Մեղավորը ընտրական օրենսգիրքն է... կախե՛լ

Մեղավորը ընտրական օրենսգիրքն է... կախե՛լ
Հիշում եք, չէ՞, հայկական հայտնի մուլտֆիլմը, որտեղ Աբու-Հասանի մաշիկները մեղավոր ճանաչվեցին ու կախաղան բարձրացան: ՀՀ իշխանությունը նմանատիպ տրյուկ է մտածել ԵԽԽՎ բանաձեւերը չկատարելու, բայց միեւնույն ժամանակ ԵԽԽՎ-ում նոր իմիջով հանդես գալու համար: Այլ հարց է, թե որքանով տրյուկն արդյունավետ կլինի ու կհամոզի եվրոպացիներին: Այսպես՝ մինչ նախագահականում նորանոր քաղաքական ու տնտեսական պրոյեկտներ են գծագրվում, իշխանությունը ընտրություններին ընդառաջ աշխատում է նաեւ ԵԽԽՎ-ում նոր իմիջ ստեղծելու ուղղությամբ: Այդ պատասխանատու գործը վստահվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին:



Նոր ընտրությունների համար ՀՀ իշխանությունը փորձ է անում "մաքրել" 2008 թ. ընտրությունների հետքերը: Քանի որ անցած 2,5 տարում երկրի կառավարման եւ ժողովրդավարացման առումով էական փոփոխություններ չեն կատարվել, ուստի իշխանությունը փորձում է 2008 թ. խայտառակ ընտրությունների մեղքը բարդել անկատար ընտրական օրենսգրքի վրա: Եվրոպացիներին ցույց տալ, թե ընտրությունների ու մարտի 1-ի մեղավորը ոչ թե իշխանության ապօրինի գործողություններն էին՝ 5 հազար դրամ ընտրակաշառքը, հաստավզերն ու կեղծարարությունները, այլ դավաճան օրենսգիրքը: Ուստի հաստափոր նոր օրենսգիրք է մշակել ու, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ողջ ԱԺ անունից ներկայացրել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին: Ու չնայած ԵԽԽՎ բանաձեւերից որեւէ կետ լիարժեք չի կատարել ՀՀ իշխանությունը, վերարտադրվելու համար պատրաստ է կրկնել Աբու-Հասանի պատմությունը:



Հունիս ամսին ԵԽ Վենետիկի հանձաժողովին ԸՕ փոփոխությունների փաթեթ են ներկայացրել նաեւ "Ժառանգությունն" ու Դաշնակցությունը: ԵԽ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին ուղղված նամակում, որը ստորագրել են ԱԺ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ու ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ասվում է, որ "խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս Դաշնակցության եւ "Ժառանգության", կցանկանար ուշադրությունը հրավիրել իրենց առաջարկների վրա եւ շնորհակալ կլինի փորձագիտության եւ տեսակետների համար": Այլ խոսքերով՝ ԵԽ է ուղարկվել եւ իշխանական, եւ ընդդիմադիր տեսակետ, սակայն այն իր մեջ չի ներառում ընդդիմության հիմնական հատվածի՝ օրինակ, Հայ ազգային կոնգրեսի տեսակետը:



"Չի՞ նշանակում, որ "Ժառանգությունն" ու Դաշնակցությունը որոշակիորեն լեգիտիմացնում են իշխանության խաղը",- հարց ուղղեցինք "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին: "Ոչ, որովհետեւ ԵԽԽՎ հենց առաջին բանաձեւում՝ 1609-ում, ՀՀ-ն ստանձնել է պարտավորություն՝ բարելավելու ընտրական օրենսգիրքը: Դա չկատարված պարտավորություն է: Գործող օրենսգիրքը լուծում չի տալիս մի շարք խնդիրների",- ի պատասխան ասաց "Ժառանգության" ղեկավարը: "Այսինքն համաձա՞յն եք, որ վատ ընտրությունների պատճառը ընտրական օրենսգիրքն էր" հարցին Ստեփան Սաֆարյանն այսպես արձագանքեց. "Վատ ընտրությունների պատճառը իշխանության կեղծելու ցանկությունն է, նաեւ ընտրական օրենսգրքում առկա "պատուհանները":



Եթե մենք չենք կարող այնպես անել, որ իշխանությունը քաղաքական կամք ստանա արդար ընտրություններ անելու, գոնե պետք է այնպես անենք, որ "պատուհանները" նեղացնենք եւ թույլ չտանք, որ քաղաքական կամքի բացակայությունը մեծ ողբերգությունների բերի՝ ի դեմս կեղծված ընտրությունների":  Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ "Ժառանգությունը" պարտավոր է ԸՕ սողանցքները վերացնել. "Ինչը եւ անում ենք, առանց որեւէ մեկի խաղին տուրք տալու: Իշխանություններն արել են այն, ինչ միշտ են արել, մենք էլ պիտի անենք այն, ինչ կարողանում ենք անել": Ապա խմբակցության ղեկավարը դժգոհեց. "Փոխանակ ընդդիմությունը միասին լինի, ամենատարբեր գնահատականներն են տալիս՝ իշխանության ջրաղացին ջուր լցնել եւ այլն: Եթե էդպես է, էս երկրում ապրելն էլ է իշխանության ջրաղացին ջուր լցնել, եկեք թողնենք-գնանք":



Առաջիկայում հնարավոր է ԵԽԽՎ-ին ուղղված հայտարարությամբ հանդես գա Հայ ազգային կոնգրեսը՝ հայտարարելով, որ իրական պրոբլեմն ամենեւին էլ ԸՕ-ն չէ, այլ իշխանության պահվածքը, որը չի ցանկանում իրական բարեփոխումներ կատարել, եւ որ ՀԱԿ-ը չի մասնակցում ԸՕ շուրջ ծավալվող իրադարձություններին: "Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ավելի վաղ մենք էլ ենք առաջարկություններ ներկայացրել, որոնք, ի դեպ, չեն ընդգրկվել իշխանության ներկայացրած փաթեթի մեջ: Մենք դրանք ժամանակին ուղարկել ենք ԵԽԽՎ, սակայն մենք վստահ ենք, որ ընտրությունները Հայաստանում կեղծվում են իշխանությունների կողմից, եւ պատճառը օրենսգիրքը չէ, այլ քաղաքական կամքի խնդիր է: Թեեւ չենք ժխտում, որ օրենսդրական բաց կա եւ կարելի է փոփոխություններ անել, բայց Վենետիկի հանձնաժողովում մեր աշխատանքը կնշանակեր, որ համաձայնվում ենք իշխանությունների հետ այն հարցում, որ պրոբլեմը կապված է օրենսգրքի անկատարության հետ",- մեզ հետ զրույցում մեկնաբանեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: