Ազգանունից մի տառ հանելով՝ խուսափել է հետապնդումից

Ազգանունից մի տառ հանելով՝ խուսափել է հետապնդումից

2014 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 23։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի 5-րդ շենքի բակում, առաջին մուտքի դիմաց դիմակավորված անձինք հարձակվել էին աշխատանքից տուն վերադարձող կնոջ վրա եւ պատճառել 273 հազար դրամի գույքային վնաս։ Հաջորդ օրը հարուցվել էր քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով։ Սկսվել էր բացահայտման գործընթացը։ Դեպքից 2 տարի 4 ամիս անց՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որից հետո պարզվել էր, որ նշյալ ավազակային հարձակումը կատարել է Երեւանի բնակիչ, 1970 թվականին ծնված Սիմոն Հարությունյանը, որը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Բայց նա միայնակ չէր եղել։ Նրա հետ էր եղել նաեւ 1968 թվականին ծնված Իշխան Գրիգորյանը, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։

Առաջին հայացքից այս ավազակային հարձակումը հերթական մի հանցագործություն է, որն արտաքուստ իր մեջ որեւէ ուշագրավ կամ բացառիկ բան չի պարունակում։ Այս պատմությունը հեռարձակվել է սույն թվականի հուլիսի 7-ին, ոստիկանության «02» հաղորդաշարով, որի տեսագրությունն առկա է նաեւ police.am կայքում։ Այսպիսի տասնյակ ավազակային հարձակումներ են լինում, որոնք ոստիկանությունը հայտնաբերում է եւ ցուցադրում «02»-ով։ Պատմության վերջում ոստիկանությունը գովում է ինքն իրեն՝ հիշեցնելով․ «Ոստիկանները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, իսկ հետախուզվողին հայտնաբերելը ժամանակի հարց է»։ Այստեղ, իհարկե, ոստիկանությանը կարելի է հիշեցնել մոտ 20 տարի հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի դեպքը, որին ոստիկանությունը մինչ օրս չի կարողանում հայտնաբերել։ Կարելի է հիշել նաեւ Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի, Գեւորգ Մհերյանի կամ Վահրամ Խոռխոռունու սպանության եւ այսօրինակ շատ այլ հանցագործությունների մինչ օրս չբացահայտված լինելու հանգամանքը, բայց դրանց հիմա չենք անդրադառնա։



Այս պատմության մեջ մի նրբերանգ կա, որը եւս հանցագործության տարրեր է պարունակում եւ հատկապես ուշագրավ է դառնում Սերժ Սարգսյանի՝ վերջերս ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած ելույթի լույսի ներքո։



Մենք պարզեցինք, որ այս տարվա հունիսի 29-ին հայտնաբերված Իշխան Գրիգորյանը, որը 2014-ից ի վեր հետախուզման մեջ էր, ազգանունը փոխել է եւ ազատ շրջել քաղաքում։ Ավելի ստույգ՝ նա կրճատել է իր ազգանվան տառերից մեկը՝ Գրիգորյանից վերածվելով Գրիգոյանի։ Elections.am կայքում նրա ընտանիքի բոլոր անդամների ազգանունը Գրիգորյան է, միայն իրենն է Գրիգոյան։ Սա նշանակում է, որ Իշխան Գրիգորյանին հաջողվել է ինչ-որ ճանապարհով, իսկ թե ինչ ճանապարհով, դա թող պարզեն ոստիկանները, փոխել ազգանունն ու ծպտվել իրավապահ մարմիններից։ Փոխած ազգանունով նա կարող էր ազատ հեռանալ երկրից։



Հիմա՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին։ Նա ոստիկանության կոլեգիայի նիստում քննադատական ելույթ ունեցավ ոստիկանության աշխատաոճի, թույլ տված սխալների ու արդյունավետության վերաբերյալ՝ մատնանշելով նաեւ հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման հարցում առկա խնդիրները։ «Մեկ անգամ եւս պետք է նշեմ, որ հետախուզվող անձանց հայտնաբերումը հանցավորության դեմ պայքարում դեռ լուրջ խնդիր է մնում: Բերեմ ընդամենը մի քանի ցայտուն օրինակ: Պարզվել է, որ որոշ դեպքերում հետախուզական գործերը կազմվել են անձի նկատմամբ հետախուզում հայտարարելուց 10 կամ 12 տարի հետո: Այսինքն՝ հանցանքի մեջ մեղադրվող անձին այդքան ժամանակ ոչ մեկը չի անհանգստացրել, չի փնտրել: Կամ՝ մեղադրյալը հետախուզման մեջ գտնվելու պայմաններում կարողացել է փոխել իր անձնական տվյալները եւ ստանալ նոր անձնագիր: Սա խոսում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցության մակարդակի մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը։ ՀՀ նախագահն օրինակներ չբերեց, բայց վերը նշված պատմությունը հենց Սերժ Սարգսյանի խոսքերը կոնկրետ դեպքով հաստատող մի օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչ հեշտությամբ են Հայաստանում հանցագործները թաքնվում իրավապահներից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ