Հռչակագիր առանց հռչակի

Հռչակագիր առանց հռչակի
Երեկ Հայաստանի Հանրապետությունը նշում էր անկախության հռչակագրի 20 ամյակը: “Հայաստանի Հանրապետություն” եւ “նշել” բառերն անշուշտ այս պարագայում մի քիչ չափազանցված են, քանի որ նշողները հիմնականում քաղաքական գործիչներն ու պաշտոնյաներն էին, եւ նշելը մասնավորապես արտահայտվում էր աննպատակ կլոր սեղաններով ու անիմաստ ելույթներով: Վստահ չեմ, որ շարքային քաղաքացիների համար երեկվա օրն ինչ-որ բանով նշանավոր էր, առավել եւս՝ տոնական: Իսկ “էլիտայի” համար օրը տոնական էր նրանով, որ ճառելու, կամերաների առաջ կանգնելու եւ իրենց հերոսական անցյալը հիշելու հնարավորություն էին ստացել: Այնուամենայնիվ, ինչ-որ դահլիճներում հավաքված հասարակական-քաղաքական գործիչները՝ սպիտակ վերնաշապիկներով ու իրենց կարեւորության գիտակցումով, Հռչակագրին նվիրված սիրուն-սիրուն ճառեր էին ասում, քննարկում անկախության տարիների արժանիքներն ու թերությունները: Մի դահլիճում հավաքվել էին անկախ Հայաստանի առաջին խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի անդամները, մյուսում՝ ՀՀՇ-ն ու Կոնգրեսը, երրորդում՝ իշխանությունը: Բանակների բաժանված ու խրամատավորված քաղաքական խմբերից յուրաքանչյուրը փորձում էր ցույց տալ, որ հենց ինքն է անկախության տերը, այլ ոչ թե մյուս դահլիճում հավաքված անձանց խումբը: Եվ յուրաքանչյուրին թվում էր, թե կարողանում է համոզել հեռուստադիտող-ընթերցողին: Երեկ Անկախության հռչակագրի կապակցությամբ ուղերձ էր հղել նաեւ հանրապետության նախագահը: Մի խոսքով՝ օրն առանձնանում էր մյուս բոլոր օրերից՝ այն լի էր հիշողություններով ու սին խոսքերով: Միայն մի բան էր պակասում՝ իրական անկախության գիտակցությունը եւ անկախ երկրում ապրելու հրճվանքը, որ ոչ հասարակ ժողովրդին է հասու, ոչ էլ մեր ճառասաց էլիտային: