Ստի վարպետները

Ստի վարպետները
Մենք այնքան ենք վարժվել ստին ու կեղծիքին, որ այլեւս չենք զարմանում, երբ որեւէ բարձրաստիճան չինովնիկ, հայտնի պատգամավոր կամ հեղինակավոր մտավորական սուտ է ասում: Հասարակական վերաբերմունքը հօգուտ ստի է, այն առօրյա երեւույթ է, որն անգամ զանցանք չի դիտվում եւ առավել եւս հանրորեն չի դատապարտվում: Ամիսներ շարունակ մենք գրում էինք, որ Հանրային հեռուստատեսությունում կոնֆլիկտային վիճակ է, որ Հ1-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը աշխատանքի չի գնում, որ հրաժարվել է ընդունել Հանրայինի տնտեսությունը, քանի որ այնտեղ լուրջ ֆինանսական պակասորդ է հայտնաբերվել: Մեզ սաստում էին, թե՝ դուք ճիշտ չեք, դուք "դեղին մամուլ" եք՝ խեղաթյուրում եք իրականությունը, անմեղ մարդկանց զրպարտում, մենք ձեզ դատի կտանք: Արմեն Ամիրյանն աշխատում է: Մեր հրապարակումները հերքելու համար Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանն ու Արմեն Ամիրյանն անգամ համատեղ մամուլի ասուլիս բեմականացրին, որի ժամանակ հանրությանը ցույց տվեցին, թե ինչ համերաշխ թիմ են իրենք, եւ ինչքան ենք սխալվում մենք: Սակայն ժողովուրդն ասում է` մախաթը պարկում չես թաքցնի. անցան ամիսներ, եւ պարզվեց, որ մենք ճիշտ էինք: Արմեն Ամիրյանը հեռացավ իր ռադիոն՝ այդպես էլ չհամաձայնելով պարտակել ուրիշի կերած ղալաթները: Եվ նրա փոխարեն նոր անձ նշանակվեց Հանրայինի տնօրենի պաշտոնում, որն էլ հավանաբար կմասնակցի տնօրենի պաշտոնի համար կայանալիք մրցույթին: Ի դեպ, մրցույթի ժամկետն էլ են խախտել՝ այն պետք է, ըստ օրենքի, կազմակերպվեր մի քանի ամիս առաջ: Բայց դե Հանրայինը տնօրինող անձանց համար օրենքը ոչ թե կատարման ենթակա պարտադիր փաստաթուղթ է, այլ շրջանցվող խոչընդոտ: Եվ այդ ամենը, արձանագրենք, հանրային փողերով՝ հարկատուներիս հաշվին: