Ալիեւյան քարոզչամեքենան տեղապտույտ է տալիս

Ալիեւյան քարոզչամեքենան տեղապտույտ է տալիս

Հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության թեմայով հանդես է եկել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլ-օղլուն: Հետաքրքիր է՝ ինչու՞ ոչ թե ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը, այլ Ռուսաստանում դեսպանն է մեկնաբանում իրավիճակը: Ընդ որում, բավական հիմար ձեւով՝ ջուրը նետելով ԱԳՆ, ՊՆ եւ Իլհամ Ալիեւի աշխատակազմի բոլոր հայտարարությունները, որոնք պատասխանատվությունը բարդում են հայկական կողմի վրա: Իսկ դեսպան Բյուլբյուլ-օղլուն կարեւոր չի համարում՝ ով է առաջինը կրակել: Նրա համար դա երկրորդական-երրորդական նշանակություն ունի: Գլխավորը՝ «եթե բանակցությունները ցանկալի արդյունքի չեն բերում, ապա նման միջադեպերը դառնում են անխուսափելի եւ մի օր կարող են վերաճել լայնածավալ պատերազմի, որ աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար»:

Դեսպանի հայտարարությունը նույնպես պաշտոնական տեսակետ է, ինչ-որ մեկի, ամենայն հավանականությամբ՝ հենց Իլհամ Ալիեւի հետ համաձայնեցված: Ստացվում է, որ Բյուլբյուլ-օղլին հաստատում է, որ սահմանային լարվածությունը սադրել է ադրբեջանական կողմը: Որպես նախազգուշացում, որ եթե բանակցությունները «ցանկալի արդյունքի չբերեն»՝ ինչպես որ դա հասկանում եւ ներկայացնում է Իլհամ Ալիեւը, ապա ռեգիոնալ պատերազմն անխուսափելի է: «Մենք դա հիշեցրել ենք նաեւ 2016թ. ապրիլին»,- անթաքույց հայտարարում է Բյուլբյուլ-օղլուն, ինչից հասկացվում է, որ անցած երկու տարում ալիեւյան «ռազմական դիվանագիտությունը» ոչ մի արդյունքի չի հասել եւ ծագել է վերստին լարվածություն սադրելու անհրաժեշտություն:

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի բացահայտումներն ու՞մ են հասցեագրված՝ ահա խնդիրը: Պաշտոնական Մոսկվայի՞ն: Թուրքիայի՞ն, թե միաժամանակ երկուսի՞ն: Նա ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներին ոչ մի ուղերձ չի անում, խոսում է «ռեգիոնալ լայնածավալ պատերազմի հավանականությունից»: Այս իմաստով, երեւում է, Բաքուն կրկին փորձ է անում խնդիրները տեղափոխել ռուս-թուրքական համաձայնությունների կամ դիմակայության հարթություն: Դա Ալիեւի վերջին հույսն է: Բայց իրավիճակն այլեւս ճգնաժամային է, եւ Ալիեւը չի թաքցնում մտադրությունները: Ինչպիսի՞ն կլինի միջազգային հանրության արձագանքը: Ադրբեջանում ներքին հակասությունները մոտենում են կրիտիկական սահմանագծի: Բացառված չէ ներքին պայթյունի տարբերակը: