Ռուսաստանն իր շահն ունի, մենք` մերը

Ռուսաստանն իր շահն  ունի, մենք` մերը
Նախ, ես բնական եմ համարում, որ ռազմավարական երկու երկրների նախագահները հաճախ հանդիպում են: Երկրորդ՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հարավային Կովկասում միակ օֆիցիալ ռազմաբազան տեղակայված է Հայաստանում, եւ պարզ է, որ ՌԴ նախագահի պաշտոնական այցելությանը բավական բնական պետք է նայենք: Շատ հարցեր կան, որոնք պետք է քննարկել Ռուսաստանի հետ: Առաջինը՝ ատոմակայանի կառուցման խնդիրը, որը մեզ համար շատ կարեւոր ռազմավարական նշանակության խնդիր է: Ի՞նչ պայմաններով է Ռուսաստանը կառուցում:



Ռուսաստանը միաժամանակ եւ Հայաստանին խոստում տվեց ատոմակայան կառուցելու, եւ Բելառուսին: Լուրջ խնդիրներ ծագեցին ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ, քանի որ Ռուսաստանն ուզում է ապագայում Բելառուսի ատոմակայանում արտադրվելիք էներգիայի կեսն ինքը վաճառի: Լուկաշենկոն պայքարում է, որ իր երկիրն այդ գործարքի ժամանակ տանուլ չտա: Նույնը մենք պետք է անենք: Մյուս խնդիրը կապված է այն լուրերի հետ, թե իբր Ռուսաստանը C-300 համակարգ է վաճառում Ադրբեջանին: Ինչ-որ չափով դա հերքվեց, բայց, իմ կարծիքով, դա կարեւոր խնդիր է, եւ ակնհայտ է, որ դա պետք է քննարկվի: Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե այդ տեսակի զենքն ընկնում է Ադրբեջանի ձեռքը, դա նշանակում է, որ Ադրբեջանի բանակի մակարդակն է բարձրանում, սպաների որակը, քանի որ  այդ տեխնիկայի հետ աշխատանքը բարձր որակ է պահանջում:



Նաեւ պետք է քննարկվի այն, որ Ռուսաստանի քայլերը մեր տարածաշրջանի հետ  կապված, այդ թվում նաեւ միլիտարիզացիայի տեսակետից, պետք է լինեն հավասարակշռված: Մենք ՀԱՊԿ անդամ ենք, եւ ցանկացած քայլ, որ նա անում է մեր տարածաշրջանում, պետք է մեզ հետ համաձայնեցվի եւ քննարկվի: Խոսք է գնում նաեւ ռուսական ռազմաբազայի ժամկետների երկարաձգման մասին: Այո, դա բխում է Ռուսաստանի շահերից, հիմա ես հարց եմ տալիս՝ ի՞նչ պետք է արվի, որ այդ բանակցություններում մեր շահերից բխող հարցեր լուծվեն: Ի վերջո այդ բոլոր հանդիպումները նաեւ Հայաստանի համար պետք է դրական արդյունք բերեն եւ ոչ թե միայն Ռուսաստանի համար: Այդ դեպքում մենք ռազմավարական գործընկեր չենք կոչվի, կկոչվենք ֆորպոստ:



Այս բոլոր հարցերը պետք է քննարկվեն, եւ այս պաշտոնական այցելության ժամանակ ոչ միայն Ռուսաստանը պետք է լուծի իր հարցերը, այլեւ Հայաստանը: Մենք Ադրբեջանից լսում ենք ռազմատենչ հայտարարություններ եւ պետք է Ռուսաստանից ճշտենք, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, Ռուսաստանը կաջակցի՞ մեզ, թե՞ ոչ: Նաեւ  մեծ շարք տնտեսական հարցեր կան՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ: Բոլոր հզոր ռուսական տնտեսական կազմակերպությունները՝ "Գազպրոմը", ՌԱՕ ԵԷՍ-ը, կապի ոլորտի կազմակերպություններն այստեղ գործում են, եւ իրենց էլ ձեռնտու է, որ սահմանը բացվի եւ  համագործակցությունը նաեւ այս ուղղությամբ գնա: Այցը շատ կարեւոր է, նույն ժամանակահատվածում կլինի նաեւ Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան: Ես դա պատահականություն չեմ համարում: Եվ շատ կարեւոր է, որ այս կոնտեքստում մենք դրական դիվիդենտներ ստանանք:



Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆ

քաղաքագետ