Ինչ է կատարվում բուժհիմնարկներում

Ինչ է կատարվում բուժհիմնարկներում
Խմբագրություն դիմած կինը, որն առողջական խնդիրներ ունի, չցանկացավ հայտնել իր անուն-ազգանունը, սակայն պատմեց, որ հուսահատված է այն ամենից, ինչը կատարվում է բուժհիմնարկներում: Ընդհանուր վիճակը նա հետեւյալ կերպ ներկայացրեց․ «Աստված չտա՝ բժիշկների դուռն ընկնես»:



Նույն բժիշկը, որը 1.5 տարի առաջ իրեն առաջարկել է անհապաղ վիրահատության ենթարկվել, տեղեկանալով, որ նա սոցփաթեթի շահառու է, առանց անհարմար զգալու, այս անգամ խորհուրդ չի տվել վիրահատվել՝ ասելով, որ, միեւնույն է՝ մի քանի տարի հետո նորից զգացվելու է այդ վիրահատության կարիքը: Իսկ դրանից մի քանի օր առաջ նույն պրոֆիլի մեկ այլ հիվանդանոցում բժիշկը սոցփաթեթով հիվանդին մանրամասն նկարագրել է, որ «5 հատ օպերացիա եմ անելու, ստեղդ եմ ճղելու, այնտեղից բացելու եմ, այնտեղից մտնելու եմ», մինչեւ որ հիվանդն ուղղակի վախեցել եւ փախել է բժշկի կաբինետից:



Կնոջ պատմելով՝ «Աստղիկ» ԲԿ-ում էլ, որտեղ օրերս, որպես սոցփաթեթի շահառու, անվճար մի քանի հետազոտություններ է անցել եւ հազար դրամ վճարել, բայց այնպիսի հերթեր են եղել, այնքան շատ մարդ է եղել, որ մոռացել են անել շաքարի անալիզը՝ թեպետ դրա համար փողը վերցրել են:



Մեկ այլ բուժհիմնարկում էլ ականատես է եղել, թե ինչպես են ստամոքսի հետազոտություն անցնող սոցփաթեթով շահառուներին կուլ տալու համար տալիս հաստ, փողով հիվանդներին՝ բարակ, իսկ ծանոթներին էլ՝ մանկական խողովակներ: