Ես ոչ մի մեղք ու թերացում չեմ զգում

Ես ոչ մի մեղք ու թերացում չեմ զգում
Երեկ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ազատվել է աշխատանքից։ 2009 թվականից ոստիկանապետի տեղակալ, ապա 2014-ից ՔԿՎ պետ նշանակված Օսիկյանը, կարելի է ասել, «ռեկորդ» սահմանեց․ կիրթ, ինտելեկտուալ ոստիկանի համարում եւ մեղմ բնավորություն ունենալով՝ նա համակարգում մնաց մոտ չորս տարի։ ՔԿՎ պետի պաշտոնի հիմնական թեկնածուն Ռաֆիկ Հովհաննիսյանն է՝ համակարգի հնաբնակներից, ծնունդով Շամխորից՝ կալանավայրերի վարչության պետի առաջին տեղակալը։



Նա դեռ սովետական տարիներին՝ 1982-ին, եղել է թիվ 1 քննչական մեկուսարանի հսկիչ, հետո ողջ կյանքում աշխատել է կալանավայրերում՝ հսկիչից հասնելով պետի պաշտոնի։ Այդ թվում՝ եղել է «Նուբարաշեն», «Կոշ» քրեակատարողական հիմնարկների պետը։ Սերտորեն առնչվել է սովետական կագեբեի, ապա ՀՀ ԱԱԾ-ի հետ։ Եվ 2005-ին նշանակվելով քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ՝ 13 տարի շարունակ երազել է զբաղեցնել պետի պաշտոնը եւ կոնկրետ «քայլեր» է ձեռնարկել այդ ուղղությամբ գրեթե բոլոր պետերի օրոք։ Մենք զրուցեցինք 2000 թվականից հետո ամենակարճ ժամկետով պետ աշխատած Աշոտ Գիզիրյանի հետ, ով ՔԿՎ պետ է նշանակվել 2009-ի փետրվարին եւ ազատվել հաջորդ տարվա մայիսի 19-ին։



-**Պարոն Գիզիրյան, պաշտոնին հրաժեշտ է տալիս կալանավայրերի վարչության հերթական պետը՝ Արթուր Օսիկյանը․ նախ կուզեի Ձեր գնահատականը լսել՝ նրա գործունեության հետ կապված**։



-Ես ոչ մի գնահատական ոչ մեկին չեմ կարող տալ, որովհետեւ համակարգում չեմ աշխատում, ինֆորմացված չեմ։



-**Այս տարիներին մամուլը բարձրաձայնել է**…



-Ես ասացի, որ չեմ հետեւել։



-**Ի՞նչ հատկանիշներ են հարկավոր անձին այս պաշտոնում հաջողության հասնելու համար՝ հաշվի առնելով, որ գործ ունենք խնդրահարույց ոլորտի հետ**։



-Ով որ նշանակվելու է, նրան էլ հարցրեք, ես կարծիք չունեմ։



-**Նկատի ունեք Ռաֆիկ Հովհաննիսյանի՞ն**։



-Այոոո… Դուք ինձ չէ, որ պիտի հարցնեք, իրեն հարցրեք, փորձառու աշխատող է, երկար տարիներ աշխատել է համակարգում։



-**Դուք էլ եք աշխատել, ընդ որում՝ պետ եք եղել**։



-Ես քիչ եմ աշխատել։



-**Իսկ ինչո՞ւ քրեակատարողական վարչության պետի պաշտոնում այդքան կարճ ժամանակ աշխատեցիք**։



-Իյաաա, այ քեզ բան, ե՞ս եմ որոշում, թե՞ Դուք։



-**Գուցե գլուխ չէի՞ք հանում, ոլո՞րտն էր խնդրահարույց, թե՞ ներսից խոչընդոտում էին**։



-Ձեր անցած տոները շնորհավոր լինեն, երեւի դադարեցնենք զրույցը։



-**Պարոն Գիզիրյան, ո՞րն է այդ ոլորտի ամենախնդրահարույց հարցը, որը որեւէ պետի չի հաջողվել լուծել**։



-Ես ասացի Ձեզ այն, ինչ որ ասացի։ Ես կարծում եմ, որ, այ, ինքը լավ կաշխատի, փորձառու աշխատող է, ամեն ինչ էլ նորմալ կլինի։



-**Ասում են, որ նախկին բոլոր պետերի պաշտոնանկության հարցում Ռաֆիկ Հովհաննիսյանը դերակատարում է ունեցել, վաղուց էր երազում պետ դառնալ ու այդ ուղղությամբ ձեռքերը ծալած չէր նստում**։



-Ոչ, ոչ, ինքը նման անձնավորություն չէ։



-**Իսկ ինչպիսի՞ անձնավորություն է**։



-Ասացի՝ փորձառու աշխատող է։



-**Ի՞նչ եք կարծում, եթե նշված անձը դառնա պետ, կկարողանա՞ դառնալ ամենաերկարակյացը, ի վերջո՝ անհիշելի ժամանակներից համակարգում է**։



-Ես ինչպե՞ս կարող եմ դա ասել։ Դա ես չեմ որոշում, ոչ էլ ինքը։ Ես նշեցի, որ ընդհանրապես չեմ հետեւել, ու ճիշտ չէ, որ հիմա ինձ եք հարցեր տալիս։ Ընդհանրապես, ես որտեղից դուրս եմ գալիս, հետո այդ համակարգով չեմ հետաքրքրվում, ոչ էլ ինֆորմացիա եմ ստանում այդտեղից։



-**Իսկ հիմա կա՞ համակարգ, որի նկատմամբ հետաքրքրություն ունեք ու կուզենայիք այդ համակարգում աշխատանքի անցնել**։



-Ոչ, չկա․ ես հիմա ավելի շատ ժողովրդով եմ հետաքրքրվում, քան աշխատողներով։



-**Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ձեզ նորից ինչ-որ պաշտոնում նշանակեն**։



-Դա ինձ չպետք է հարցնեք։ Երբ որ նման հարց կլինի, իմ կարծիքը կհայտնեմ։



-**Ֆելիքս Ցոլակյանն էլ գրեթե նույն ճանապարհն է անցել, ինչ Դուք՝ ուժային համակարգ, Շիրակի մարզպետ, հիմա խորհրդարանի պատգամավոր է։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Դուք չարժանացաք իշխանությունների բարեհաճությանը եւ արդեն 5 տարի անգործ եք, որտե՞ղ վրիպեցիք**։



-Հարցրեք այն մարդկանց, որոնք որոշում են կայացնում պաշտոնի նշանակելու։



-**Ձեր թերացումը չկա՞**։



-Չէ, լավ-լավ, երկարացնում եք արդեն, հարցեր եք տալիս, ինձ քաշում եք ինչ-որ բանի մեջ։ Ոչ, ես ոչ մի մեղք ու թերացում չեմ զգում ու չեմ մտածում այդ մասին։



-**Ամեն դեպքում, պատրա՞ստ եք նորից պաշտոն զբաղեցնել։**



-Ես պատրաստ եմ երկար ապրելու ընտանիքիս ու թոռներիս հետ։



-**Իսկ առանց պաշտոնի Ձեր կյանքն ինչպե՞ս է անցնում, ինչո՞վ եք զբաղվում**։



-Հայաստանում էնքա՜ն մարդ կա, որ պաշտոն չի զբաղեցնում, ինչո՞վ են զբաղվում։



-**Նախկին պաշտոնյաները գործազուրկի կարգավիճակը ծանր են տանում**։



-Ես ծանր չեմ տանում, ընտանիքիս անդամների հետ եմ։









**Լուսինե ԱՀՎԵՐԴՅԱՆ**