Փաշինյանը լայնորեն «բացել» է օվերտոնի պատուհանը

Փաշինյանը լայնորեն «բացել» է օվերտոնի պատուհանը

Այն, որ 2018թ․ «հեղափոխության» «քայլիստների» մեջ շատ էին օտարերկրյա ուժերի, մասնավորապես՝ «Սորոսի» հիմնադրամ կոչվածի կողմից սնվող ՀԿ-ների ներկայացուցիչներն ու ղեկավարները, շարքային քաղաքացին, ով ազնիվ մղումով դուրս էր եկել մերժելու Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի համակարգը, դժվար թե նկատեր: Բայց այդ մասին, բնականաբար, լավ գիտեր գլխավոր քայլող Նիկոլ Փաշինյանը: Նա գիտեր նաեւ, որ ի երախտագիտություն այդ աջակցության, ինքը հետագայում պարտավորված է լինելու հատուցել՝ պաշտոնների ու մանդատների տեսքով: Այն, որ երկրում տեղի ունեցող «հեղափոխությունն» ազգային չէր, կարող էին նկատել միայն շատ ուշադիր ու հետեւողական մարդիկ. այդ օրերին ոչ մի հարթակում չէր հնչում ազգային երգ-երաժշտություն: Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնախմբության վերածած հասարակությունը շտապում էր Երեւան, Հանրապետության հրապարակ՝ հաղթանակը նշելու: Եվ քչերը նկատեցին, որ այստեղ ոչ մի ազգային ոգեշնչող երաժշտություն չկար, հնչում էին միայն օտարահունչ երգեր, երաժշտություն, հայկական երգերն անգամ օտարահունչ՝ ծանր ռոք ոճի մեջ էին, ինչը դուր չէր գալիս հրապարակ եկած հանրությանը, բայց ոգեւորությունն այնքան մեծ էր, որ դրան կարեւորություն չտվեցին: 
«Մեծ քայլքի» օրերին ԱԺ ամբիոնում Արարատ Միրզոյանը եւ Լենա Նազարյանը գունավոր ծուխ բաց թողեցին: Բազմագույն ծուխ արձակվեց նաեւ արդեն վարչապետ Փաշինյանի հերթական երթերից մեկի ժամանակ… Կապ ունե՞ր դա ԼԳԲՏ դրոշի գույների հետ, դժվար է ասել: Հիշեցնենք, որ նման ծիածանագույն ծուխ արձակվում է գեյ-շքերթների ժամանակ: Դեռ նոր էր իշխանությունը նստել աթոռին, երբ համացանցում տարածվեց մի լուսանկար, թե ինչպես է մի տրանսգենդեր մուտք գործել մանկապարտեզներից մեկի ննջասենյակ եւ այնտեղ լուսանկարվել երեխաների մահճակալների մոտ: Մանկապարտեզները փակ կառույցներ են, ննջասենյակ մուտք գործելու իրավունք չունեն անգամ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները, կարող են միայն տնօրենի թույլտվությամբ: Թե ինչպես էր տրանսգենդերին հաջողվել մուտք գործել այնտեղ եւ լուսանկարվել ու տարածել համացանցում, իրավապահների զբաղվելիք թեմա էր, բայց դա էլ անցավ-գնաց: Անցած տարի ամառային ճամբարներից մեկում կազմակերպված միջոցառման ժամանակ տղա երեխաներին հագցրել էին կանացի հագուստ, կանացի դիմահարդարումով ու շարժումներով տղաներին բեմ էին բարձրացրել՝ ներկայացում ցուցադրելու: Համացանցն ըմբոստացավ, իշխանավորները չքմեղացան, թե դա բեմականացված ներկայացում է՝ որեւէ վատ միտում այդտեղ չկա: 

Վարչապետ դառնալու առաջին օրերին Փաշինյանը ջերմորեն հյուրընկալեց աշխարհահռչակ երգիչ, համասեռամոլության սիմվոլ Էլթոն Ջոնին: Ապա տրանսգենդերները, թե հոմոսեքսուալները հասան Շուռնուխ, այնտեղ մեծ «շուխուռ» արեցին: Հետո արդեն Երեւանում տրանսգենդերները մտան ոստիկանության բաժանմունք, ոստիկաների ծեծեցին ու մնացին անպատիժ, այն դեպքում, երբ դատավորին փողոցում հարց ուղղած երիտասարդները ծանր մեղադրանքներով անազատության մեջ են: Իշխանափոխությունից հետո երեւանյան փողոցներում, արդեն առանց իրենց ինքնությունը թաքցնելու, ազատ շրջում են աղջկա կերպարանքով տղաներ՝ տրանսգենդերներ, որոնք գրավում են անչափահաս երեխաների ուշադրությունը, իսկ ծնողները չեն կարողանում պատասխանել նրանց հարցերին, թե «մա՛մ, սա աղջի՞կ է, թե՞ տղա»: Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, ով այն բացառիկ մարդկանցից էր, ում «քայլքի» օրերին վստահում էին բարձրախոսը, իր երկրից կոչ-հորդոր հղեց, որ նոր իշխանությունը պետք է ապահովի համասեռամոլների իրավունքների պաշտպանությունը: Հասարակությունն արագ արձագանքեց, եւ երբեմնի սիրված դերասանուհուն դաժան խոսեր ասվեցին…

Այսօր Հայաստանի սահմանները բաց են օտարազգի համասեռամոլների առաջ, ովքեր անարգել «զբոսնում են» երկրում, անգամ ՀՀ կառավարության շենքի առջեւ…
Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ԱԺ ամբիոն բարձրացավ եւ ելույթ ունեցավ տրանսգենդեր, բարձրաձայնեց իր եւ իր նմաննների իրավունքների պաշտպանության մասին: Երբ աղմուկ բարձրացավ, ԱԺ իմքայլականները մեղքը փորձեցին գցել Նաիրա Զոհրաբյանի՝ լսումների կազմակերպչի վրա: Իսկ վարչապետ Փաշինյանը սրա մեղքը բարդեց նախկին իշխանության վրա, թե նրանց օրոք են տղամարդուն «Լիլիթ» անունով անձնագիր տվել: Մինչդեռ անձնագիր տալը եւ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը տրամադրելը տարբեր բաներ են: Երբ հասարակության ադեկվատ մասը սկսեց բացահայտ դժգոհել Փաշինյանի «տրանսգենդերային» քաղաքականությունից, վարչապետը «սրտաճմլիկ» պատմություն պատմեց ֆրանսիական հյուրանոցում հանդիպած մի հայ աշխատակցի մասին, ով համասեռամոլ է եւ ճնշումներից փախել գնացել է Ֆրանսիա: «Հիմա այդ մարդկանց կախե՞նք»,- հասարակությանը հարց ուղղեց վարչապետը: 

Լարա Ահարոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է: Վարչապետը նրան ներկայացնում է որպես ընտանիքի «նամուսով» կին, չորս երեխաների մայր, տիկին Լարան ավելի անկեղծ է եւ խոստովանում է իր եւ իր համախոհների ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: Նա ՀՀ-ում համասեռամոլների իրավունքների ակտիվ պաշտպաններից է: Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր աշխատասենյակում ընդունում է հայտնի տրանսգենդեր եւ քարոզիչ Կարաբինային, սելֆի անում եւ այդ հանդիպումը որակում որպես արդյունավետ…

«Պողոսն» այնքան հիացած էր երկրում տեղի ունեցած փոփոխություններով, Սերժի «չլինելու» փաստով, որ սկզբում չէր ուզում հավատալ, որ իշխանության եկած քաղաքական ուժը օտար բարքերն աստիճանաբար մտցնում է իր տուն․ սկզբում սովորեցնում են իր աչքը, հետո՝ ականջը, կամաց-կամաց իրեն ընտելացնում են, որ ինքը հաշտվի այդ նոր ու օտար բարքերի հետ: Հետո իշխանությունն այնքան հեռու գնաց, որ «Պողոսի» վճարած հարկերից 2 մլն 700 հազար դրամ հատկացրեց կասկածելի մոտիվներով «Հուզանք ու զանգ» ներկայացումը բեմադրելու համար…
Այս ամենի ֆոնին բուհերում «Հայոց լեզու» ու «Հայ ժողովրդի պատմություն» առարկաները դառնալու են ոչ պարտադիր… Փաշինյանը նախարար Արայիկ Հարությունյանի գործողությունների պատասխանատվությունը վերցրել է իր վրա՝ ասելով, թե նա միայնակ չի իրականացնում այդ ծրագրերը, դրանք կառավարության որոշումներն են: 20 մլն դրամ հատկացվեց Մելինե-Մել Դալուզյանի սեռափոխված կյանքի մասին ֆիլմ նկարելուն, ով հայտնի է ժամանակին դոպինգային սկանդալով, որի արդյունքում հայ ծանրամարտիկները զրկվել են միջազգային արենայում հանդես գալու իրավունքից…

Իսկ երեկ վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից «լայնորեն» բացել էր օվերտոնի պատուհանը եւ այնպիսի գեղեցիկ գույներով էր հերոսացնում Մելին, նրան ներկայացնում որպես հայ ժողովրդի լինելության խորհրդանիշ, որը հալածվել է ապերախտ հայրենակիցների կողմից եւ քիչ է մնացել՝ ինքնասպանություն գործի: Հիմա էլ այս անաստված ժողովուրդը հեռվից-հեռու հալածում է ազգի համար «վաստակ» ունեցող, ազգային դրոշը մեծարած հերոսին։ 
Հայ հասարակությունը վաղուց մոռացել էր Մելինեին էլ, նրա գոյությունն էլ, մեր «թավշյաները» նրան պեղեցին-գտան ու բերեցին ազգի գլխին «հերոս» կարգելու: Մելինեն հերոս է, իսկ Վարդան Ղուկասյանը, ով քննադատել էր տրանսգենդերներին հաճոյացողներին եւ քարոզողներին, թշնամի է, որին Փաշինյանը սպառնաց ասֆալտին փռել ու պատին ծեփել: Թեեւ նրա անունը չհնչեցրեց, սակայն այդ «հաթաթան» այլ հասցեատերեր ուներ՝ «կո՛ւժ, քեզ եմ ասում, կուլա՛, դու՛ լսիր», եւ ուղղված էր բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել կառավարության գործողությունները: Իսկ սա կարող է ական լինել Փաշինյանի իշխանության տակ, որը կարող է պայթել անսպասելի, արագ… 

Բաժակը, կարծես թե, լցված է… դասադուլ են անում ուսանողները, գործադուլ՝ դասախոսները, պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այդ շարժումը, ակնհայտորեն, չի մարելու, այլ ձնագնդի նման մեծանալու է: Սա նշանակում է, որ այսօր փողոց դուրս եկած դասադուլավոր-գործադուլավորները դեղին քարտ են ցույց տալիս վարչապետին եւ զգուշացնում. «Կա՛նգ առ»: Իսկ եթե Փաշինյանը ժամանակին կանգ չառնի եւ չկասեցնի կառավարության ապազգային գործունեությունը, ապա հրաժարականի պահանջի հասցեատերը կդառնա արդեն ի՛նքը: Հայ հասարակությունը պատրաստ է ներել «թավշյա» վարչապետի ոչ թավշյա կամակորությունները, աչք փակել շատ սխալների առաջ՝ մտածելով, որ կսովորի, կփոխվի: Բայց այն, ինչը վերաբերում է ազգայինին, հայրենիքին ու դրանց անսասանությանը, պատմությունը ցույց է տվել, որ հասարակությունը ոչ ոքի չի ների։ Անգա՛մ «Պողոսը» չի ների եւ օվերտոնի լայն «բացված» պատուհանը կշրխկացնի «դուխով» վարչապետի երեսին…