Տաշած քարը գետնին չի մնա

Տաշած քարը գետնին չի մնա
Երկու նախկին պաշտոնյաներ անցել են աշխատանքի, ինչի համար նրանց կարելի է շնորհավորել: Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից, Լոռու նախկին մարզպետ, մինչեւ 1998-ին Տեր-Պետրոսյանի հրաժարականը ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վիգեն Խաչատրյանը դեռ վերջերս աշխատում էր Միկա Բաղդասարովի մոտ, նախ նրա խորհրդականն էր, ապա "Միկա" ֆուտբոլային թիմի ղեկավարը: Դրանից ավելի առաջ նա ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանի հետ էր. 2003-2007թթ. խորհրդարանում ՄԱԿ պատգամավորական խմբակցությանն օգնում էր օրենքներ գրել, սակայն երբ ՄԱԿ-ը չանցավ ներկա գումարման խորհրդարան, Վիգեն Խաչատրյանն աշխատանքի անցավ Բաղդասարովի մոտ: Գուրգեն Արսենյանը Հայաստանում "Ռոսգոսստրախի" մասնաճյուղ է բացել վերջերս, եւ, մեր տեղեկություններով, դրա տնօրեն է նշանակվել Վիգեն Խաչատրյանը: Մյուս պաշտոնյան սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանն է, որը նշանակվել է Սոցներդրումների հիմնադրամի նախագահի տեղակալ: Նախարարի պաշտոնից հեռանալուց հետո ՀՀԿ վարչության անդամ Ռ. Մարտիրոսյանը պետական պաշտոն չի զբաղեցրել, նա ծաղիկներ էր աճեցնում՝ ջերմոց ուներ իր հայրենի Արարատում  եւ զբաղվում էր սոցիոլոգիայով: