Լինում է, չի լինում՝ մի անցումային փուլ է լինում

Լինում է, չի լինում՝ մի անցումային փուլ է լինում
**Նոր մեդալների ակնկալիքով**



Եթե ամառային օլիմպիական խաղերը տեղի ունենային առաջիկա կիրակի, ապա Հայաստանի հավաքականն իր հավասարը չէր ունենա վազքուղիներում: Հայ վազորդների ընտրանին կգլխավորեր, բնականաբար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որը երեկ 1in.am-ի լրագրողին շրջանցել է կարճ տարածությունում (սպրինտ)` սահմանելով ծածկած մարզադահլիճների համաշխարհային ռեկորդ: Նրա աներեւակայելի ցուցանիշը, սակայն, մեր լավը չուզող մասնագետները բացատրել են դոպինգով, որի հիմքում, իբր, անսանձ թանկացումների մասին հարցն է եղել:



«**Նաստայաշչի պալկովնիկ**»



Գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողներին հորդորել է անեկդոտ չգրել կաթողիկոսի մասին, այլապես Աստված կպատժի: Խեղճ գեներալն ի՞նչ իմանար, որ անեկդոտը հարթ տեղում չի ծնվում, ու անեկդոտի հերոսներն են անեկդոտ ծնում իրենց մասին: Ուրեմն հուսանք, որ Աստված մեզ պատժելուց առաջ գուցե մի թեթեւ նկատողություն էլ կաթողիկոսին կանի:



**Լսումների նույնիսկ անիմաստն է լավը**



«Ելք» դաշինքը հայտարարել է, որ թանկացումների մասին խորհրդարանական լսումներ կազմակերպելն անիմաստ ժամավաճառություն է: Փոխարենը, ինչպես ասել է Էդմոն Մարուքյանը, բոլորը պետք է մասնակցեն թանկացումների դեմ «Ելքի» երթին: Մեր կարծիքով, սակայն, մեկը մյուսին ոչ թե խանգարում, այլ լրացնում է: Բանն այն է, որ թե՛ լսումների եւ թե՛ երթի ժամանակ կառավարությունն է ընկնելու «քացու տակ», եւ միակ ինտրիգն այս պարագայում այն է, թե ով առաջինը կվերցնի քարը` լսումներ կազմակերպողնե՞րը, թե՞ երթի առաջնորդները:



**Խոհ` մեծաց**



Գալուստ Գրիգորիչը միտք էր անում, միտք ու չէր հասկանում, թե ինչպես Արա Բաբլոյանին հաջողվեց այդպիսի մեծ գովասանքի արժանանալ նախագահի կողմից: Շատ որ մտածեց, պատասխանը գտավ. «Հա՛ա՛ա՛, թող մի հատ Զարուհի Փոստանջյան լիներ այս խորհրդարանում, տեսնեմ Բաբլոյանն ինչ էր անելու: Ու դեռ նախագահն ասում է՝ Բաբլոյա՞նն է համբերատար…»:



**Լինում է, չի լինում**



Սերժ Սարգսյանը գլխին էր հավաքել ԱԺ ղեկավար կազմը, որպեսզի պատմեր, թե մոտ ապագայում ինչեր են լինելու Հայաստանում: Անհամբեր խորհրդարանականներն աչքները չէին կտրում նախագահի շուրթերից, որ հանկարծ բառ բաց չթողնեն, իսկ նախագահն անխռով պատմում էր.



-Կար, չկար, մի խորհրդարան կար, որ մի քանի ամսում շատ լավ աշխատեց ու վերածվեց հասարակությանը հուզող հարցերի քննարկման ամենակարեւոր հարթակի: Այդ խորհրդարանում նույնիսկ լսումներ էին կազմակերպվում, իշխանությունն ու ընդդիմությունը, թեւ թեւի տված, կանգնում էին պետության եւ մեր անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում, իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ զուսպ էին ընդդիմության բարձրացրած աղմուկին հակադարձելու գործում: Ես գոհ եմ այդ խորհրդարանի աշխատանքից, որակը բարձրացել է…



-Այո՛ո՛ո, Ազատիչ…



-Բաբլոյան, մի խանգարեք: Ձեր հարցը լուծեցինք, բայց ես դեռ ասելիք ունեմ: Եվ այսպես, մարտի սկզբին մեր հրաշալի խորհրդարանը պետք է ընտրի ՀՀ 4-րդ նախագահին…



-Ըհը, ըհը,- մեկը շշնջաց «Ծառուկյան դաշինքից»:



-Այդ մարդը…



-Ну, говори же!!!



-Այդ… մարդը… պետք է… լինի… խորհրդարանի… լայն համաձայնությունը վայելող մեկը,- շարունակեց Սերժ Սարգսյանը` ամեն բառից հետո երկու պրոբել տալով:



Խորհրդարանականներն այդտեղ իրար նայեցին, բայց ներկաների մեջ այդպիսի մարդու չտեսան, իսկ նախագահн անվրդով շարունակեց.



-Ապրիլի 9-ց հետո էլ ընտրելու ենք երկրի վարչապետի՛ի՛ի՛ն, որը…



-Լավ, էլի, պարոն նախագահ, ցավացնում եք արդեն,- հուզված խոսեց Էդուարդ Շարմազանովը:



-Շարմազանովը ճիշտ է ասում, պարոն նախագահ, դեռ երկու ամիս կա, գուցե չշտապե՞ք,- փորձեց անհարմար վիճակը շտկել Արմեն Աշոտյանը` արդեն լացակումած:



-Բայց ես ի՞նչ էի ասում, որ… ընդամենը ցանկանում էի ձեզ տեղյակ պահել, որ դա շատ կարեւոր է լինելու մեզ համար, հետեւաբար, հենց այսօրվանից գնացեք լսումներ կազմակերպեք թանկացումների մասին, տեսնեմ ինչ եմ անում…



Արդեն նախագահականի բակում, երբ հեռանում էին, Հրայր Թովմասյանն իր ոճով կատակեց Էդվարդ Շարմազանովի եւ Արմեն Աշոտյանի հետ.



-Տղերք, սաղ հեչ, բայց ձեր մուտքը շատ սինխրոն էր, կեցցեք…



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**