Պիռատները լացում են

Պիռատները լացում են
2010 թ. հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը: Այս օրենքով նախատեսվում է դրոշմապիտակներ ամրացնել շուկայում վաճառվող սկավառակների վրա: Այն կիրառելու դեպքում Հայաստանում փաստացիորեն նվազագույնի կհասցվի կեղծ, պիռատական սկավառակների շրջանառությունը: Ասենք, որ այսօր սկավառակների շուկայի մոտ 95 տոկոսը կեղծ է:



Այս իրավիճակից տուժում է երկրի հեղինակությունը, որը հեղինակային իրավունքի պաշտպանության միջազգային վարկանիշային ցուցակներում զբաղեցնում է ամենացածր հորիզոնականները կամ, ավելի ճիշտ՝ գտնվում է սեւ ցուցակում: Տուժում են ստեղծագործողները` մշակույթի գործիչները, որոնք «օրը ցերեկով», փաստորեն, թալանվում են: Տուժում է նաեւ պետական բյուջեն, որը տարեկան կորցնում է առնվազն 30 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այս օրենքի հետեւողական կիրառման դեպքում նշված բոլոր խնդիրները կարող են հեշտությամբ լուծվել: Օրենքն ուժի մեջ է մտնում 2011թ. մարտի 1-ից:



Փաստորեն, շուկայում գործող ընկերություններին` DVD, CD արտադրողներին, 5 ամիս ժամանակ է տրված իրենց գործերը կարգավորելու եւ օրինական դաշտ անցնելու համար: Սակայն մեր պիռատները, դրա փոխարեն, փորձում են ետ պտտել իրավիճակը եւ շարունակել գործել հին կանոններով: Հասկանալի է, որ սեւ շուկայում գործող այս բիզնեսը լիովին քրեականացված է եւ ունի բարձրաստիճան «տանիքներ»: Առանց տանիքների Հայաստանում ո՞վ կհամարձակվի զբաղվել անօրինական բիզնեսով եւ գերշահույթներ ստանալ:



Եվ ահա, քրեական աշխարհը որոշել է գնալ այլ ճանապարհով եւ ՀՀ ԱԺ-ում անցկացնել փոփոխություններ նշված օրենքում: Ասում են, որ նրանք դիմել են ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին, եւ նա խոստացել է «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորական խմբակցության միջոցով անցկացնել այս փոփոխությունները: Խոսում են, որ պիռատները դիմել են նաեւ ՀՀ վարչապետին, որպեսզի այս օրենքը չկիրառվի:



Խոսակցություններ կան նաեւ, որ քրեական աշխարհը «օբշչագից» գումար է «քցվել»՝ այս օրենսդրական փոփոխության լոբբինգը ԱԺ-ում եւ մամուլում կազմակերպելու համար: Մամուլում արդեն եղել է մեկ հրապարակում, որտեղ այս «գործարարները» լացակումած բողոքում են, թե օրենքի կիրառումն ինչ «ահավոր վնասներ» կարող է բերել մեր երկրին: Փոփոխությունների արդյունքում նրանք նորից հնարավորություն կստանան շարունակել իրենց անօրինական բիզնեսը եւ ստանալ գերշահույթներ: Իսկ նրանք բողոքում են, որ այս օրենքի կիրառման արդյունքում սկավառակներն ահավոր կթանկանան, ողջ ժողովրդի DVD նվագարկիչները կփչանան եւ այլ ահավոր բաներ: Մնում է ասեն, որ այս օրենքը կխաթարի բնակչության գենոֆոնդը:



Նախապես ասենք, որ այս բոլոր փաստարկները նպատակ ունեն ընդամենը մոլորեցնել մարդկանց եւ իրականությանը չեն համապատասխանում: Նվագարկիչները փչանում են հենց անօրինական սկավառակների պատճառով: Իսկ ինչ վերաբերում է գներին, ապա դրանք չեն բարձրանա, եթե մեր «գործարարները» հրաժարվեն գերշահույթներ ստանալու վատ սովորությունից եւ հաշտվեն այն մտքի հետ, որ պետք է ստանան ոչ թե 500-600, այլ, ասենք՝ 20-40 տոկոս եկամուտ: Իհարկե, սա հոգեբանորեն բավականին բարդ է, սակայն օրենքը պահանջում է: Իհարկե, նրանց 40 օրը ձգվեց 19 տարի:



Կարող էին դրանով էլ գոհանալ, սակայն գրպանահատի ձեռքը սովոր է գողության: Մի հետաքրքիր փաստ. վերջերս Հայաստան էին այցելել ԱՊՀ-ում աշխարհի խոշոր ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում կազմակերպել էին հավաք սկավառակներ արտադրող տեղական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հյուրերը մերոնց առաջարկել էին, հաշվի առնելով Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ փոքր շուկան, որակյալ ֆիլմեր տրամադրել շատ ցածր գներով, ինչի արդյունքում խանութներում սկավառակների մանրածախ գինը կկազմեր 1200-1400 դրամ: Մերոնցից մի քանիսը համաձայնել էին, բայց մեծ մասը, ցավոք` ոչ: Նրանք, Շուրա Բլագանովի նման, մեծ գումարը ձեռքներին՝ էլի մտածում են ուրիշի գրպանի պարունակության մասին:



Գրիգոր ՄԱՆԱՍՅԱՆ