Փաստաբանը վկային ցուցումներ էր տալիս, իսկ դատավորը լռում էր

Փաստաբանը վկային ցուցումներ էր տալիս, իսկ դատավորը լռում էր
Բանաստեղծ եւ հրապարակախոս, "Հրապարակ" թերթի լրագրող  Գայանե Բաբայանի սպանության գործով  դատավարությունն անցած շաբաթ սկսվեց լարված մթնոլորտում ու ավարտվեց սկանդալով: Նիստի մասնակիցների կազմը դատարանի դահլիճում հավանաբար անսպասելի էր բոլորի, այդ թվում՝ դատավորի համար, թերեւս դա էր նյարդային ու լարված մթնոլորտի պատճառը: Այդ օրվա դատավարությանը մասնակցում էին լրագրողներ, հասարակական գործիչներ, ներկա էին "Ժառանգություն" կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:



Սկանդալային դատավարությունը մի շարք հարցականներ է առաջացրել հատկապես Գայանե Բաբայանի դստեր՝ նրա իրավահաջորդ Լիզա Դավթյանի մոտ: Վերջինս  Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողուհի է ու թեեւ իր կյանքում առաջին անգամ էր մասնակցում դատավարության, սակայն կարծում է, որ դատավոր Լեւոն Մարտիրոսյանի անաչառությունը հավատ չի ներշնչում. "Դատավորը անաչառ չէր, ինչպես տեսան բոլորը, դատը կեսից տապալվեց, դատավորն անընդհատ լռեցնում էր տուժող կողմին՝ պաշտպանելով ամբաստանյալին: Ինձ նյարդայնացրեց այն, որ երբ կեսից ընդհատվեց դատը, ամբաստանյալի փաստաբան Կարինե Ավանեսյանը, առիթից օգտվելով, որ չի նկատվի իր կեղծիքը, կեղծ վկային՝ Ղալաջյան ազգանունով մի տղայի կողքին նստեցրեց ու սկսեց ցուցումներ տալ, թե ինչպես ներկայանա ու խոսի՝ հույս ունենալով, որ դա չի նկատվի, իսկ դատավորը մեղմ նկատողություն արեց ու առաջ անցավ":



Լիզայի պնդմամբ՝ այս տղան այդ օրը Գայանե Բաբայանին վրաերթի ենթարկած Վահան Եղիազարյանի կողքին չի եղել, նա միացել է դեպքից հետո, իսկ Վահան Եղիազարյանի կողքին կին է եղել: Կեղծ վկան սկզբում պնդել է, որ ինքն է կողքին նստած եղել, սակայն որոշ հարցերից հետո իրեն մատնել է: "Նա անընդհատ քրտնում էր, չէր հիշում ինչ պետք է ասի, Ավանեսյանն էր հիշեցնում, թե ինչպես իրեն պահի:  Ասածների մեջ տրամաբանություն չկար, անընդհատ լռում էր, ասում էին՝ մեքենան ո՞նց էր գնում, չգիտեր, չգիտեր Գայանե Բաբայանը ինչ էր հագել": Դստեր պնդմամբ՝ դատելով ամբաստանյալի եւ նրա ազգականների հանգիստ պահվածքից ու բարձր տրամադրությունից, այն բանից, որ նրանք անընդհատ հայացքներ ու ժպիտներ են փոխանակել, երբեմն էլ զվարճացել ու ռեպլիկներ թողել, դատավարության ավարտը կանխորոշված է:



"Դատավորը, չգիտակցելով մեր վիշտը, մեզ այնպես էր վերաբերվում, կարծես ամբաստանյալի հարազատները մենք ենք: Անընդհատ նկատողություն էր անում, նրան նյարդայնացրեց մամուլի ներկայությունը, լրագրողներից հավատարմագիր էր պահանջում, դիտողություններ անում",-վշտացած պատմում էր զոհված լրագրողի դուստրը: Լիզայի վստահեցմամբ՝ դատարանում տեղի ունեցած խառնաշփոթը նաեւ պայմանավորված էր այդչափ լրատվամիջոցների ներկայությամբ: "Ծիծաղելին նաեւ այն էր, որ ասում էին դեպքի վայրում լրագրող ներկա չի գտնվել, եթե չի եղել, ապա ինչպե՞ս են նկարներն ու տեղեկատվությունը հայտնվել լրատվական կայքերում:



Բացի սա, առաջին վկան նշեց, որ դեպքից անմիջապես հետո, երբ որ շտապօգնությունը մեկնել է, խփված մեքենան կանգնած է եղել, սակայն կեղծ վկան ասում էր, որ հետեւից գնացել է, բայց նման բան չի եղել",-պատմում էր Լիզան՝ հույս հայտնելով, որ վերոնշյալ խեղկատակությունը չի կրկնվի հաջորդ դատական նիստին, քանի որ այդ ամենը դժվար չէ բացահայտել, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հաջորդ նիստին էլ լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է մասնակցեն դատավարությանը: