Ով ում է ոգևորում կամ ֆռռացնում

Ով ում է ոգևորում կամ ֆռռացնում
"Միասինի" երիտասարդ ճամբարականներին այցելած Սերժ Սարգսյանը, խոսելով ԼՂ կարգավորման գործընթացի մասին, ասել էր, որ եթե Ադրբեջանը չընդունի "ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների" վերջին առաջարկները, նկատի ունենալով սանկտպետերբուրգյան առաջարկը, կարող է "այլ ելքեր" փնտրելու անհրաժեշտություն առաջանալ։ "Որպես բանակցությունների արդյունք, Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի առաջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերին ներկայացվեցին վերջին առաջարկությունները: Այժմ Ադրբեջանը պետք է պատասխանի` ընդունո՞ւմ է արդյոք այդ առաջարկությունները որպես հիմք, թե՞ ոչ: Մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս շարունակելու բանակցությունները: Երբ Ադրբեջանը կասի, որ ընդունում է, այն ժամանակ կշարունակենք բանակցությունները",- հայտարարել էր նա: Սերժ Սարգսյանը նաեւ հավելել էր, որ մնացածն ադրբեջանական կողմի մեկնաբանությունն է՝ ներքին լսարանի համար, "կարող է իրենք իրենց ժողովրդին են ուզում ոգեւորել, կարող է իրենք իրենց են ուզում ոգեւորել, կարող է իրենց ցանկալին իրականության տեղ են ընդունել":



Սանկտպետերբուրգյան առաջարկների հիշատակումն ուշագրավ է: Առավել եւս, որ այդ հանդիպումից հետո ադրբեջանական կողմն արդեն իսկ փաստացի պատասխան տվել էր: Հիշեցնենք, որ հունվարի 25-ի Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո համանախագահները նոր առաջարկով էին հանդես եկել, որին Հայաստանը չէր պատասխանել, եւ պատասխանը սպասվում էր Սանկտ Պետերբուրգում: Այնտեղ, սակայն, ռուսական կողմից հնչեց նոր առաջարկ, ինչն էլ զայրացրել էր Ադրբեջանի նախագահին, որը հանդիպումից հետո հեռացել էր՝ չմասնակցելով մյուս միջոցառումներին, ու վերադառնալով Ադրբեջան՝ իրականացրել Չայլուի դեպքը:



Հանրությունը նաեւ հիշում է, որ նույն՝ սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո, հունիսի 30-ին հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ-ում համանախագահող երկրների նախագահները, շեշտելով իրենց աջակցությունը Մադրիդյան սկզբունքներին: Սանկտպետերբուրգյան առաջարկների մասին հիշատակում չեղավ: Ադրբեջանը հայտարարեց, որ իր համար ընդունելի են Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունները: Հայաստանը եւս դրական գնահատեց հայտարարությունը՝ հավաստելով, որ պատրաստ է շարունակել բանակցությունները Մադրիդյան սկզբունքների հիմքով: Նշենք, որ հիշյալ սկզբունքները ներառում են ԼՂ "գրավյալ տարածքների" վերադարձ, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ, անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում, Հայաստանը ԼՂ-ին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, փախստականների վերադարձ, խաղաղապահներ եւ այլն:



Այսինքն՝ Սանկտ Պետերբուրգից հետո նոր փուլ է եղել, եւ կողմերը հաստատել են Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցելու իրենց պատրաստակամությունը: Ինչեւէ՝ "Միասինի" ճամբարում սանկտպետերբուրգյան առաջարկի Սերժ Սարգսյանի հիշեցումն անպատասխան չմնաց: Երեկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը հիշեցրել է, որ պետերբուրգյան հանդիպմանը մասնակցել է միայն Մինսկի խմբի մեկ համանախագահող կողմ՝ Ռուսաստանը, ուստի այնտեղ հնչած առաջարկությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությունը չեն։ "Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձեւաչափը ենթադրում է երեք համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ համաձայնեցված առաջարկների ներկայացում",- ասել է Պոլուխովը։ "Իսկ Պետերբուրգում Ռուսաստանի կողմից արվել է աշխատանքային առաջարկ, որը ոչ մի կերպ չի ազդում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած Մադրիդյան նորացված սկզբունքների վրա։ Ներկայիս բանակցային գործընթացի ձեւաչափը հաստատվել է Աթենքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳՆ ղեկավարների հայտարարությունում, այնուհետեւ Կանադայում՝ "Մեծ ութնյակի" գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունում",- բացատրել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն եւս մեկ անգամ ընդգծել է, որ շարունակում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը վերոհիշյալ համատեղ հայտարարությունների հիման վրա։



Ակնհայտ է, որ դիվանագիտական խաղ է տարվում, եւ յուրաքանչյուր կողմ ցանկանում է առաջ տանել իր տեսակետը, բայց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունները լսելով, կարելի է կարծել, որ մրցավազք է գնում՝ ով ավելի ճկուն կֆռռացնի սեփական ժողովրդին: Ակնհայտ է նաեւ, որ կողմերը ընդամենը որպես գնդակ մեկը մյուսին են փոխանցում հարցը՝ առայժմ միայն ձգտելով սառեցնել խնդիրը: