Մեզնից անկախ ապրում ենք

Մեզնից անկախ ապրում ենք
«Ես անկախություն չեմ տեսնում: Ընդհակառակը՝ ինչքան գնում ենք, այնքան հավասարվում ենք զրոյի: Ինչ ունեինք, աստիճանաբար կորցնում ենք: Ես այսպես չէի պատկերացնում անկախությունը: Ես անկախության ջատագով էի, բայց այսպես չէի պատկերացնում: Ես անկախության մասին այլ պատկերացումներ ունեի: Հիմա ժողովուրդը անտերության է մատնված: Սա՞ է անկախությունը»:



Ահա այսպիսի պատկեր ուրվագծվեց, երբ շրջեցինք մայրաքաղաքով եւ փորձեցինք պարզել, թե ով ինչպես է պատկերացնում անկախությունը եւ Անկախության օրը իրականում տո՞ն է հայ մարդու համար: Թվում է՝ հազարամյակներով պետականությունից զրկված ժողովրդի համար սա ամենասիրված ու նվիրական տոնը պիտի լինի՝ վերջապես կայացավ հայի երազանքը՝ ունենալ ազատ եւ անկախ հայրենիք: Սակայն մեզ հանդիպած մարդկանց պատասխանները ոգեւորիչ չէին, տարբեր էին, բայց բոլորի ենթատեքստն էլ նույնն էր. նկատվում էր համընդհանուր դժգոհություն:



Հարցվածների մեծամասնության համար անկախության օրը ոչնչով չէր տարբերվում մյուս օրերից: Բոլորն էլ ապրում էին իրենց առօրյա հոգսերով: «Իմ համար սա ոչնչով չի տարբերվում, սովորական օր է: Ոչ նշում եմ, ոչ էլ որեւէ մեկին շնորհավորում»,- ասաց մի անցորդ: Իսկ մի թոշակառու այսպես արձագանքեց. «Անկախությունը տասը տոկոսի համար ա, անկախությունը իշխանությունների համար ա, մեզ ի՞նչ: Դա հասարակ մարդկանց տոնը չի: Մենք անկախ մեզնից ապրում ենք: Մեզ երեւի մի 250 տարին էլ բավական չի լինի ոտքի կանգնելու համար: Սա ինչ անկախություն: Հեսա վաղը կգան՝ տաշի-տուշի կանեն հրապարակում, իբր Հայաստանի տոնն են նշում, ու կգնան»:



Մի կին վրդովմունքով պատմում էր, որ 75-80-ական թվականներին եղել է Վարշավայում, որտեղ շատ վատ վիճակ է եղել. «Այդ տարիներին հնարավոր չէր հանգիստ անցնել: Ամեն կողմից փեշիցդ քաշում էին ու հաց ուզում: Ընդամենը 5 տարի պետք եղավ, որ Վարշավան ոտքի կանգնի, հիմա ծաղկում ու բարգավաճում է: Բա 20 տարի է անցել, ի՞նչ է կատարվում մեր մոտ»: «Կարո՞ղ է անկախություն լինել մի երկրում, որտեղ հոկտեմբերի 27 է եղել, մարտի 1»,- զայրացած պատասխանեց մի պապիկ: Հարցվածներից շատ քչերի համար «Դա շատ լավ է: Անկախության շնորհիվ մեզ ճանաչում են ամբողջ աշխարհում: Հիմա կյանքը դժվար է ու պետք չէ սպասել, որ ամեն ինչ այսպես արագ, միանգամից ու պատրաստի պետք է տրվի մեզ»:



Իսկ «նշո՞ւմ եք արդյոք անկախության օրը» հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Դե առիթ ա էլի, հավաքվում ու խմում ենք: Խմելու առիթ ա»: Մեկ ուրիշն էլ այսպես արձագանքեց. «Անկախ ենք, էլի, բա ինչ ենք, ոչինչ, որ մի կողմից ռուսն ա նեղում, մի կողմից էլ ամերիկացին: Էնքան էլ դժգոհ չեմ: Իրականում անկախության օրը  տոն ա, բայց ես աշխատում եմ: Իրիկունը հավաքվում ենք, մեր համար նշում: Իմ եղբայրը զոհվել ա էդ անկախության համար, բա չնշե՞նք»: Ինչ է պետք, որ անկախությունը իրականում տոն դառնա, որ մարդիկ դադարեն ապրել վախի մթնոլորտում, գիտակցեն, որ ապրում են մի երկրում, որը 19 տարի առաջ անկախություն է ձեռք բերել:



Հարցված քաղաքացիները այս հարցի պատասխանը տեսնում էին նրանում, որ Հայաստանում նախ պետք է վերականգնվի կարգուկանոնը, վերանա «բեսպրեդել» ասվածը. «Օրենք ու արդարություն է պետք մեզ: Վերին լծակներում նստածները մի քիչ շատ կերան, բավ է՝ կպայթեն, թող մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեն, որ գոնե զգանք, որ անկախ ենք»: Սակայն Հայաստանի քաղաքացիների համար օրենքով, արդարությամբ ապրելու հեռանկարը դեռեւս հեռվում է: «Թունելի վերջից լույսը հազիվ է երեւում»,- բնորոշեց մեկը: