Վալկոն նեղվել է Վարդան Հարությունյանի դիտողությունից

Վալկոն նեղվել է Վարդան Հարությունյանի դիտողությունից
Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոն, աշխատակիցների խոսքերով, ամսվա սկզբին այնքան դրական ու տոնական է տրամադրված եղել, որ հայտարարել է, թե 13-րդ աշխատավարձ է նախատեսել:



«Հաշվապահներին հանձնարարել էին վերահաշվարկներ անել, իրենք էլ մեզ տեղեկացրին, որ աչքներդ լույս՝ 13-րդ եք ստանալու»,- ասացին երկաթուղու աշխատակիցները՝ նշելով, որ 2008-ից առայսօր, ինչ երկաթուղին 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Ռուսական երկաթուղի» ընկերությանը, 13-րդ աշխատավարձի մասին խոսք անգամ չի գնացել: Լուրը մեծ խանդավառություն է առաջացրել աշխատողների շրջանում, սակայն երեկ նրանք մեծ հիասթափություն են ապրել, երբ պետերը հորդորել են ավելորդ չոգեւորվել։ «Ասացին՝ էդքան մի ուրախացեք, Նաջարյանը փոշմանել է՝ 13-րդ չկա։ Մեզ ձե՞ռ են առնում, հեչ սիրուն կատակ չէ»,- սրտնեղած ասացին մեզ:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ **Վարդան Ալոյանից** հետաքրքրվեցինք, թե ինչու է ընկերությունը հրաժարվում 13-րդ աշխատավարձ վճարել, եթե նախապես հայտարարել է այդ մասին: «Նման բան չկա»,- միանգամից ասաց մամուլի խոսնակը: Մեր ճշգրտող հարցին, թե ի՞նչ չկա՝ աշխատավարձ տա՞լը, թե՞ չտալը, պատասխանեց. «Մենք ոչ ասել ենք՝ կտանք, ոչ էլ ասել ենք՝ չենք տա: Միտում, ցանկություն կա, որ տանք, բայց դեռ հաշվարկներ ենք անում, տարեվերջյան ամփոփումից հետո նոր կտեսնենք՝ կկարողանանք տալ, թե ոչ, բայց այս պահին հստակ չեմ կարող ասել, անգամ ժողով չենք արել»:



Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, Սերգեյ Վալկոյի տրամադրվածությունը կտրուկ փոխվել է շաբաթ օրը Ծաղկաձորում ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանի հետ հանդիպումից հետո: Հանդիպմանը մենք արդեն անդրադարձել ենք: Հիշեցնենք, որ երկաթուղու տնօրենը ՊԵԿ ղեկավարին ասել է, որ ինքը բարեգործական բավականին ծրագրեր է իրականացնում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում, բայց, միեւնույն է` հարկայինը հարկում է իրեն: Վարդան Հարությունյանն էլ ասել է, որ երբ ինքը «Հայ-Ռուսգազարդի» տնօրենն էր, ավելի մեծ բարեգործական ծրագրեր էր իրականացնում, բայց, միեւնույն է` պարտաճանաչ վճարում էր հարկերը։ «Եթե չեք ցանկանում բարեգործություն անել, մի արեք»,- կտրուկ ասել է ՊԵԿ նախագահը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վալկոն երկուշաբթի աշխատանքի է գնացել արդեն որոշում կայացրած, որ 13-րդ աշխատավարձ չի լինելու՝ հավանաբար, նեղացած ՀՀ պաշտոնյաներից եւ եզրակացրած, որ աշխատողներին հավելյալ աշխատավարձ տալը նույնպես բարեգործություն է: