Գրականությունը կույր աղիք դարձավ

Գրականությունը կույր աղիք դարձավ
Հովհաննես Թեքգյոզյանն աշխատում է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասան եւ թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական։ Չնայած կրթությամբ օպերային թատրոնի բեմադրիչ է եւ անմնացորդ կապված է թատրոնի օրգանիզմին՝ Հովհաննեսն առաջին հերթին գրող է՝ երեք գրքի հեղինակ, որոնցից երկուսը պատմվածքների ժողովածուներ են, մեկը՝ թատրոնի մասին էսսեների։ Նա ունի նաեւ մի անտիպ վեպ, որը  որոշել է չտպագրել, եւ ցանկացողները կարող են այն ընթերցել միայն իր պաշտոնական կայքում` www.tekgezyan.am։ Հովիկը երեսունվեց տարեկան է, եւ իր իսկ խոսքերով՝ այս տարին բախտորոշ եղավ իր համար՝ գեղարվեստական արձակը թողնելու որոշումով։ Թե ինչու Հովիկը հանգեց նման որոշման, փորձել եմ պարզել հարցազրույցի ընթացքում։



-Նախ սկսենք վեպը չտպագրելու տարօրինակ որոշումից։ Մարդիկ մի քանի պատմվածք են ունենում եւ հրապարակում են գրքով, դու մի ամբողջական վեպ ունես ու կտրականապես հրաժարվում ես գիրք տպել։ Ինչպե՞ս հասկանանք։



-Եթե խոսքը վիրտուալ կինովիպակ «Փախչող քաղաքի» մասին է, ապա տվյալ ստեղծագործության ժանրն արդեն իսկ խոսում է գիրք չդառնալու իր հավակնության մասին: «Փախչող քաղաքի» տարածքը համացանցն է, իր չվերահսկվող անսահմանությամբ եւ չսահմանված վերահսկողությամբ:



-Մի քիչ բացիր փակագծերը։



-Համացանցը մարդուն ինքնուս լինելու եւս մեկ հնարավորություն տվեց: Շարժումը գործողություն է դառնում, երբ արդարացվում է: Պրոցեսը արվեստի տարրեր է ստանում նյութի արժեւորման դեպքում: Կինոն դարձավ կինո, երբ սովորական շարժմանն ավելացավ ստեղծագործողի իրականությունը: Համացանցը մարդուն հնարավորություն տվեց իր շարժումը «ցուցադրել»... Այսինքն մի անսահման օվկիանոս հեղեղել արժեւորում չունեցող նյութերով: Ինձ դուր է գալիս, որ իմ վիրտուալ կինովիպակը լողում է այդ օվկիանոսում ու համաշխարհային հնչեղություն չի ստանում։ Ինչպես մեր գրեթե աշխարհահռչակ արվեստագետների գործերը։



-Ինչո՞ւ որոշեցիր թողնել գեղարվեստական արձակը, եւ արդյո՞ք դա նշանակում է, որ այսուհետ Հովհաննես Թեքգյոզյանը չի գրելու։



-Պատճառները բազմազան են: Հասարակության մեջ առկա ջրբաժանը հանգեցրեց նրան, որ գրողները, հասարակական սելավի զոհերը դառնալով, կորցրեցին գրականության արմատները: Գրականությունն ասես մեր հասարակության կույր աղիքը դարձավ՝ անպիտան, պորտաբույծ մի բան։ Ես հասկացա, որ եթե շարունակեմ գեղարվեստական արձակով զբաղվել, կվարկաբեկեմ գրականություն կոչվածը: Ցանկացած արվեստագետի կյանքում գալիս է այս պահը, որը հիանալիորեն արտացոլում է տվյալ մարդու արվեստի ընկալումները: Արդյոք սեփական ա՞նձն է կարեւոր, թե՞ արվեստն առհասարակ: Բայց դա չի նշանակում, որ դադարելու եմ գրել: Այժմ զբաղվում եմ կինոդրամատուրգիայով: Զրոյից սովորում եմ գրել: Ի դեպ, բոլոր արվեստագետներին խորհուրդ եմ տալիս ժամանակ առ ժամանակ այցելել «Գումի» շուկայի մոտ տեղակայված կիսանկուղային կամ ընդհատակյա սրճարանները:



-Ի՞նչ կա այնտեղ։ Միթե մուսաներն արդեն այնտեղ են սրճում։



-Չէ, այնտեղ մարդիկ օղին խմում, աղով «զակուսկա» են անում ու լիովին անտեղյակ են հայ արվեստի նվաճումները ներկայացնող հաստափոր ու հաստաքամակ «գրքերից»: Մի տասը րոպե նման միջավայրում լինելուց հետո շատերի բառապաշարից կվերանան դարակազմիկ, հանճարեղ, բացառիկ, տաղանդավոր, հղացքային, առանցքային եւ նմանատիպ սովետա-գրողա-միությունական բառերը։



-Նման մարդկանց հետ հանդիպումը կարող է գրողին ստիպել այլեւս չգրե՞լ, թե՞ հակառակը՝ կարող է նրան ստեղծագործական նոր լիցք հաղորդել։ Որքան հասկացա՝ քեզ համար այդ հանդիպումը բախտորոշ է եղել։



-Չէ, ես գրում եմ, երբ գրգռվում եմ, երբ մի մարդ կամ միջադեպ խոցում ու բզկտում է ինձ։ Գրելը եթե փրկություն, դեպրեսիայից դուրս գալու միջոց չդարձավ` ուրեմն սովորական խզբզոց է։ Հասարակության հետընթացի ամենավառ նմուշը ինքնանպատակ գրականությունն է։



-Եվ այնուհանդերձ, ինձ անհասկանալի մնաց, թե ինչու ես արվեստագետներին հորդորում այցելել կիսանկուղային այդ սրճարանները։



-Որ գնահատականի, փառքի ու ճանաչման մետաստազների գերին չդառնան։



-Գիտես, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ դու մի տեսակ նեղացած ես գրականությունից, որովհետեւ այն պետք չէ շատ մարդկանց եւ եթե պետք էլ է, միայն շատուշատ քչերին։ Հնարավո՞ր է, որ կինոդրամատուրգիայով զբաղվելու քո որոշումը կապված է կինոյի մասսայականության հետ։ Եվ միթե դա արդեն իսկ փառասիրություն չէ։



-Զարմանալի, չէ, խնդալու կլիներ, եթե գրականությունից նեղանայի: Այդ մասին չեմ մտածել: Մի օվկիանոս էլ դա է: Ես գրում եմ՝ հավակնություն չունենալով, որ սցենարը կնկարահանվի: Պարզապես սովորում եմ: Վաղն էլ գուցե կզբաղվեմ թատրոնի ալքիմիայի բացահայտումներով եւ դերասանի՝ որպես անտրոպոլոգիական առանձին տիպի, հոգեբանության ու գենետիկայի վերլուծությամբ։



-Մենք ականատես ենք, թե ինչպես է փառատենչությունը գրականությունից խլում գրողներին՝ չխնայելով անգամ տաղանդավորներին։ Արվեստի նվիրյալները ջանում են իրենց մեջ արմատախիլ անել այդ ախտը։ Բայց այնուհանդերձ, հնարավո՞ր է, որ գրողն իր հոգու մի անկյունում չպահպանի փառքի երազանքից գոնե մի ծվեն։



-Անհնար է... Դա գործընթաց է: Քսանից քսանհինգ տարեկանում սկսնակ գրողն իրեն հանճարեղ է համարում եւ մտածում է Նոբելյան մրցանակի մասին: Երեսունին մոտ, երբ տպագրվում է գրողի առաջին գիրքը եւ սկսնակ, շնորհալի ջահելի կարգավիճակը սկսում է փոխարինվել գրողական միջավայրին ինտեգրվելու սահմռկեցուցիչ անցումով, գրողի ներսում մի քանի հոգեցունց դեպրեսիաներից հետո առաջանում է ճեղքվածք, ինչի արդյունքում մի մասը թողնում է գիրը, մյուս մասը մեկուսանում է, երրորդներն էլ շարունակում են «ապրել» գրողական ընտանիքում՝ հույս ունենալով, որ բարի պապիկը մի օր էլ իր համար պետական մրցանակ կդասավորի: Քառասունից հետո գրողներից շատերը հեւասպառ են լինում... Նրանցից ոմանք գրում են, քանի որ այլեւս չեն կարող չգրել` հասկանալով, որ համաշխարհային փառքն ու Նոբելյան մրցանակը առավելապես ֆանտաստիկայի ժանրին են պատկանում եւ ավելի մտացածին են, քան Գյուլնազ տատի պատմած հեքիաթները... Իսկ հիսուն-վաթսուն տարեկանում հայ գրողն ապրում է իր ջահելության շրջանում գրված, երբեմն հաջողված գործերով` հույս ունենալով, որ մատաղ սերունդը կգնահատի իր տիտանա-հադեսյան աշխատանքը...



-Ինչո՞ւ ես այդքան վստահ, որ համաշխարհային փառքը հայ գրողին չի սպառնում։



-Քանի որ «համաշխարհային» հասկացողություն չկա, կա «ազգային», որը միջազգային ուժերով երբեմն դառնում է համամարդկային։



-Կարո՞ղ ենք գրողների մեկուսացումը ժողովրդից գրականության վարկաբեկման պատճառներից մեկը համարել։



- Գրողի անձի ֆետիշացումը կամ որպես բացառիկ բարոյականության տիպարի արձան կանգնեցումը վաղուց հնացած ու մաշված ներկայացում է հիշեցնում: Ներկայացում, որն ասելիք չունի ու այնքան է քոսոտացել, որ երիտասարդ, արյունն ու ջիղը տեղը աղջնակի փոխարեն բեմ է բարձրանում տոննայանոց գրիմը դեմքին, լեշերը կախված մի պառվաասմունքողուհի: Գրողի գործն է կարեւորում իր իսկ ապրած ժամանակը: Ցավոք, այսօրվա մեր գրականության մեջ սակավաթիվ են ժամանակի դեմքն ուրվագծող ստեղծագործությունները: Հիմնականում կակուղ, իրենցից կուսակցական «արժեք» կամ «գաղափար» ներկայացնող, կյանքից հազար կիլոմետր հեռու, վախվորած ոտանավորներ ու շարադրություններ ենք կարդում:



Մեր երկրում իսկական գրականությունն ու գրողները ընդհատակում են: Նրանց ստեղծագործությունները չեն «երեւում» մշակութային օլիգարխության զոհ գնացած հայկական հեռուստաալիքներով, ոչ էլ հաճախ ընթերցվում են Գրողների միության պատերից ներս:



-Գրողների միությունն այսօր շատերն են քննադատում։ Չնայած դրան, երիտասարդ գրողները ձգտում են անդամագրվել այդ կառույցին, իսկ քննադատողներն էլ չեն ցանկանում դուրս գալ։ Ես գիտեմ, որ քեզ մի քանի անգամ առաջարկել են դառնալ միության անդամ, եւ դու միշտ մերժել ես։ Ի՞նչն է քեզ այդպես խրտնեցնում՝ Ծաղկաձորում անվճար հանգստանալո՞ւ, թե՞ պետպատվերով գիրք տպագրելու հեռանկարը։



-Հոգեւոր վթարը։