Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո

Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո

Արարատի մարզի Լուսաշող համայնքում բնակվող Արամյանների ընտանիքը 25 տարի զուրկ է եղել ապահով տանիքից։ Երկաթյա վագոն-տնակում մեծացած Արամյանների երեխաները հասցրել են ընտանիք կազմել: Նրանց մանկության հուշերի հայրական օջախը վագոն-տնակն է, ապա՝ կիսակառույց մի շինություն, որն իրենց հայրը՝ Մանուկը, վարկով փորձել էր կառուցել, բայց չէր կարողացել: Արամյանների կյանքի հունն արդեն փոխվել է՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելուց հետո. կիսակառույցը դարձել է տուն: Մանուկի երազանքը կատարվել է: Ավագ որդու՝ Արամի մանկահասակ 3 զավակներն այլեւս ստիպված չեն լինի ապրել այն կյանքով, որը բաժին էր հասել իր երեխաներին: Ծանր հիշողությունները մնացել են անցյալում: 

25 տարի Ամանորը տան երազանքով դիմավորած Արամյանները վերջապես բնակարանամուտ են տոնել: Նրանց ուրախությունը կիսելու համար Լուսաշող են այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարները:

«Աննկարագրելի մեծ է ուրախությունս։ Մեր ընտանիքն այսուհետ կապրի արժանավայել պայմաններով ապահովված տանը։ Շատ դժվարություններ ենք հաղթահարել. ապրել ենք թե՛ վագոն-տնակում, թե՛ կիսակառույցի մեջ, բայց չենք կորցրել տուն ունենալու հավատը: Շնորհակալ ենք»,- ասել է ընտանիքի հայրը՝ Մանուկը։

«Երբ դեռ շատ փոքր էի, մտածում էի, որ երազանքը հեքիաթի նման է. այն ավելի շատ անհավանական թվացող նպատակ է: Բայց գիտեի  նաեւ, որ կյանքում միշտ պետք է երազել, քանի որ դա օգնում է ձգտել, պայքարել եւ հասնել նպատակների իրականացմանը: Այսօր էլ այդ կարծիքին եմ, սակայն անընդհատ առաջ շարժվող աշխարհում տանիքով ապահովված լինելը պետք է լինի ոչ թե անհավանական թվացող նպատակ, այլ ապրելու համար պարտադիր ու տարրական պայման: Ցավոք, լինում են դեպքեր, երբ նույն վագոն-տնակում կամ կիսակառույցում ապրում է ընտանիքի երկրորդ, երբեմն էլ երրորդ սերունդը՝ անցնելով բարդ, հուսահատեցնող ճանապարհով: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ճիշտ ծրագիր ենք իրականացնում: Յուրաքանչյուր բնակարանամուտի ժամանակ մեծ ուրախություն եմ ապրում, երբ տանտերերի աչքերում իրականացված երազանքների  լույսի շող եմ տեսնում: Դա մեր գործընկերության ամենակարեւոր գնահատականն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս ընտանիքը տարբեր տարիների ապրել է տարբեր վայրերում. վագոն-տնակ, ապա փոքր քարե սենյակ եւ կիսակառույց տուն։ Ժամանակն էր, որպեսզի իրենք էլ վայելեն սեփական հարմարավետ տուն ունենալու բերկրանքը եւ ստեղծեն նոր եւ վառ հիշողություններ իրենց արդեն կառուցված տանը։ Ուրախ եմ Արամյանների ընտանիքի համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: