Իսկ ո՞վ է մեղավոր
Տարիներ շարունակ մամուլն ահազանգում է՝ այսինչ զինակոչիկին չպետք է տանեին բանակ, այն մյուսը՝ հակառակը, ազատ թրեւ է գալիս իր բնակավայրում, չնայած ծառայության մեջ է: Գրում ենք, թե բանակում ինչ "տաքսաներ" են սահմանված տուն ուղարկելու, արձակուրդ տալու, այսինչ զորամասից մյուսը տեղափոխելու, բնակավայրին մոտիկ ծառայելու եւ ընդհանրապես՝ չծառայելու համար: Բայց մենք ասում ենք, մենք լսում: Բանակը բարեփոխումների չի տրվում, եթե անգամ խոսում են բարեփոխումների մասին, ապա դա միայն թղթի վրա է, այլ ոչ գործնականում: Արդեն երկու տասնամյակ է, բանակում նույն խնդիրներն են՝ անլուծելի, փոխանցիկ դրոշի նման այս նախարարից մյուսին անցնող: Անգամ նախարարական պահվածքն է նույնը: Երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր գերատեսչությունում ընդունել էր լրատվամիջոցների ղեկավարներին: Նման հավաք-հանդիպումներ անում էր նաեւ Վազգեն Սարգսյանը: Անշուշտ, խոսակցության "նոտաները" տարբեր էին, բայց ժամանակն էլ է տարբեր, եւ եթե 1993-97 թվերին կարելի էր հասկանալ, որ երկիրը կայացած չէ, բանակը նորաստեղծ է, եւ պատերազմը նոր է ավարտվել, ապա 2010-ին այդ նույն պատճառաբանությունները բերելն առնվազն տարօրինակ է: Այնպես որ, ոչ կոռուպցիան, ոչ անիմաստ զոհերը, ոչ դեդովշչինան ոչ մի արդարացում չունեն: Եվ պետք չէ անմեղ հրեշտակի տեսք ընդունել, թե՝ ես ինչ անեմ, երկիրն է այդպիսին, դպրոցն ու կրթությունը: Հասարակությունն է մեղավոր, ընտանիքը, որ տղաներին լավ չեն դաստիարակել: Հիմա բանակի ու պաշտպանական գերատեսչության ղեկավարներն ինչպե՞ս ուղղեն այս բոլորի սխալները եւ ինչո՞ւ պատասխան տան բոլորի փոխարեն: Բայց հարց է ծագում՝ այդ դեպքում ո՞վ է մեղավորը, ո՞վ է պատասխանատու այս վիճակի համար:
Կարծիքներ