Արտագաղթը ձեռք է տալիս ՀՀԿ-ին

Արտագաղթը ձեռք է տալիս ՀՀԿ-ին

2008-18 թթ. ընթացքում պաշտոնական տվյալներով Հայաստանից հեռացել է ավելի քան 350 հազար մարդ: Այսինքն` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի քաղաքացիները զանգվածաբար լքել են երկրի սահմանները: Բնակչության արտահոսքը ցցուն կերպով հատկապես դրսևորվում է դպրոցներում: Տասը տարվա կտրվածքով աշակերտների թիվը պակասել է ավելի քան վեց տասնյակով, այն է՝ 2007/08 ուս. տարում Հայաստանի դպրոցներում սովորել է 431.280 աշակերտ, իսկ 2016/17 ուս. տարում՝ 364. 868 աշակերտ:

2006 թ. հուլիսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսպիսի մի հայտարարություն էր արել. «Մեր համբերությունը անսահման չէ, այսօր Ադրբեջանը արագ զարգացող երկիր է: Հայաստանը չի կարող մեզ հետ մրցակցել ոչ տնտեսական և քաղաքական և ոչ էլ ռազմական տեսանկյունից: Թող Հայաստանում մտածեն, թե մեկ, երեք, հինգ տարի հետո որտեղ է լինելու Հայաստանը և որտեղ` Ադրբեջանը: Հայաստանը զարգացման որևէ հեռանկար չունի, բնակչության ավելի քան կեսը լքել է երկիրը: Մեր տեղեկություններով նույնիսկ շփման գծի պահպանության համար դժվարություններ են առաջանում, քանի որ պակասում է մարդկային ռեսուրսը»: Իհարկե Ալիևի այս խոսքերի մեջ որևէ արտասովոր կամ էլ բացառիկ ձևակերպում չկա: Նա միշտ հանդես է գալիս նույն հռետորաբանությամբ՝ երբեմն մեղմ կամ էլ առավել կոշտ շեշտադրումներով: Այստեղ կարևորը տարեթիվն է: Նա այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել այն ժամանակ, երբ Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ հավասարակշռությունը դեռևս խախտված չէր հօգուտ Ադրբեջանի: Այս տեսանկյունից չենք կարող չարձանագրել, որ ժամանակին Ալիևի կողմից արված պոպուլիստական հայտարարությունը իրականում մարգարեական է եղել: Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք նշել, որ 2000-ական թթ. կեսերից Ադրբեջանը թևակոխել է զարգացման որակական բոլորովին այլ փուլ, իսկ Հայաստանը 2008-ից այս կողմ աստիճանական հետընթաց է արձանագրել: Արդյունքում խախտվել է հավասարակշռությունը, և իսկապես Ալիևի հայտարարությունից տասը տարի անց Հայաստանն ի զորու չէ մրցակցել Ադրբեջանի հետ: Եթե 2006 թ. Հայաստանը մարտական հերթապահության կազմակերպման համար մարդկային ռեսուրսների խնդիր չուներ, ապա ներկայումս հաստատապես ունի: Վերոհիշյալ խնդրի մասին իհարկե չեն խոսում, ամեն ինչ կարգին ու զիլ է, ազգ-բանակ և այսպես շարունակ: Բայց ակնբախ է, որ աշակերտների թվի նվազման դեպքում չէր կարող նաև չնվազել պարտադիր զինվորական ծառայության մեկնողների թիվը: Իսկ այս ամենը արդյունք է վերևում նշված ժողովրդագրական տեղաշարժի, որը չի դադարում:

Հնարավո՞ր է ժողովրդագրական աճ Իլհամ Ալիևի հայտարարությունից ավելի քան 10 տարի անց: Սերժ Սարգսյանը պնդում է, որ Հայաստանի բնակչությունը պետք է հասնի 4 միլիոնի: Այսինքն` նրա կարծիքով կոպիտ հաշվարկներով ավելի քան 20 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը պետք է աճի 2 միլիոնով: Հնարավո՞ր է: Մոտավորապես հենց այդքան Հայաստանի բնակչությունը աճել է երկրորդ աշխարհամարտից հետո մինչև 1990 թ.: Դա հիմնականում պայմանավորված էր խորհրդային իշխանությունների կողմից նախաձեռնած հայրենադարձությամբ, ինչպես նաև Խորհրդային Հայաստանում առկա ժողովրդագրական աճի համար նպաստավոր մի շարք պայմաններով: Այսինքն` նույնիսկ Խորհրդային Հայաստանում բնակչությունն աճել է ավելի քան 40 տարվա ընթացքում, իսկ բնակչության թվաքանակի բնական աճը զուգորդվել է ներգաղթով կամ՝ հայրենադարձությամբ: Ասվածից կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը խոսում է ժողովրդագրական բումի հեռանկարի մասին, որը անկասկած պետք է զուգորդվի հայրենադարձության նոր ալիքով: Բայց ինչպե՞ս: Ծնելիության և մահացածության ցուցանիշները, դրանց հնարավոր հեռանկարների հաշվարկները որևէ կերպ այդպիսի բում չեն կարող խոստանալ: Հայրենադարձության մասին գոնե այս փուլում խոսելը զավեշտալի է, իսկ եթե մոտ ապագայում այդպիսի միտում էլ նկատվի, ապա դա բնակչության թվաքանակի տեսանկյունից չնչին տոկոսներ պետք է կազմի: Բացի այդ Հայաստանը պատրաստ չէ ներգաղթյալներ ընդունել: Խոսքը միլիոնավոր դոլլարների մասին է, իսկ Սիրիական պատերազմից մազապուրծ եղած մարդկանց ընդունելու և տեղավորելու տխրահռչակ պրակտիկայի հիշողությունը դեռևս թարմ է: Նրանցից շատերի համար պետությունը չկարողացավ նույնիսկ պարզունակ իրավաբանական կամ էլ սոցիալական աջակցություն նախաձեռնել: Բայց ի՞նչ հայրենադարձության մասին ենք խոսում, եթե Հայաստանը օր օրի դատարկվում է: Արտագաղթի ծավալները ամեն տարի շատանում են: Տեղին է կրկնել վերևում դրված հարցադրումը. Հնարավո՞ր է, իհարկե հնարավոր չէ, ակնհայտ է, որ դա Սերժ Սարգսյանի հերթական պոպուլիստական խոստումներից է պատեհապաշտությունից դրդված: Բոլորն են հիշում Սարգսյանի խոստումները. 7 տոկոս տնտեսական աճը, Հայաստան-Իրան երկաթուղին, նոր ատոմակայանը, Ստեփանակերտի օդանավակայանից առաջին թռիչքի ուղեվոր լինելը և այսպես շարունակ, անվերջ կարելի է շարունակել:

Ժողովրդագրական աճը չի բխում ՀՀԿ-ի շահերից Ընդհանուր առմամբ պետք է փաստել, որ Հայաստանի բնակչության աճը չի բխում Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության շահերից: Վերոհիշյալ միտքը ունի իր հստակ հիմնավորումը: Գաղտնիք չէ, որ Հայաստանը ավտորիտար երկիր է: ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր ձեռքում է կենտրոնացրել իշխանության բոլոր ճյուղերը (օրենսդիր, գործադիր և դատական) և ձգտում է հասնել կատարյալ մենիշխանության: Ժողովրդագրական աճի տենդենցը որպես կանոն սպառնալիք է համանման ռեժիմների գոյության շարունակականության համար: Ընդհանրապես Ժողովրդագրությունը միջազգային հարաբերությունների անկյունաքարային հիմնասյուներից մեկն է: Արդեն վաղուց ապացուցված փաստ է, որ բնակչության թվի մեծացումը կարող է պատճառ դառնալ խոշոր ցնցումների և անցումների համար: Բնակչության թվի մեծացումը բնականաբար հանգեցնում է երիտասարդ զանգվածի թվաքանակի մեծացմանը: Երիտասարդները իրենց հետ հանրային տիրույթ են բերում ռեֆորմների կտրուկ պահանջարկ, բողոք, պայքար, անկայունություն և վերջին հաշվով` հեղափոխություն: Սա օրինաչափություն է: Պատմագիտության մեջ տեսակետ կա, որ Ռեֆորմացիան պատմության մեջ արձանագրված երիտասարդական հեղափոխության ամենավառ օրինակներից մեկն է: Ջեք Գոլդսթոնը հստակ հիմնավորել է, որ դեմոգրաֆիական աճը այն հիմնական պատճառներից մեկն էր, որի արդյունքում 17-րդ դարի կեսին և 18-րդ դարի վերջին Եվրասիան ալեկոծվեց երկու խոշոր և իրար հաջորդող հեղափոխական գործընթացներով (Տե՛ս՝ Jack A. Goldstone, Revolution and Rebellion in the Early Modern World, Berkeley: University of California Press, 1991):

Իսլամական վերածնունդը որպես համակարգային դրսևորում պատճառ էր նաև բնակչության աննախադեպ աճի: Այս դեպքում նույնպես վճռական դերը պատկանում է երիտասարդությանը: Կրթություն ստացած և հիմնականում ոչ պատշաճ աշխատանքի անցած կամ էլ գործազուրկ երիտասարդությունը մուսուլմանական երկրներում վերածվում է վտանգավոր գործոնի: Բազմաթիվ այլ պատճառների հետ միասին հենց այս հիմնապատճառի մեջ պետք է փնտրել ծայրահեղական խմբավորումների վերելքի, Արաբական գարնան և մյուս երևույթների ու գործընթացների առաջացման ակունքները:

Այսպիսի պայմաններում Սերժ Սարգսյանը ինչի՞ պետք է ցանկանա, որ Հայաստանում ժողովրդագրական աճ արձանագրվի: Չէ՞ որ անհանգիստ երիտասարդությունը կխորտակի առանց այն էլ ավազի վրա կառուցված ՀՀԿ-ի իշխանությունը: Բացի այդ գործող իշխանությունների կողմից տարվող քաղաքականության «փիլիսոփայական» ձևակերպումը տարիներ առաջ տվել է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը արտագաղթի մասին լրագրողների տված հարցին պատասխանել էր. «Մնան, որ հեղափոխություն անե՞ն»:

Մոտ ապագայում Հայաստանը ժողովրդագրական աճ չի կարող արձանագրել: Դրա մասին վկայում են մաթեմատիկական պարզ հաշվարկները: Նույնիսկ, եթե իշխանափոխություն տեղի ունենա, արտագաղթ կանգնեցնելը հեշտ գործ չէ: Նախ պետք է գտնվեն դրա մեխանիզմները, ուսումնասիրվեն պատճառները և նոր համապարփակ ծրագրի ու համապատասխան գործիքակազմի կիրառման արդյունքում նշանակալի ինչ-որ արդյունքերի հասնել: Դա երկարաժամկետ աշխատանք է ենթադրում, այլ ոչ թե Աժ բարձր ամբիոնից անպատասխանատու հայտարարություններ: Օրինակի համար նշենք, որ 17-րդ դարասկզբին Շահ Աբասի կողմից կազմակերպած բռնագաղթի արդյունքում դեպի Պարսկաստան քշվեց շուրջ 300 հազար մարդ: Սրա արդյունքում նույնիսկ 300 տարի անց Նախիջևանում հայերը այդպես էլ չկարողացան մեծամասնություն կազմել: Այսինքն՝ նույնիսկ պատմական փորձն է հուշում մարդկանց անվերադարձ հեռանալու հավանականության մասին: Վերջաբանի փոխարեն արձանագրենք, որ ներկայումս ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը կարելի է բնորոշել որպես ժողովրդագրական աղետ: Արտագաղթը ներքին արյունահոսության պես աստիճանաբար կազմաքանդում է Հայկական պետությունը, իսկ ժողովրդագրական աղետի սկզբնապատճառը խոսում է ժողովրդագրական բումի և 4 միլիոնի մասին: