«Քեզ համար, Հայաստան»-ը որքանով է հարմար որպես ՀՀ օրհներգ

«Քեզ համար, Հայաստան»-ը որքանով է հարմար որպես ՀՀ օրհներգ

Հայաստանյան այցից հետո աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին, որի ընթացքում պատմել է իր՝ Հայաստան կատարած այցի, որդու մկրտության, ինչպես նաեւ այն մասին, որ «Քեզ համար, Հայաստան» («Pour toi Arménie») հանրահայտ երգը կարող է դառնալ Հայաստանի նոր օրհներգը: Ազնավուրը մասնավորապես նշել է․ «Ես կարծում եմ, որ «Pour toi Arménie» երգը, այդ մասին խոսվել է, հնարավոր է դառնա Հայաստանի օրհներգը, քանի որ ներկայիս օրհներգն առանձնապես բան չի հաղորդում: Ես դա կուզենայի»։ Նաեւ հավելել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը, եւ ոչ միայն նա, հավանություն են տվել այդ գաղափարին:



Ազնավուրի այդ հայտարարությունից հետո ՀՀ օրհներգի փոփոխության հարցը դարձյալ մտավ օրակարգ։ Ինչ խոսք, Ժորժ Կարվարենցի ու Շառլ Ազնավուրի հեղինակած «Քեզ համար, Հայաստան» երգը սիրված է համայն հայության կողմից, բայց կա մի խնդիր․ այն անմիջապես ասոցացվում է 1988-ի ավերիչ երկրաշարժի հետ։ Երգը գրվել է աղետից մի քանի օր անց, երբ ամբողջ աշխարհն օգնության ձեռք էր մեկնում Հայաստանին։ Մյուս կողմից էլ, հաշվի առնելով Ազնավուրի գործոնը եւ այն հանգամանքը, որ նախագահի մակարդակով օրհներգի փոփոխության հարցը հավանության է արժանացել, բացառված չէ, որ «Քեզ համար, Հայաստանը»-ը դառնա անկախ Հայաստանի նոր օրհներգը։



Երգահան, հեղինակ կատարող Լիլիթ Պիպոյանի կարծիքով, ոչինչ, որ «Քեզ համար, Հայաստան» երգը նվիրված է Սպիտակի երկրաշարժին, այստեղ ավելի կարեւոր են երգի բառերը՝ տեքստը․ «Եթե տեքստն ամուր է ու խրոխտ, այդ ասոցիացիաները շատ շուտ կմոռացվեն, իսկ ավելի հիմնավոր կարծիք արտահայտելու համար պետք է ուշադիր կարդալ երգի տեքստը»։



Ինչ վերաբերում է ներկայիս հիմնին ու դրանում օգտագործվող «թշվառ», «անտեր» բառերին, ապա դրանք պետք է անպայման հիմնից դուրս հանել․ «Ես դեմ եմ այդ հիմնին սկզբից ի վեր, բայց «Քեզ համար, Հայաստան»-ի դեպքում չեմ կարող հստակ պատասխանել, որովհետեւ տեքստը պետք է կարդամ։ Ամեն դեպքում, Ազնավուրի երգի մեղեդին ձոներգային է, լավն է, իր քայլքով հանդարտ է ու ավելի մեղեդային, սիրուն։ Եթե մեջը խեղճություն, այդ օգնելու պարագան չլինի, ուրեմն ավելի լավ է, քան ներկայիս հիմնը»։



Կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը շատ բարձր է գնահատում Շառլ Ազնավուրին, որովհետեւ նա այն եզակի հայերից է, որն ամբողջ աշխարհին ճանաչել տվեց հայ ազգը, բայց եթե մասնագիտորեն գնահատելու լինի երգը, ապա այն հիմնի երգ չէ, քանի որ շատ երկար է, բացի դրանից, երգի սկզբում բավականին ոչ հայկական ինտոնացիաներ կան։ «Եթե հիշում եք երգը, ապա սկզբում ոչ հայկական ինտոնացիաներ են, հետո գալիս է մի հատված, որը հայկական ինտոնացիաներ ունի, եւ դա բավականին երկար է տեւում՝ մինչեւ այդտեղ հասնելը»,- ասում է նա ու հավելում, որ ՀՀ օրհներգի հարցը կարող է միայն ժողովուրդը որոշել։



Չաուշյանը նկատում է, որ այդ նույն՝ երկար լինելու խնդիրն ուներ նաեւ Արամ Խաչատրյանի հիմնը, երկար է նաեւ «Մարսելիեզը», բայց մյուս բոլոր հիմները բավականին կարճ են․ «Դրա նպատակը հասկանալի է, որովհետեւ հիմնը պետք է կատարվի տարբեր պաշտոնական եւ նույնիսկ սպորտային հանդիպումների ժամանակ, եւ երբ դրանք երկար են տեւում, ուշադրությունն արդեն շեղվում է»։



Կոմպոզիտորն ընդգծում է․ «Քեզ համար, Հայաստան» երգն իր մեջ ունի հզոր լիցքեր, դրանում խոսք չկա․ «Դա գրվել է Լենինականի երկրաշարժի առիթով, եւ դրա իմաստն այն է, որ աշխարհը չի թողնի մենակ Հայաստանին, եւ այդ ուժեղ լիցքն իր մեջ ունի, բայց հիմնն ավելի լավատեսական պետք է լինի։ Ներկայիս հիմնը, բոլորս գիտենք՝ Առաջին հանրապետության հիմն է, եւ, ի դեպ, այդ մեղեդին հայկական չէ, այն նույնիսկ օգտագործվել է Գլազունովի «Ռայմոնդա» բալետում շատ ավելի շուտ, քան այստեղ, երբ հայերեն բառերը գրվել են։ Եթե լսեք «Ռայմոնդա» բալետի նախերգանքը, մեկը մեկին կլսեք մեր հիմնը։ Դա շատ տխուր երեւույթ է»։



Չաուշյանը կարծում է, որ այսօր Հայաստանում այնքան չլուծված հարցեր կան, որ հիմա հիմնի փոփոխությունն այդքան կարեւոր չէ․ «Երբ մեզ համար կարեւոր մի շարք հարցեր լուծվեն, իհարկե, հիմնի հերթն էլ կգա, զինանշանինը՝ նույնպես»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ