Վերից վար

Վերից վար
«Հրապարակի» փոստը ստուգելիս ես երբեմն մտածում եմ, որ մեր ողջ երկիրը սեմինար ու խորհրդաժողով է անում՝ այնքան շատ են տարբեր ծանուցումները: Այն էլ ինչ անհեթեթ ու անիմաստ թեմաներով: Կարծում եմ, արժեր մի մեծ, համազգային խորհրդաժողով անել՝ «Արդյո՞ք ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները երաշխավորված են մեր երկրում» թեմայով: Ընդ որում, բոլորի՝ սկսած քաղաքապետից, վերջացրած դատապարտյալներով: Երբ պարզվում է, որ կալանավայրում պատանդի կարգավիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանը չի կարողանում անգամ նամակներ հղել իր հարազատներին, հոդվածներ գրել-ուղարկել եւ անարգել տեսակցություններ ունենալ իր փաստաբանների հետ: Երբ հայտնի է դառնում, որ առանց դատ ու դատաստանի կարող են քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին հանցագործ հայտարարել, եւ նա անգամ պաշտպանվելու, իր տեսակետն արտահայտելու հնարավորություն չունենա: Երբ հասարակական գործիչ Գեորգի Վանյանը մի քանի ամիս շարունակ կարող է դահլիճ վարձակալելու փորձեր անել եւ ադրբեջանական (կամ թուրքական) ֆիլմերի ցուցադրման համար վարձակալված դահլիճները հրաժարվեն փող աշխատելուց ու վերջին պահին նրան դուռը ցույց տան: Երբ մարդը կարող է մտնել խանութ եւ տեսնել, որ մի գիշերում պանիրը հազար դրամով թանկացել է, եւ ինքն անզոր է դրա դեմ պայքարել... Կնշանակի՝ մեզանում պաշտպանված չեն ոչ մեկի իրավունքները՝ վերից վար, սպառողից մինչեւ քաղաքական գործիչ, հայտնի անձից մինչեւ շարքային մարդը: Կնշանակի՝ մսաղացի մեջ ցանկացած պահի կարող ես հայտնվել դու, եթե «բարենպաստ» իրավիճակ լինի եւ համապատասխան պատվեր: Այնպես որ, Սահմանադրության գործողության կարիք բոլորն ունեն՝ աղբի մեջ քրքրող տատիկից մինչեւ երկրի նախագահ: Քանզի մի օր նա էլ կարող է անպաշտպան մնալ, եւ այդ մսաղացը նրան էլ չի խնայի: