Սամվել Սեւադա. Մենք...

Սամվել Սեւադա. Մենք...
Մտածում եմ ու չեմ գտնում պատասխանը: Կարծես անհասկացող մարդ չկա մեր երկրում: Ում հետ  խոսում ես` պրոֆեսոր է, ում խոսացնում ես` դաս տվող ու խելք սովորեցնող է: Քաղաքային ու միջքաղաքային փոխադրամիջոցներում, փողոցում, այգիներում, ռադիոյով ու հեռուստատեսությամբ բողոքում ու խոսում ենք, բայց միայն ուրիշից եւ ուրիշների մասին: Բոլորս առանձին վերցրած լավն ենք: Քիչ է ասել՝ լավ... իդեալական ենք ու կատարյալ: Ու փորձիր մեկին նկատողություն անել, որքան էլ նուրբ ու նույնիսկ ժպտալով, միեւնույն է... Քարը կվերցնի կխփի գլխիդ: Հին գյումրեցիք մի քիչ կոպիտ, բայց դիպուկ  խոսք ունեն՝ «իրավունք չունես ասես՝ պապի, ճուճդ կերեւա»... Ցուցամոլությունը ամեն ինչին գլխել է: Օտարազգի ենք ման գալիս, որ մեզ ցույց տանք:



Մեր պատմական անցյալն ու կոթողները հրամցնենք նրանց դատին ու անթաքույց հպարտությամբ հետեւենք նրանց զարմանքին: Առիթ ենք ման գալիս մեր խելքն ու մակարդակը ցույց տալու: Հիմա էլ մոդա է` ամեն քիչ թե շատ նշանակություն ունեցող բան դառնում է համընդհանուր քննարման առարկա: Արժող-չարժող սկսում է խոսել: Մնացած ամեն ինչը թողած՝ հեռուստաալիքներով թուրնիբերան ջարդում-քննարկում ենք ամառային կինոթատրոնի, լեզվի ու լեզվական խնդիրների, Աղթամարի եկեղեցու բացման արարողությանը մասնակցել-չմասնակցելու հարցերը: Կարծես չենք հասկանում, որ ի վերջո մենք չենք որոշողը: Որոշողը ոնց կորոշի` այնպես էլ կլինի: Ինչպես միշտ եղել է: Ուղղակի մենք առիթ ենք ման գալիս մեր կարեւորությունն ու մեր խոսքի արժեքը շեշտել:



Սովետական շրջանի մի անեկդոտ հիշեցի՝ նավթալինոտ, բայց միշտ այժմեական: Կայարանի մի բեռնակիր ինքնիրեն խոսելով ու փնթփնթալով քայլում է: Հարցնում են, թե ինչի՞ց է դժգոհ: Ասում է՝ այ մարդ, էս երկիր չի... Չարենցի ու Բակունցի գլուխը կերան, Սեւակին ու Մինասին ավտոյի տակ գցեցին... իմ էլ`  հեսա մեջքս ա ցավում...: Շեղվեցի... Ապրելակերպի էսթետիկայի մասին էի ուզում խոսել, մոլորվեցի ընկա Մարոյի բախչեքը: Հիշո՞ւմ եք, հետսովետական 90-ականների սկզբներին խանութ կամ որեւէ սպասարկման «օբյեկտ» էինք մտնում, ջահել ու բարետես աղջիկները արա-սրա չէին տալիս, ընդառաջ էին գալիս՝ թեկուզ կեղծ պատրաստակամ ժպիտով, թե ինչո՞վ կարող եմ օգնել... Հիմա ի՞նչ պատահեց:



Համընդհանուր դժգոհ ու անտարբեր դեմքեր, խաբեբա առեւտրականներ, կեղտի ու աղբի մեջ կորած փողոցներ: Էդ է՞լ է թուրքը անում: Ում երբ պետք է` փողոցն ու ասֆալտը քանդի, փորի, լար ու խողովակ անցկացնի  ու քանդած էլ թողնի՝ սովորական երեւույթ է: Լավ,  ասենք անօրենի ձեռքը բռնող չկա, բա խի՞ղճը, բա կեղծ ու պաթետիկ հայրենասիրությո՞ւնը... Մեծահարուստի անուղեղ, անկարգ ու լրճկված լակոտը իր սեւ ու սեւացրած ապակիներով ջիպով անպատիժ մանեւրում է քաղաքում՝ լկտի հայացքը անորոշ կետի հառած, ռաբիզն ու ռեպը քոքած:



Մտածում եմ ու չեմ հասկանում: Լավ, ինքն է անասուն, չի հասկանում, բա դրան մեքենա ու ղեկ տվո՞ղն ինչ է մտածում:  Եվ ի վերջո՝ ե՞րբ պիտի որոշում կայացնի որոշողը, որ կտրականապես ու հիմնովին արգելվի սեւ-մութ ապակիներով մեքենաների երթեւեկը հանրապետությունում: Անձամբ ես, ամեն անգամ նայելով իմ կողքով անցնող անթափանց, սեւ չարագուշակ մեքենաներին, լուռ վախ եմ ապրում: Ինձ թվում է՝ հեսա աներեւույթ անտեսանելին կկրակի իմ վրա: Մտածում եմ ու չեմ հասկանում...



Սամվել ՍԵՎԱԴԱ

գեղանկարիչ