Երբեք չմեռնես` ահա թե ինչ կասեմ քեզ

Երբեք չմեռնես` ահա թե ինչ կասեմ քեզ
Գրողի համար հաճախ գիրքը գրելուց ավելի ծանր է լինում այն ընծայագրելը։ Հովհաննես Գրիգորյանն առավելագույնս հեշտացրել է այդ խնդիրը՝ իր նոր գիրքը վերնագրելով -Երբեք չմեռնես՝ ահա թե ինչ կասեմ քեզ-։ Այս պատգամը, որ բանաստեղծություններից մեկում հայրը հղում է որդուն, բանաստեղծը փոխանցում է իր բոլոր ծանոթ-բարեկամներին, ում նվիրում է գիրքը, ինչպես նաեւ նրանց, ովքեր գիրքը ձեռք կբերեն ոչ անձամբ իրենից։



Բանաստեղծի տասներորդ գիրքը բաղկացած է հիմնականում վերջին տարիների ստեղծագործություններից։ Առաջինը՝ -Երգեր առանց երաժշտությանը-, տպագրվեց 1975 թվականին՝ շուրջ տասնհինգ տարի հրատարակչությունում մնալուց հետո։ Հովհաննես Գրիգորյանը պատկանում է 70-ականների բանաստեղծական սերնդին, որը խզեց կապը ձեւավորված հանգավոր բանաստեղծության ավանդույթի հետ, արժանանալով բուռն քննադատության։ Սակայն այսօր Հովհաննես Գրիգորյանը հավասար կարոտախտով է հիշում թե դպրոցական տարիքից ստացած իր մրցանակները, թե դրանց հաջորդած եւ ուղեկցող հալածանքը։



- Պարոն Գրիգորյան, ո՞րն էր այդ հալածանքների պատճառը, եւ արդյո՞ք ուռճացված չեն դրանց մասին պատմությունները։ Որքան հիշում եմ՝ Ձեր սերնդի բանաստեղծներն առանձնապես  չէին շոշափում քաղաքական հարցեր եւ չէին ընդդիմանում իշխող գաղափարախոսությանը։



- Խորհրդային Միությունում կար մի ուղղություն՝ սոցռեալիզմ։ Ցանկացած շեղում այդ ուղղությունից արդեն վտանգավոր էր։ Մեր սերնդի բանաստեղծները ոճական առումով շատ տարբեր էին, բայց հայացքի ուղղությունը նույնն էր։ Եվ քննադատությունն էլ էր նույն տեղից։ Այդ քննադատությունն էլ ստեղծեց մի սերունդ՝ շեշտակի տարբերվող մտածողությամբ՝ էնքան, որ նույնիսկ Սեւակը մեզ չընդունեց։ Սովորաբար իրար հետեւից եկողները մեկը մյուսին պաշտպանելով են գալիս։ Նոր գրողը կարող է ամբողջ ժառանգությունը մերժել՝ ինչ-որ մեկին ընդունելով, բայց այստեղ մեկը չկար, որին մենք բացասեինք։



- Դա չի՞ նշանակում, որ Դուք կապ չունեիք հայ գրականության հիմնական հունի հետ։



- Ոչ, կապ ունեինք շատ ավելի վաղ գրականության հետ՝ սաղմոսների հետ, գողթան երգերի հետ, Սասունցի Դավթի հետ։ Ի վերջո, հանգերով սկսում են գրել ճիզվիտների ազդեցությամբ։ Մենք մեզ հիմնավորելու համար հասնում էինք Նարեկացուն։



- Դա՞ էր այն հեղափոխությունը, որ իրականացրեց Ձեր սերունդը, եւ որի մասին այդքան լսել ենք։



- Ես -հեղափոխություն- բառը չեմ սիրում՝ արյուն-բան... Այդ հեղափոխությունը Եվրոպայում արդեն կատարվել էր։  Պարզապես մենք կարողացանք Եվրոպայի օրինակով վերադառնալ արմատներին։ Մենք գրականության պատմությունը չփոխեցինք, արագացրինք պարզապես։ Գրականության պատմությունը սովետական տարիներին շեղվել էր իր հունից, արհեստական ուղղություն էր վերցրել։ Մենք փորձեցինք հետ գնալ, հասնել մինչեւ կոտրվածքը եւ կպցնել։



- Ինչո՞ւ չեք սիրում "հեղափոխություն" բառը։



- Որովհետեւ ոչ մի հեղափոխություն լավ բանի չի հանգեցնում։ Հեղափոխությանը հաջորդում է բռնատիրությունը, սկսվում են կոտորածներ... Ես պատմություն լավ գիտեմ, եւ էս էտապներն անցած ժողովուրդների պատմությունն էլ։ Ես էվոլյուցիայի կողմնակիցն եմ։ Բայց էդ էվոլյուցիան էլ տեղի է ունենում պայքարի, ընդդիմության շնորհիվ։ Եթե ընդդիմությունը չլինի, էդ գործընթացը կարող է հարյուր տարի տեւել։ Առանց սուր ընդդիմության էվոլյուցիա չի լինի։ Ընդդիմության գոյությունը անհրաժեշտություն է։ Ես ինքս էլ ընդդիմություն եմ` ցանկացած իշխանության։ Լավ իշխանություն էլ որ գա, ես էլի ընդդիմություն եմ։



- Բայց Դուք Գրողների միության քարտուղարն եք եւ այստեղ իշխանություն եք։



- Գրողների միությունը սովետական տարիներին էր պետական կառույց եւ պետության գաղափարախոսը։ Հիմա այդ ամենը չկա։ Հիմա վեց հոգով կարող ես բլոգ ստեղծել, ու նման մի բան էլ Գրողների միությունն է։



- Բայց բլոգները քաղաքական սրված իրադրության ժամանակ պարտավորություն չեն զգում հայտարարություններով հանդես գալու եւ պետության կողքը կանգնելու։



- Գրողների միությունն իրավունք չունի հայտարարություններ անել եւ չի էլ կարող։ Դա բազմակուսակցական մարդկանց միություն է, իրար հակառակորդ կուսակցություններից անդամներ կան, եւ այստեղ չի կարող լինել համերաշխություն։ ԳՄ-ն չի կարող ունենալ միասնական կարծիք։ Կան, իհարկե, որոշ հարցեր, որոնց շուրջ եղել են քննարկումներ, եւ որոշումներ են ընդունել, ինչպես, օրինակ, հայ-թուրքական արձանագրությունների հարցը։ Ինչ վերաբերում է պետությանը, ցանկացած պարագայում ես էլ եմ պետության կողմից։ Ոչ թե պետական այրերի, այլ պետության, որովհետեւ պետությունն այն կառույցն է, որի մասին մենք երազել ենք։ Պետությունը շենքն է։ Բնակարանում ապրող մարդը կարող է շատ ազնիվ լինել եւ կարող է լինել տականք։ Դրա համար շենքը չեն քանդում։ Մեջի մարդուն են փոխում՝ իշխանավորին։



- Ինչպե՞ս։



- Ընտրությամբ։ Մենք պետք է սովորենք ընտրել։ Մենք դեռ չենք գնում իսկապես ընտրելու։ Մենք դեռ արժանի չենք ընտրությանը։



- Բայց արդյո՞ք հնարավոր է ընտրություն բռնապետական երկրում։



- Մենք դասական իմաստով, իհարկե, բռնապետություն չենք։ Որովհետեւ գոյություն ունի, օրինակ, -Հրապարակ- թերթը։ Համաշխարհային ռեեստրում մեզ բնութագրում են որպես կիսադեմոկրատական, բայց դեպի դեմոկրատիա ձգտող երկիր։ Ի վերջո, դեմոկրատիա չես կարող ունենալ՝ շրջապատված լինելով բռնատիրություններով։



- Ի՞նչ պիտի անենք, ուրեմն չպիտի՞ պայքարենք։



- Ոչ միայն պիտի պայքարենք, այլեւ մի վայրկյան չպիտի դադարեցնենք պայքարը։



- Դուք ասում եք, որ պետք է պայքարել, բայց Ձեր որոշ բանաստեղծություններում հեգնանք եմ նկատել պայքարող մարդու հանդեպ։



- Նման բան չկա։ Պարզապես ես գիտեմ, ականատես եմ եղել, որ բոլոր՝ ամենավեհ նպատակներ ունեցող շարժումներից անգամ անպակաս են նաեւ մարդիկ, ովքեր ուզում են միայն օգտվել։ Պարզապես եկավ մի սերունդ, իմ սերունդը նկատի ունեմ, որը գիտի ով է Ֆրեյդը։ Գիտի, որ մարդու մեջ քաղաքակրթությունը բարակ մի շերտ է, տակը վայրենին է, բարբարոսն է։ Կոնֆլիկտային իրադրության մեջ էդ շերտը դուրս է գալիս։ Եվ էդ սերունդը գիտի, որ գրականությամբ հնարավոր չէ մարդ փոխել։ Մեր ժամանակի գրականությունն այլեւս այդ ֆունկցիան չունի։ Գրողն այլեւս ռահվիրա չի, առաջնորդ չի։ Նրա գրականությունը բոլորվին ուրիշ նպատակներ ունի՝ հենց գրական նպատակներ։ Գրականությունը ցույց է տալիս, թե ինչի կարող է հասնել գեղարվեստական միտքը։ Ոնց որ սպորտն ասում է՝ մարդը կարող է այսքանը վազել այսքան ժամանակահատվածում։ Դա մարդու հնարավորություններն են։ Արձակը, բանաստեղծությունը ցույց են տալիս տարբերակներ՝ եթե դուք այսպես վարվեիք, այսպիսի ընթացք ու վերջ կլիներ։



- Բացի տարբերակներ առաջարկելուց այլ դեր չպիտի՞ ունենա  գրողը այդ պայքարի մեջ։



- Նրա դերակատարությունը պիտի լինի գրականությամբ, այսինքն այնտեղ, որտեղ դու ավելի ուժեղ ես։ Ես, օրինակ, լավ հռետոր չեմ, հոգնում են միտինգներում, մարդաշատ տեղերում ինձ վատ եմ զգում։ Եթե ինձ ամբիոն են տալիս, հարցազրույց են վերցնում, կարծիքս են հարցնում, ասում եմ։ Բայց որ հենց էնպես ինքս ինձ նետեմ խրամատների մեջ ու գոռգռամ, գրողի իմ տեսակին չի բռնում։ Ես ակտիվ, խրամատային մարդ չեմ։ Կան այդպիսի գրողներ. պայքարողներ... Ես կուզենայի շարժմանը մասնակցել իմ գրականությամբ, որտեղ ինձ ավելի ուժեղ ու լիարժեք եմ զգում։ Գրականությունն իր մեջ այդ ուժը ունի։ Ղարաբաղյան շարժումը սկսվեց Րաֆֆու -Խենթ--ով։ Այդ տղաները Խենթի գերեզմանին երդում էին տալիս ճակատ մեկնելուց առաջ։ Րաֆֆին ինձնից ավելի պասիվ մարդ էր։



- Բայց այսօր գրականությունը կարո՞ղ է նման դերակատարում ունենալ։



- Ոչ, դա բնորոշ է ռոմանտիզմի շրջանին, Րաֆֆին այդ շրջանի գրող է, պարզապես Սովետական Միությունը մեզ կոնսերվացրել էր, մենք կոնսերվացված էինք, մենք էդ տարիներին ռոմանտիզմի մեջ էինք։ Այսօր գրողը կարող է քաղաքականությանը մասնակցել ոչ թե գրական գործերով, այլ հրապարակախոսությամբ։ Ես ինքս միշտ հրապարակախոսությամբ անդրադարձել եմ՝ այնքան, որ մի գրքի նյութ հավաքվեց։



- Ձեր բանաստեղծությունների մեջ էլ հրապարակախոսական շերտ կա։



- Դա իմ ժամանակի շունչն է։ Իմ ժամանակի նշաններն են։  Դրանցով դու կարող ես որոշել, թե որ ժամանակաշրջանին է պատկանում ստեղծագործությունը։



- Հիշում եմ՝ պատանի ժամանակ շատ տարված էի Ձեր պոեզիայով եւ երբ առաջին անգամ տեսա Ձեզ, հիասթափվեցի. իմ սպասած պոետի փոխարեն մի մարդ էր, որ ավելի շատ նման էր գործարարի։ Ի՞նչ եք կարծում, գրողը պե՞տք է նման լինի իր գրականությանը։



- Երկու դեպքն էլ հակացուցված չեն։ Գրականության պատմությունը երկուսն էլ գիտի։ Բայց նման լինելը նույնպես ավելի շատ ռոմանտիզմի շրջանին վերաբերող բան է։ Դժվար է պատկերացնել, որ Ջոյսը կամ Էլիոթը նման լինեն իրենց հերոսներին։ 20-րդ դարը դա էլ փոխեց։



- Արդյո՞ք կարծրատիպ չէ այն, որ պոետը պետք է լինի արտիստիկ, բոհեմիկ, հախուռն եւ անպայման սեր ունենա ալկոհոլի հանդեպ։



- Խորհրդային շրջանում այդպիսի կենսակերպն արդեն ընդդիմության ձեւ էր։ Սլավիկ Չիլոյանի կերպարը ամենամեծ ընդդիմություն էր էդ ռայկոմական, նոմենկլատուրային, չափված-ձեւված բանաստեղծի կերպարին։ Այսինքն մենք մեր էդ բոհեմով, խմելով, մեր կենսակերպով ընդդիմություն էինք։ Բայց հիմա դու  ինձ հարցեր տվեցիր, որոնց պատասխանելու համար սթափ ուղեղ է պետք։ Ոչ թե ուղղորդումներ տալու համար, այլ որ ինքդ կողմնորոշվես։ Քսաներորդ դարի պոետն ավելի սթափ է, ավելի հաշվենկատ, վերլուծող։ Այդ խելառությունը էլի կա, բայց արդեն նրա բանաստեղծությունների մեջ է։



- Դուք նաեւ դասավանդում եք ԳՄ-ում գործող -Ցոլքեր- պատանեկան գրական խմբակում։ Ի՞նչ է տալիս դա Ձեզ։



- Ես տեսնում եմ, որ իմ արածը, իմ գրածը հեռանկար ունի։ Ինձնից հետո գալիս է սերունդ, այսինքն գրականությունն ապրելու է։  Անտառի ծառի օրենքն է։ Եթե նա նոր շիվեր չի տալիս, անտառը ծերանում է։ Գրականությունն անտառ է։ Ես երեսուն-քառասուն տարի է՝ աշխատում եմ ԳՄ-ում, երիտասարդության նկատմամբ երբեք նման հոգատար վերաբերմունք չի եղել։



- Հնարավո՞ր է, որ դա ավելի շատ վնաս տա, քան օգուտ։ Չէ որ զրկում եք նրանց հալածանքով կայանալու հնարավորությունից, որ Ձեր սերունդն ունեցել է։



- Դե գիտես, հացի դանակով էլ կարելի է մարդ սպանել։