Մենք մարտի 1-ի սերունդն ենք

Մենք մարտի 1-ի սերունդն ենք

Ինձ և հասակակիցներիս հաճախ ներկայացնում են որպես անկախության սերունդ։ Դե մենք ծնվել ենք 1991 թ․ և մեր ծերանալը ուղիղ համեմատական է անկախության ընթացքին։ Մեզ նաև ասում են․ «Դուք այս երկրի ապագան եք, քանի որ անկախության սերունդն եք»։ Իրականում ես համաձայն չեմ այս ձևակերպումների հետ, քանի որ դրանք ոչ միայն չափազանց վերամբարձ են, այլ նաև բովանդակային տեսանկյունից որևէ կերպ չեն համապատասխանում կյանքի վերաբերյալ մեր պատկերացումներին։ Ես չեմ ուզում լինել Հայաստանի պայծառ ապագան, քանի որ ես Հայաստանի թշվառ ներկան եմ։ Ես չեմ կարող լինել անկախության սերունդ, քանի որ չեմ զգացել դրա շունչը։ Ավելի շուտ` ես սերունդն եմ մարտի 1-ի, որովհետև 2008-ը իմ ջահելության մեկնարկն էր, երբ ես ընդամենը 10-րդ դասարանի աշակերտ էի։ Եվ հարցն անկախության հռչակումը չտեսնելու և մարտի 1-ը տեսնելու մեջ չէ, պարզապես մեր հասուն կյանքի սկիզբը համընկավ 2008 թ․-ի իրադարձությունների հետ։ Ինչ-որ արժեքային կապ կա այդ պատահական համընկնման մեջ, քանի որ մեր կյանքի ճանաչողության հասուն փուլի մեկնարկը ուղղակիորեն խաչվեց հետմարտիմեկյան նոր Հայաստանի հետ։ Արժեքային փոխներթափանցման տրամաբանությամբ մեր սերունդը այդ նոր միջավայրի կրողն է, իսկ վերջինս էլ արդյունքը նաև մեր գոյության։

Իմ կյանքի առաջին հասուն տասնամյակն անցել է Սերժ Սարգսյանի հետ։ Հասուն այն առումով, որ 17 տարեկանում մարդը թևակոխում է ճանաչողության բոլովին այլ փուլ։ Դա ավարտն է մանկության և սկիզբը՝ բոլորովին այլ կյանքի։ 2008 թ․ ավարտեցի դպրոցը, ընդունվեցի համալսարան, գնացի բանակ, Հայաստանից հեռացա, վերադարձա, նորից ընդունվեցի համալսարան, աշխատեցի տարբեր ոլորտներում, այսինքն՝ վայրիվերումների ու փոփոխությունների մի ամբողջ շրջափուլ և արդեն հայտնվել եմ 27-ի նախաշեմին, բայց Սերժ Սարգսյանը դեռ կա ու շարունակում է լինել։ Վերհիշելու գործընթացն այս պատճառ է դառնում վախի ու անհանգստության, մի՞թե հաջորդ տասնամյակն էլ պետք է անցնի այդ մարդու դիկտատուրայի ուղեկցությամբ։ Մեր սերունդը նաև այդ բիրտ իշխանության ազդեցության կրողն է։ Ազդեցությունն այդ ծնել է հակազդեցության այնպիսի մի միջավայր, որի արդյունքում սաղմնավորվել և ձևավորվել ենք մենք, մեր դիմագծն ու անհատականությունը։ Երբեմն մտածում եմ` ի՞նչ կլինի մեր հետ, եթե Սերժ Սարգսյանն այլևս հեռանա, չէ՞ որ նրա չգոյությունը կանէացնի ազդեցություն-հակաազդեցություն արժեքային այն բախումը, որը ծնել է մեզ։ Հնարավոր է և կյանքը իմաստազրկվի, չէ՞ որ ԽՍՀՄ փլուզումից հետո շատերի կյանքն արժեզրկվեց, քանի որ պայքարն ավարտվել էր, իսկ հակազդեցությունը՝ փոխակերպվել կոնֆորմիզմի։ Ո՞ւմ դեմ պետք է գրեմ, եթե նա չլինի, չէ՞ որ նա իմ հակահերոսն է և անուղղակիորեն ներկա է նույնիսկ այն հոդվածներում, որոնք նրա մասին չեն։

Ես մեծացել եմ Երևանի արվարձաններում՝ քաղաքակրթությունից կտրված «վայրենի» Մալաթիայում, որտեղ Հիսուսից հետո երկրորդ մարդը Սամվել Ալեքսանյանն է։ Այսինքն` 2000-ական թթ․ որևէ կերպ հաղորդակից չեմ եղել Կենտրոնի բարեկիրթ ու փափկասուն միջավայրին։ «Ղումարով» ֆուտբոլը, կռիվները, դպրոցից փախնելն ու «քուչի հիեարխիկ ախպերականը» մեր կյանքի անբաժան մասնիկներն էին։ Եվ հենց այդ «ախպերականի» արդյունքում 2008 թ․ առաջին անգամ ընկերներով հայտնվեցինք Հանրապետության հրապարակում տեղի ունեցող Սերժ Սարգսյանի նախընտրական հանրահավաքին։ Դե մեր թաղի հեղինակություններից մեկն էր «տղավարի» խնդրել, մենք էլ՝ սիրով համաձայնել։ Ճիշտն ասած չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, չէինք էլ լսում, հետաքրքիր չէր, թքած ունեինք։ Միայն հիշում եմ, որ հանրահավաքի ավարտից հետո հրապարակում հայտնված բազմությունը զանգվածաբար շարժվեց դեպի Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաք էր իրականացնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ճիշտն ասած այդ ժամանակ չէինք կարող հասկանալ, թե ինչու էին մարդիկ մեկ հանրահավաքից այլ հանրահավաք գնում, պարզապես ընդհանուր հոսքի հետ գնացինք։ Միայն հիմա տարիների հեռավորությունից կարող եմ ենթադրել, որ Ազատության հրապարակն այդ օրերին ինչ-որ մոգական ձգողականություն ուներ և բոլորին քաշում էր դեպի իրեն։ Ճիշտն ասած մի փոքր վախենում էինք, ի՞նչ կմտածեին թաղի տղերքը, եթե տեսնեին մեզ Լևոնի հանրահավաքին։ Բայց մտածմունքներն այդ հօդս ցնդեցին, երբ մարդկային բազմության մեջ հայացքով հանդիպեցինք «Կյաժին», որը մեզ բերել էր Սերժ Սարգսյանի հանրահավաքին։ Փաստորեն նա էլ էր մարդկային հոսքի հետ եկել Ազատության հրապարակ։ Այդ օրերին նույնիսկ թաղային հեղինակություններն էին «լևոնական», թեկուզև՝ առերես։

2008 թ․ մարդկային գիտակցության մեջ երկու հերոսներ կային. մեկը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, իսկ մյուսը՝ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ընդհանրապես ջահելների կուռքն էր։ Նա իր հռետորական բացառիկ ունակություններով ալեկոծում էր մարդկային հոգիներն ու ցնցում հարակից շենքերի պատերը՝ ինչ-որ տեղ հիշեցնելով Լև Տրոցկուն։ Այս համեմատության մեջ որևէ չափազանցություն չկա, այդ օրերի Նիկոլը իսկապես ուրիշ էր, նա, կարծես թե, մարդկանց պայքարելու ներշնչանքը լիներ՝ իր ամբողջ կիրքն ու ինքնավստահությունը փոխանցելով «խելագարված ամբոխներին»։ Ես իսկապես մեծագույն ցավ եմ ապրում, որ 2008-ի Նիկոլից այլևս ոչինչ չի մնացել, խորթ ու օտարացած մարդ է դարձել։

Ներկայումս տասը տարվա հեռավորությունից այն համոզմունքն ունեմ, որ 2008-ի շարժումը անհրաժեշտություն էր, իրականությունը խցանվել էր և պետք է պայթեր, եթե չպայթեր, ապա հիմա կապրեինք ամբողջատիրական ու գորշ երկրում, որտեղ նմանատիպ ակնարկներ հնարավոր չէր լինի գրել։ Խաղաղություն մարտի 1-ի զոհվածներին և համերաշխություն համաժողովրդական պայքարին մասնակից դարձած ու մինչև վերջ պայքարած քաղաքացիներին։