Ոչ թե ջազ քլաբ տանեն, այլ Կոմիտաս լսելու

Ոչ թե ջազ քլաբ տանեն, այլ Կոմիտաս լսելու
«Երբ Ելցինը սկսեց թենիս խաղալ, բոլոր պաշտոնյաներնն էլ սկսեցին թենիս խաղալ, բայց ոչ նրա համար, որ սիրում էին այդ խաղը,- թենիսից այսպիսի անցում կատարեց ազգային մշակույթի պահպանման խնդիրներին «Կարին» ազգագրական երգի, պարի համույթի գեղարվեստական ղեկավար, մշակութաբան Գագիկ Գինոսյանն ու իր ասելիքն ավելի մանրամասնեց այսօր «Հայացք» ակումբում գտնվող քիչ լրագրողների համար ,- Մեր քաղաքական գործիչներն էլ, գործարարներն էլ հետաքրքրություն կցուցաբերեն ազգային մշակույթի հանդեպ այն ժամանակ, երբ նախկին ՀՀ նախագահն ու ներկայիս ՀՀ վարչապետը պաշտոնատար հյուրերին տանեն ոչ թե ջազ քլաբ, այլ Կոմիտաս կամ Արամ Խաչատրյան լսելու»:



Գագիկ Գինոսյանը նախ մատնանշեց ասուլիսին հեռուստաընկերությունների բացակայությունը, որն էլ, ըստ նրա, վկայում է, թե ինչքանով է այսօր ազգային մշակույթը հետաքրքրում մարդկանց, ապա հիշեց վեց օր առաջ անկախության տոնին նվիրված համերգը. «10 տարի է արդեն ասվում է` չի կարելի պարել ու հեյ, հեյ գոռալ մի երգի տակ, որը գուսան Շահենը նվիրել է Պարույր Սևակի հիշատակին, դա էլ քիչ է, երգողը իր կողմից այդ երգը նվիրում է հիվանդ և հաշմանդամ երեխաներին»,- նշեց պրն. Գինոսյանն ու ավելացրեց, որ այդքանով հանդերձ այսօր թուրք ելևեջումներով երգեր կատարողները վաստակավորի կոչումներ են ստանում, իսկ օրինակ միջնադարյան շարականներ վերականգնած Դանիել Երաժիշտը կոչում չունի:



Շարունակելով կոչումների, մրցանակների թեման` «Արատտա» հայ խոսք ու երգի խմբի ղեկավար, երգահան Արսեն Համբարյանն էլ ասաց, թե իրենց ասածը այն չէ, որ իրենց անդրադառնան. «Մեր մրցանակն այն կլինի, որ մեր ազգային երգն ու պարը պրոպագանդվի: Երեկ Կոմիտասի ծննդյան օրն էր, բայց ոչ մի հեռուստաալիքով նրա մասին պատմող ոչ մի բան չտեսա, ու դա այն ժամանակ, երբ երկրում տասնյակ կոմիտասագետներ կան»:



Գագիկ Գինոսյանը ցանկություն հայտնեց, որ մյուս անգամ ասուլիսին հրավիրեն նաև ընդիմադիր կողմին. «Ինչպիսիք են օրինակ Միշոն, Պիշոն, Բգոն, Սքոն, ովքեր ասում են, որ Կոմիտասը իրենց համար ռամկեքա դնում: Ու, ցավոք, այսօր Կոմիտաս ցուցադրում են միայն պետական այրերի մահվան օրոք»:



Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, բանաստեղծ Արևշատ Ավագյանի կարծիքով էլ ազգային արժեքների պահպանման գործում պետական հոգածության կարիք կա, իսկ այն, ինչ անում է հեռուստատեսությունը սրբապղծություն է ազգային մշակույթի համար. «Բանաստեղծությունն ընդհարապես օտարված է հեռուստատեսությունից: Աղավաղված է եթերով հնչող խոսքի շեշտադրությունը, եթեր են գնում սերիալներ, որտեղ անընդհատ կռիվներ են, վեճեր, արդյունքում ծնվում են նաև հակահերոսներ»:



Հակաազգային արվեստի պայքարի ձևերից մեկն էլ, ըստ Արսեն Համբարյանի, այն է, որ միջոցներ ունեցող մարդկանց շահագրգռեն, որպեսզի ֆինանսավորեն ճիշտ արվեստը, որի արդյունքում հենց իրենք էլ կշահեն, իսկ հարցին, թե ինչու չի դիմում Մշակույթի նախարարություն, նա պատասխանեց . «Երբ մի առաջարկություն ես ներկայացնում նախարարություն, ասում են վերևից ցուցակ ունեն, տեղերը լրացված են, ու չգիտես, թե այդ ցուցակը ինչքան վերևից է գալիս»:



Ասուլիսն այդպես էլ կշարունակվեր, եթե մեկը մյուսի հետևից ներս չմտնեին տարբեր հեռուստաընկերությունների նկարահանող խմբերը ու առաջացրած աղմուկով չընդհատեին ու այդպիսով նաև չվիրավորեին ազգային մշակույթի շուրջ մտորող բանախոսներին, ինչը հատկապես զայրացրեց Գագիկ Գինոսյանին, ով հեռուստաընկերությունների տերերին անվանեց ողորմելիներ, ովքեր անտեսում են ազգային մշակույթի հարցերը: