժությանը: Ահա թե ինչու կարևոր է ժամանակ հատկացնել՝ շփվելու այդ՝ Աստծուց ներշնչված գլուխգործոցի հետ: Այնտեղից սնունդ ստանալ: Թույլ տալ, որ Աստծո Խոսքը զրուցի մարդու սրտերի հետ, հպվի սրտի նուրբ և զգայուն լարերին: Եվ ցնցի դրանք մի մեղմ և հրաշալի երաժշտությամբ՝ Աստծո կենդանի ներկայությամբ: Դարեր շարունակ այդ գրքի վեհ ճշմարտությունները ոգեշնչել են շատ նշանավոր գիտնականների ու գրողների, հասարակ մարդկանց, ովքեր հետ Աստծո հետ հաղորդակցության միջոցով խաղաղություն են գտել և մխիթարվել: Նրանք հասկացել են և ընկալել փրկարար ճշմարտությունները, որ բացել է նրանց առաջ Աստծո հավերժական խոսքը: Եվ արդյո՞ք հենց սա չէ, որ այսօր անհրաժեշտ է մեզ՝ հայերիս: Ունենալու հուսալի, ավելի ճիշտ՝ ամենահուսալի ուղեցույցը, որ միայն հնարավոր է պատկերացնել: Այդ դեպքում ո՞ր երկիրը կամ պատմական ո՞ր իրավիճակը կարող է դեմ կանգնել աստվածային հզոր կամքին: Ո՞ր պարիսպը կարող է արգելք հանդիսանալ, եթե մեր նպատակներն արդար են և ազնիվ: Եվ միտված հոգևորին:



Փորձենք ամփոփել, կարո՞ղ ենք ասել, որ պատմական ժամանակներում ենք ապրում: Հնարավոր է։ Սակայն Աստծո տեսակետից պատմական ժամանակաշրջաններ գոյություն չունեն, որովհետև բոլոր ժամանակներն են պատմական: Կյանքը իրադարձությունների մի շղթա է, որը երբեք չի ավարտվում: Յուրաքանչյուր պահը կանխորոշվում է իր նախորդի կողմից և հիմք է ստեղծում հաջորդի համար: Եվ այդպես շարունակ: Պարզապես երբեմն տեղի են ունենում կարևոր իրադարձություններ: Ինչպես մեր օրերում: Երբ առանձնահատուկ անհրաժեշտ է Աստծո միջամտությունը և հատկապես՝ առաջնորդությունը: Մի կյանքում, որտեղ, առավել քան համոզված եմ, որ բոլորովին էլ անտեղի չեն Պասկալի հետևյալ խոսքերը. «Պետք չէ առանձնահատուկ հանճար լինել, հասկանալու համար, որ այս կյանքը չի տալիս ճշմարիտ և լիակատար բավարարվածություն, որ մեր բոլոր ուրախությունները դատարկ ու սին փառասիրություններ են, իսկ վիշտն ու դժբախտությունը չեն լքում մեզ և ի հավելումն այդ ամենի մահը հետապնդում է մեզ յուրաքանչյուր քայլափոխի»:



**Հովիկ Մխիթարյան**