Երբ միավորվում են «Լիսաբոնի կազմակերպիչը»  եւ «Լիսաբոն-2-ի» պատգամախոսը

Երբ միավորվում են «Լիսաբոնի կազմակերպիչը»  եւ «Լիսաբոն-2-ի» պատգամախոսը

96-ի նախագահական ընտրություններին հաջորդած «ապստամբությունն» ունե՞ր արտաքին շահառու: Այս հարցը պատմա-քաղաքագիտական լուրջ վերլուծության կարիք ունի, եթե նկատի ունենանք, որ դեպքերից ընդամենը երկու ամիս անց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում Հայաստանը հայտնվեց մեկուսացման մեջ եւ ստիպված էր վետո կիրառել, որպեսզի չընդունվի Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավար կարգավիճակը կանխորոշող փաստաթուղթը: Անձամբ ես գրեթե լիովին համոզված եմ, որ ամեն ինչ կանխածրագրված էր, Վազգեն Մանուկյանն ուներ արտաքին աջակցություն: Հակառակ դեպքում չէր գրոհի Ազգային ժողովը՝ զանգվածային բռնություններ հրահրելու եւ իշխանություններին պատժիչ քայլերի սադրելու կանխածրագրով: Վազգեն Մանուկյանի «Վերնատուն» ակումբի անդրանիկ նիստում Դավիթ Շահնազարյանը մի կանխատեսում է արել. «Միջազգային հանրությունն Ադրբեջանի հետ մի դիրքորոշում ունի, մենք՝ այլ: Այսպես շարունակվելու դեպքում միջազգային որեւէ համաժողովում կդրվի սեղանին մի փաստաթուղթ, որը մեզ համար անընդունելի է, եւ առավելագույնը, որ կարող ենք անել, վետո դնելն է, եւ կստանանք «Լիսաբոն-2»: Սա կլինի անխոցելի փաստարկ Ադրբեջանի ձեռքին: Քիչ հավանական եմ համարում, բայց չեմ բացառում, որ առաջիկայում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Բրատիսլավայում նման փորձ արվի»:

 «Լիսաբոնի կազմակերպիչ» Վազգեն Մանուկյանի նախաձեռնած հարթակից Դավիթ Շահնազարյանի դիտարկումները չափազանց չարագուշակ են հնչում: Տպավորություն է, թե նա պարզապես «Լիսաբոն-2»-ի պատգամախոսն է եւ շատ որոշակի հուշումներ է անում: Բայց ու՞մ: Միջազգային հանրությա՞նը, ԵԱՀԿ-ի՞ն, թե՞ Ադրբեջանին: Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը երկու շաբաթից մի փոքր ավելի ժամանակ է մնացել: Անոնսավորված է այդ շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Դավիթ Շահնազարյանը որեւէ կոնֆիդենցիալ տեղեկություն ստացե՞լ է, թե ինչ քայլերի կարող է դիմել Ադրբեջանը՝ միայն ինքը կիմանա: Բայց իշխանությունների համար Վազգեն Մանուկյան- Դավիթ Շահնազարյան տանդեմը պետք է որ չափազանց զգաստացնող լինի: Ըստ էության, նախագահի պաշտոնից Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացումն սկսվել է ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովից, երբ նա վետո կիրառեց եւ հակադրվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներին: