Թրամփի շուրջ օղակը սեղմվեց. Ֆլինը խոստովանել է հանցանքները

Թրամփի շուրջ օղակը սեղմվեց. Ֆլինը խոստովանել է հանցանքները
Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահ ընտրվելուց ի վեր Սպիտակ տանն առնչվող breaking news հաղորդումները դարձել են առօրյա դրվածք: Նվազագույնը՝ Թրամփը մի հիմար Tweet-ով բոլորի ուշադրությունն իր վրա կսեւեռի, առավելագույնը` Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռի փորձարկումով Հեռավոր Արեւելքից մինչեւ Սպիտակ տուն ու ՄԱԿ իրարանցում կստեղծի: Սակայն Tweeter-ն ու Հյուսիսային Կորեան որքան էլ Թրամփի նախագահության առաջնագծում են, երկու այլ գործընթաց իրականում շատ ավելի ճակատագրական նշանակություն ունեն եւ անլուծելի խնդիրների առջեւ կարող են կանգնեցնել կյանքի յոթերորդ տասնամյակն ազատության մեջ բոլորած Թրամփին: Երկու գործընթացի արդյունքում էլ Թրամփը կարող է իմփիչմենթի ենթարկվել` աստղերի բարենպաստ դասավորության դեպքում: Իսկ անբարենպաստ դասավորության դեպքում կարող է ուղղակի կյանքն անազատության մեջ ավարտել:



Թրամփին սպառնացող առաջին գործընթացը, որ նրա համար կավարտվի առնվազն քաղաքական մահախոսականով, դեմոկրատների հաղթանակն է ԱՄՆ Կոնգրեսի` միջանկյալ ընտրություններում, որ կայանալու են 2018-ի աշնանը: Ոչ ոք չի կասկածում, որ դեմոկրատների` Կոնգրեսում մեծամասնություն կազմելու դեպքում,  ինչպես Huffington Post-ն էր գրել` Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար մեկ րոպեից էլ քիչ ժամանակ կպահանջվի:        



Երկրորդ սպառնալից գործընթացը «2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության» հարցով ընթացող հետաքննությունն է, որ վարում է ԿՀՎ նախկին ղեկավար Ռոբերտ Մյուլլերը: Ինչպես անցյալ շաբաթավերջի բեկումնային զարգացումներից երեւաց, Մյուլլերի հետաքննությունը Թրամփին իմփիչմենթի ենթարկելու բավարար հիմքեր է քողազերծում: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում հայտնված Դոնալդ Թրամփը, որի հոգեկան անառողջության թեման արդեն իսկ պերմանենտ քննարկումների առարկա է քաղաքական, լրատվական եւ հոգեբուժական շրջանակներում, կարող է ուղղակի 2018-ի աշնանը չհասնել, շատ ավելի վաղ իմփիչմենթի ենթարկվել, իսկ գուցե` ավագ որդու եւ փեսայի հետ արդարադատության առջեւ կանգնել:



Ուրբար օրը, դեկտեմբերի 1-ին, Թրամփի` Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը, ով 2017-ի հունվարին ստանձնել էր վերոնշյալ պաշտոնը, իսկ մեկ ամիս էլ չանցած` փետրվարին, հարկադրված հեռացել Սպիտակ տնից Ռուսաստանի հետ ունեցած գաղտնի շփումների բացահայտման արդյունքում, ահա՝ այդ Մայքլ Ֆլինը դեկտեմբերի 1-ին դատարանի դահլիճում ընդունել է, որ ստել է ԿՀՎ-ին տված ցուցմունքներում, ներառյալ Ռուսաստանի հետ ունեցած գործակցության եւ շփումների մասով:



Այդ բեկումնային խոստովանության հետեւանքների շուրջ ենթադրությունների համար պետք է կինոժապավենը փոքր-ինչ ետ պտտել: Վերհիշենք, որ Մայքլ Ֆլինի փետրվարյան հրաժարականից քիչ անց հայտնի էր դարձել, որ նա ոչ միայն Ռուսաստանի եւ Թրամփի թիմի միջեւ էր կապավորի դեր կատարել, ինչի համար Սպիտակ տնից հեռացավ, այլեւ Թուրքիայի կառավարության օրինական գործակալն էր եղել եւ միլիոնավոր դոլարների վճարներ կամ վճարի խոստումներ էր ստացել` դիցուք, Սիրիայի քրդերին չզինելու կամ Գլուլենին արտահանձնելու հարցում Թուրքիայի դիրքորոշումները Սպիտակ տանն առաջ մղելու համար, ինչը չլսված վարք էր: Հասկանալիորեն, Ֆլինը պատկան մարմիններից թաքցրել էր Թուրքիայի լոբբիստ կամ գործակալ լինելու հանգամանքը:



Սակայն էլ ավելի մեծ խնդիրն այն է, որ Ֆլինի հրաժարականից հետո Թրամփն այն ժամանակ ԿՀՎ ղեկավար Ջեյմս Քոմիին հորդորել էր Ֆլինի հանդեպ ԿՀՎ-ի բացած հետաքննությունը դադարեցնել: Ենթադրելի է` Թրամփի նման «հոգատարության» (իսկ այդ «հոգատարությունը», շատերի գնահատմամբ, ոչ այլ ինչ է, քան «միջամտություն արդարադատության իրականացմանը», ինչի համար Թրամփը կարող է պաշտոնանկ արվել) պատճառը հանգամանքն է, որ Ֆլինը տեղյակ է Թրամփին Ռուսաստանի հետ կապող գործարքներին: Քոմիի կողմից ընդառաջում չտեսնելով՝ Թրամփը մայիսին աշխատանքից ազատեց Քոմիին` առիթ տալով, որ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը Հատուկ դատախազ նշանակի՝ «2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության» ենթադրությունները հետաքննելու համար: Այդ աշխատանքը, ինչպես ասվեց,  վստահվել էր ԿՀՎ նախկին ղեկավար Ռոբերտ Մյուլերին:



Շուրջ մեկ ամիս առաջ Մյուլերն արդեն դատական կարգով մեղադրանքներ ներկայացրեց եւ կալանքի տակ վերցրեց Թրամփի ընտրարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին, նրա տեղակալին, ընտրարշավի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականին,  իսկ դեկտեմբերի 1-ին արդեն հանգուցային ֆիգուր եղող Մայքլ Ֆլինը դատարանում ընդունեց, որ հանցագործ է եւ ստել է Ռուսաստանի առնչությամբ ԿՀՎ-ին տված իր ցուցմունքներում: Ֆլինը նաեւ հայտարարել է, թե դա արել է Թրամփի թիմի թելադրանքով եւ այժմ իր գործած մեղքերը քավելու համար պատրաստ է համագործակցել Մյուլլերի կողմից իրականացվող հետաքննության հետ:



Հաջորդ օրը լրատվամիջոցներում սեփական աղբյուրներին հղունով շրջանառվեց լուրը, որ Թրամփի թիմում Ռուսաստանի հետ շփումներn ուղղորդող պաշտոնյան եղել է, ինչպեսեւ կռահելի էր, Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները: Դա ավելի քան սպասելի է եւ տրամաբանական, քանի որ Թրամփի թիմում Ֆլինից ավելի մոտ Թրամփին կանգնած են եղել միայն վերջինիս ընտանիքի անդամները:  Իսկ Թրամփի ընտանիքում ոչ ոք այնքան ակտիվ չի եղել Ռուսաստանի հետ հարաբերությունների ռակուրսով, որքան Քուշները` ՌԴ դեսպանատան միջոցով Կրեմլի հետ հաղորդակցման գաղտնի խողովակ հաստատելու առաջարկից մինչեւ համացանցային տեղեկատվության համակարգումը, որը, ինչպես այժմ պարզ է, հիմնված է եղել ռուսական աղբյուրներից ստացված տվյալների վրա:



Միով բանիվ, դեռ Մյուլլերի հետաքննության ավարտին էլ չմոտեցած, արդեն օղակը Թրամփի շուրջ փակվում է: Ներկա պահին այլեւս Ֆլինի եւ Թրամփի միջեւ մնում են միայն Թրամփի փեսան` «ամեն ինչի քարտուղար» Ջարեդ Քուշները, եւ Թրամփի ավագ որդին` Դոնալդ կրտսերը, որ ի սեր Քլինթոնին սեւացնող տեղեկություններ ստանալու, հանդիպում էր ՌԴ գործակալներին:



Հետաքրքիր է` Ֆլինն ինչեր կպատմի, եւ որքան կտեւի, մինչեւ Թրամփի ընտանիքի անդամներին հասնի մեղադրանքների, խոստովանությունների կամ ձերբակալությունների հերթը:



 



**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**