Անիծվի այն օրը, երբ ոտք դրինք Հայաստան

Անիծվի այն օրը, երբ ոտք դրինք Հայաստան
Երեւանի նախկին «Նաիրի» հյուրանոցում բնակվողները, որոնք հիմնականում Բաքվից գաղթած փախստականներ են, անորոշ վիճակում են հայտնվել: Պարզվում է՝ «Նաիրի» հյուրանոցի մի մասը, որտեղ բնակվում են փախստականները, վաճառել են եւ ծրագրված է այդ հատվածում նոր, 3 աստղանի հյուրանոց կառուցել: Եվ հիմա հյուրանոցի տնօրենը՝ Հովհաննես Սիմոնյանը, փախստականներից պահանջում է տեղափոխվել շենքի մյուս հատվածը՝ աջ թեւը:



Սակայն փախստականների փոխանցմամբ՝ հյուրանոցի այդ հատվածը անմխիթար, վթարային վիճակում է, պատերը գրեթե շարժվում են եւ այդ մասի սենյակներում բնակվել հնարավոր չէ: «Նրանց նպատակն է փախստականներին հանեն այստեղից, գցեն փողոց, իսկ իրենք հյուրանոց կառուցեն ու գումար աշխատեն: Եթե հյուրանոց են ուզում կառուցել, թող հենց այդ երկրորդ հատվածը գնեին եւ միանգամից վերանորոգեին, ինչո՞ւ են ուզում մեր ձեռքից խլել մեր միջոցներով արդեն վերանորոգած սենյակները»,- լացակումած բողոքում էր արդեն 13 տարի հյուրանոցում բնակվող փախստական Ռաիսա Խաչատուրովան:



Սակայն հյուրանոցի տնօրենը վստահեցնում է, որ շենքի աջ մասը բնավ էլ վթարային չէ. «Չի կարող շենքի մի հատվածը վթարային լինել, մյուսը՝ ոչ»: Մինչդեռ բնակիչները բոլորովին այլ բան էին ասում: Հյուրանոցի վաճառված հատվածի բնակիչներին մինչեւ դեկտեմբերի 1-ը ժամանակ են տվել տեղափոխվելու համար, սակայն նրանք ասում էին, որ իրենց սենյակներից դուրս կգան միայն մի պայմանով՝ երբ իրենց ապահովեն բնակարաններով: «Մենք դուրս կգանք այն ժամանակ, երբ մեզ տուն կտան: Մենք մեր իրերը կհանենք սենյակից միայն նոր բնակարան տեղափոխելու դեպքում:



Թող գա այն մարդը, ով գնել է այս շենքը, ու մենք կխոսենք նրա հետ: Մենք էլ չենք ուզում Սիմոնյանի հետ մի հարկի տակ ապրել: Կուշտ ենք նրանից արդեն»,- ասում էին փախստական կանայք: Պարզվում է՝ «Նաիրի» հյուրանոցը պատկանում է Հայաստանի Տուրիզմի զարգացման հիմնադրամին, հյուրանոցի սեփականատերը հիմնադրամն է, որի տնօրենը հենց Հովհաննես Սիմոնյանն է: Նրանից հետաքրքրվեցինք, թե ով է գնել հյուրանոցի մի հատվածը, սակայն տնօրենը պնդեց, թե չգիտի: Այն, որ Սիմոնյանը չուզեց հայտնել գնորդի անունը, պարզից էլ պարզ է, թե չէ մի տեսակ զավեշտ է ստացվում. տնօրենը վաճառում է իր շենքը, բայց չգիտի ում:



Սիմոնյանը ոչ մի վատ բան չի տեսնում շենքի մի մասը վաճառելու եւ տեղում նոր՝ 2-3 աստղանի հյուրանոց կառուցելու մեջ. «Ինչ է, վա՞տ է, որ նոր 2-3 աստղանի հյուրանոց է կառուցվում, այնպիսին, ինչպիսին դեռ չկա Հայաստանում: Մարդիկ գալիս են, գնում են, տուն են վարձում: Թող գան հյուրանոցում մնան: Ամեն ինչ օրենքի սահմանում է»: Մեր հարցին, թե ինչ կանեն, եթե բնակիչները դուրս չգան իրենց սենյակներից, Սիմոնյանը պատասխանեց. «Արդեն ժամկետ է դրված, եթե չտեղափոխվեն, գնորդը կսկսի վերանորոգման աշխատանքները, եւ նրանք, բնականաբար, կջրազրկվեն, էլեկտրաէներգիա չեն ունենա: Նրանք ուզեն-չուզեն՝ պետք է հեռանան»:



Սիմոնյանը հավաստիացրեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ շենքի վաճառքից գոյացած գումարի որոշ մասը կտրամադրվի չվաճառված մասի վերանորոգման համար: Հակառակ Սիմոնյանի բոլոր պնդումներին, որ փախստականները շատ լավ են ապրում, հարմարավետ սենյակներ ունեն, որոնց դիմաց չեն վճարում, վճարում են միայն կոմունալ ծախսերը, մեզ հետ զրուցած կանայք բոլորովին այլ բան էին ասում: Նախ բողոքում էին տնօրենի կամայականություններից: Ասում էին, որ սենյակները շատ փոքր են, շարժվելու տեղ չկա, իսկ ամենասարսափելին այն է, որ զուգարանակոնքի կափարիչը որոշ դեպքերում ծառայում է որպես սեղան:



«Մենք չենք կարող այս պայմաններում ապրել: Մեզ մարդու տեղ չեն դնում, ինչ անենք, որ փախստական ենք: Էս հարկի տակ, էս տնօրինության հետ էլ հնարավոր չի ապրել: Անիծվի այն օրը, երբ եկանք Հայաստան: Էլ ուժ չկա դիմանալու»,-ասում էին նրանք: Չնայած  յուրաքանչյուր անձի համար ամսական սահմանված է վճարել հազար դրամ, սակայն Սիմոնյանը փախստականներից վերցնում է այնքան գումար, ինչքան իրեն է հարմար: Նույնիսկ երբ հյուր է գալիս փախստականների մոտ, մի գիշերվա համար նրանք պարտավոր են տնօրինությանը վճարել 800 դրամ:



Փախստականները սեփական միջոցներով իրենց սենյակներում հեռախոսագիծ են անցկացրել, իսկ տնօրենը բնակիչներից պահանջել է սկզբում վճարել 3 հազար 500 դրամ, ապա մի քանի տարի անց բարձրացրել է գումարի չափը՝ 5 հազար 300 դրամ՝ պատճառաբանելով, թե շենքն իրենն է, պետք է վճարեն: Բնակիչներից շորթած գումարների առնչությամբ Սիմոնյանը լղոզված պատասխան տվեց, թե իբր «ԱրմենՏելն» է հեռախոսը 5 հազարով տրամադրել, եւ այլն, եւ այլն: Փախստականները պնդում էին, որ Սիմոնյանին հովանավորողը Հայաստանի միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն է, որը նրա խնամին է, միասին յուրացնում են այն բոլոր գումարները, որոնք գալիս են դրսից՝ փախստականների համար: