Ջազում միայն երեխաներն են

Ջազում միայն երեխաներն են
**«Նարեկացի»** արվեստի միության բեմում սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար **Արմեն Հյուսնունցն** էր Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի իր ղեկավարած ջազային նվագախմբի հետ:



Միջոցառումը կրում էր **«Ջազում միայն երեխաներն են»** խորագիրը, որի ընթացքում հնչեց սաքսոֆոնի մոգական հնչյուններով նվագախմբային ջազային երաժշտություն: Արմեն Հյուսնունցը ներկայացրեց բեմում գտնվող փողային գործիքների պատմությունն ու հնչերանգային  առանձնահատկությունները, ինչպես նաև նվագախմբի երիտասարդ ջազ կատարողներին: Համերգային ծրագրում ընդգրկված էին ջազի ստեղծման սկզբնական տասնամյակների առավել հայտնի ստեղծագործությունները, որոնք նորովի հնչեցին նվագախմբի տաղանդավոր փոքրիկ սաքսոֆոնահարների կատարմամբ:



-Ջազ երաժշտի համար կարևոր է ջազային մտածելակերպ ունենալը: Իմպրովիզացիան՝ կատարողի հանպատրաստից ստեղծագործելն ամենակարևորն է այս ոճում, որը երաժշտին տալիս է մաքսիմալ անկեղծ և ազատ լինելու հնարավորություն,- ասաց Արմեն Հյուսնունցը` երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացնելով նաև ջազի ստեղծման, զարգացման պատմությունը, լեգենդար ջազ երաժիշտների ստեղծագործական ուղու, երաժշտական գործունեության մասին ուշագրավ դրվագներ:



Ջազը ծնվել է Նոր Օռլեանի աղքատ թաղամասերում ու արվարձաններում, իսկ հետո տարածվել է ամբողջ աշխարհով մեկ: Սևամորթ ստրուկների թախծոտ երգերի և անգլիական ժողովրդական մեղեդիների փոխազդեցությամբ ստեղծված ջազն անցել է ձևավորման բարդ ուղի։



Ջազի հետագա զարգացումը կապված է Սենտ Լուիսի, Կանզաս Սիթիի, ապա՝ [Չիկագոյի](https://hy.wikipedia.org/wiki/%D5%89%D5%AB%D5%AF%D5%A1%D5%A3%D5%B8), [Նյու Յորքի](https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%B5%D5%B8%D6%82_%D5%85%D5%B8%D6%80%D6%84) գիշերային պանդոկներում ու տոնավաճառներում հանդես եկող բազմաթիվ «ջազ-բանդերի» գործունեության հետ։



Ջազը կառուցվածքով և առանձնահատկություններով արևմտաաֆրիկյան (սևամորթների) և արևմտաեվրոպական (սպիտակամորթների) 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է։



1920-1930-ական թվականներին ջազն արագորեն տարածվել է ողջ աշխարհում՝ գրեթե ամենուր հարմարվելով տվյալ ժողովրդի երաժշտական մշակույթին։ 1940-ական թվականներին սկսվել է ժամանակակից ջազի զարգացումը. սաքսոֆոնահար [Չառլզ Փարկերի](https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%89%D5%A1%D5%BC%D5%AC%D5%A6_%D5%93%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D6%80&action=edit&redlink=1) և շեփորահար Դիզի Գիլլեսպիի շնորհիվ ջազը հասել է պրոֆեսիոնալ նոր մակարդակի։ Հետագայում ձևավորվել են քուլ, ֆրի, մոդալ, լատինո և ժամանակակից ջազի այլ ուղղություններ։ Ջազի ազդեցությամբ համաշխարհային երաժշտության մեջ ստեղծվել են ժամանակակից փոփ երաժշտության տարբեր ոճեր (սոուլ, փոփ-ջազ)։



Ուշագրավ է, որ Հայաստանում դեռևս [1936](https://hy.wikipedia.org/wiki/1936) թ. [Երևանի](https://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6) [«Մոսկվա» կինոթատրոնում](https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1_%D5%AF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%A9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6) գործել է ջազային նվագախումբ, որը ղեկավարել է երաժշտագետ [Ռոբերտ Աթայանը](https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%B8%D5%A2%D5%A5%D6%80%D5%BF_%D4%B1%D5%A9%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6), [1937](https://hy.wikipedia.org/wiki/1937) թվականին՝ շեփորահար Ցոլակ Վարդազարյանը՝ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի հայրը։ [1938](https://hy.wikipedia.org/wiki/1938) թվականին [Արտեմի Այվազյանը](https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%BF%D5%A5%D5%B4%D5%AB_%D4%B1%D5%B5%D5%BE%D5%A1%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6) ձևավորել է նոր նվագախումբ։ Նա իր ստեղծագործություններում կիրառել է հայկական ժողովրդական մեղեդիների ռիթմն ու հնչերանգը։ [1956](https://hy.wikipedia.org/wiki/1956) թվականից նվագախումբը ղեկավարել է Կ. Օրբելյանը։ 1960-1970-ական թվականներին հայկական ջազարվեստը ճանաչվել է նաև արտասահմանում. հայ երաժիշտները հյուրախաղերով շրջագայել են եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, մասնակցել միջազգային փառատոնների։ 



Հայաստանի լավագույն սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը ջազի աշխարհում հայտնի դարձավ «Time Report» էթնոջազային և «Հայկական Նավատորմի Նվագախումբ» ճանաչված բենդերի կազմից, այնուհետ՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի, Հանրային ռադիոյի էստրադային, սիմֆոնիկ նվագախմբերի, «Time Report», «Հայկական Նավատորմի Նվագախումբ»,  «Artasax» սաքսոֆոնային քառյակի:



-Ջազը տալիս է մաքսիմալ անկեղծ և ազատ լինելու հնարավորություն,-ասում է Արմեն Հյուսնունցը: Նրա ստեղծագործական կյանքը ջազի պես հարուստ ու գունեղ է: Հյուսնունցը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոնների, համերգներով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մերձավոր Արևելքում։ Նվագել է հայտնի ջազմենների հետ՝ Չիկ Կորեանի, Բիլլի Քոբեմի, Ջո Զավինուլի։ Եվ այսօր նա կատարողական իր բարձր վարպետությունը, տարիների հարուստ փորձը փոխանցում է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջազային նվագախմբի իր սաներին:



«Ջազն իր զարգացումն է ապրում, ապագան ջազինն է»,- ասաց Ա. Հյուսնունցը և տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանում կնշվի 1938 թվականին Կառավարության որոշմամբ տաղանդավոր կոմպոզիտորներ և երաժիշտներ Արտեմի Այվազյանի և Ցոլակ Վարդազարյանի կողմից հիմնադրված Հայաստանի պետական ջազ-նվագախմբի 80 ամյակը, հետևաբար ողջ տարին մեր հանրապետությունում համեմված կլինի ջազով:





**ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ**