Շարմազանովի խորհուրդները Գյուլին

Շարմազանովի խորհուրդները Գյուլին




«Պարոն Գյուլին խորհուրդ կտամ՝ քիթը չխոթի ԼՂ խնդրի մեջ»,– այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Աբդուլլահ Գյուլի այն հայտարարությանը, թե ԼՂ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։



«Թուրքիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները շատ լավ սերտել են գեբելսյան դասերը. եթե ուզում ես, որ քո ստին հավատան, ավելի ահավոր սուտ հորինիր։ Բայց պարոն Գյուլը պետք է շատ լավ իմանա, որ 20–րդ դարի 30–ականների գեբելսյան պրոպագանդան չի կարող գործել 21–րդ դարում»,– ասաց պատգամավորը։



Նա նշեց, թե Թուրքիայի նախագահը լավ կաներ՝ ևս մեկ անգամ ընթերցեր ԵԱՀԿ ԱԳ նախարարների վերջին հայտարարությունը, որով ևս մեկ անգամ շեշտվում են ԼՂ խնդրի լուծման 3 հիմքերը։



Էդուարդ Շարմազանովը Թուրքիայի նախագահին խորհուրդ տվեց ԼՂ խնդրի մեջ քիթը խոթելու և դեղատոմսեր ներկայացնելու փոխարեն զբաղվել իր խնդիրներով։



Tert.am