Հարցազրույցով թերությունները չես քողարկի

Հարցազրույցով թերությունները չես քողարկի
Անցած տարվա հոկտեմբերի վերջին «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը հայտարարեց հերթական դրամաշնորհային ծրագրերի բաց մրցույթ` «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում:



Մրցույթի նպատակը, ինչպես կարելի է ծանոթանալ հայտարարության տեքստում՝ հենց հիմնադրամի կայքից (epfound.am), խրախուսել նորարարական նյութերի պատրաստումը` նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ եւ տարածման նոր ձեւերի օգտագործմամբ:



Ես էլ, գլխավոր խմբագրիս հանձնարարությամբ, դիմեցի այդ դրամաշնորհային մրցույթին: Իմ ներկայացրած ծրագիրն անցավ երկրորդ փուլ` ուրախացա, երկրորդ փուլում ծրագիրս պարտվեց` տխրեցի: Անկեղծորեն ուրախացանք դրամաշնորհը շահած մեզ ծանոթ կազմակերպությունների համար եւ անցանք առաջ` կյանքը շարունակվում է: Ի վերջո, ինչո՞ւ պիտի իմ ծրագիրն ավելի լավը լիներ, քան մնացած շահածներինը: Ոչ արյունս է կապույտ, ոչ էլ հատուկ մասնագիտացած եմ միայն դրամաշնորհային ծրագրեր գրելու մեջ:



Այս անգամ չշահեցի, գուցե մեկ այլ անգամ ավելի շատ աշխատեմ, կամ բախտս բերի` մյուսների ծրագրերն ավելի թույլ գտնվեն: Ու թերեւս այս փոքրիկ անհաջողությունը մատնվեր մոռացության, եթե օրերս աչքովս չընկներ «Եվրասիայի» տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանի հարցազրույցը:



«Երկրորդ փուլի մրցույթում եւս հանձնաժողովը գրավոր գնահատեց հայտերը, հավաքվեց եւ ընդհանուր քննարկման ընթացքում ընտրեց 14-ը: Այս խմբի մեջ չմտան համեմատաբար թույլ ծրագրերը, ինչպես նաեւ այն ծրագրերը, որոնք ուժեղ են, բայց կա շանս, որ ուրիշ տեղից կֆինանսավորվեն, կամ, ավելի շուտ՝ քաղաքացիական հասարակության զարգացմանն են ուղղված, քան թե ԶԼՄ-ների զարգացմանը»,- ասում է Գեւորգ Տեր-Գաբրիելյանը: Չեմ ուզում քննարկել նույնիսկ այն, թե ինչ չափորոշիչներով է գնահատվում «ուրիշ տեղից ֆինանսավորվելու շանսը», կամ  ինչ նկատի ունի պարոն Տեր-Գաբրիելյանը՝ «ավելի շուտ քաղաքացիական հասարակության զարգացմանն են ուղղված, քան թե ԶԼՄ-ների զարգացմանը» ասելով:



Անձամբ ես միայն մի միջոց գիտեմ, թե ինչպես կարելի է ԶԼՄ զարգացման այնպիսի ծրագիր ներկայացնել, որում հնարավոր լինի շրջանցել քաղաքացիական հասարակությունը զարգացնելու հանգամանքը: Դա բովանդակության իսպառ անտեսումն է եւ կենտրոնացումը ձեւի վրա: Բայց ես կասկածել նույնիսկ չեմ ուզում, որ «Եվրասիան» կֆինանսավորեր մի բան, որն առանց այդ էլ լիքն է ինչպես եթերում, այնպես էլ տպագիր ու էլեկտրոնային այլ միջոցներում եւ հասարակության լայն զանգվածների կողմից որակվում է որպես աղբ: Մի խոսքով՝ ես հավատում եմ, որ հաղթել են արժանի ծրագրերը:



Հետո պարոն Տեր-Գաբրիելյանն ասում է. «Բավական դժվար էր երբեմն նույնանման ծրագրերի միջեւ ընտրություն կատարել: Իհարկե, ամեն ընտրություն մարդկանց կողմից է արվում, կատարելություն չկա, բայց ժյուրիի բոլոր անդամները միասին՝ բավական ներկայացուցչական խումբ էր, նրանց քննարկման արդյունքում որոշակի օբյեկտիվ պատկեր էր ստեղծվում: Ամենագլխավորը՝ ժյուրիի ոչ մի անդամ որեւէ հայտի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք չուներ»: Սրան էլ եմ հավատում. անկողմնակալ ժյուրի` բավական ներկայացուցչական կազմով: Չնայած չգիտենք, թե ովքեր են եղել, բայց եթե Գեւորգ Տեր-Գաբրիելյանն ասում է, ուրեմն այդպես էլ կա:



Բայց ահա հանկարծ կարդում եմ. «Մենք հրավիրեցինք այդ 36 հայտերը ներկայացնողներին եւ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկեցինք, թե ինչ սպասելիքներ ունենք նրանց լիածավալ հայտերից»: Այ սրան, կներեք, ես չեմ կարող հավատալ, նույնիսկ այն դեպքում, երբ «Եվրասիայի» տնօրենն է հավաստիացնում: Ինձ ոչ ոք երբեք այդ հիմնարկից ոչ մի տեղ չի հրավիրել: «Եվրասիա» հիմնադրամ այցելել եմ երեք անգամ. մեկ անգամ՝ հայտի ներկայացման ձեւը վերցնելու, եւս երկու անգամ` փաթեթի համառոտ եւ լիածավալ հայտերը ներկայացնելու: Բոլոր կոորդինատներս թողել եմ, նույնիսկ ես եմ զանգահարել մի երկու անգամ` հայտի լրացման տեխնիկական մանրուքների հետ կապված ճշգրտումներ անելու: Անկեղծ ասած, այս պահին նույնիսկ «Եվրասիայի» կայքում եմ փնտրում այդ հրավերը (գուցե չեն կարողացել կապվել ինձ հետ իմ թողած կոորդինատներից եւ ոչ մեկով), բայց այնտեղ էլ չկա:



Օբյեկտիվորեն եկեք ընդունենք, որ այս դրվագից հետո Գեւորգ Տեր-Գաբրիելյանի ողջ հարցազրույցը` ներկայացուցչական կազմով անկողմնակալ ժյուրիի եւ թույլ ու ուժեղ ծրագրերի մասին տեքստերով հանդերձ, գոնե ինձ համար պետք է դադարի կոպեկի արժեք ունենալ: Սակայն սա էլ անցնենք, համարենք, որ գուցե թյուրիմացություն է տեղի ունեցել, մարդկային գործոնի պատճառով, վատ կոմունիկացիայի հետեւանքով եւ այլն: Բայց արդեն ավելի քան օբյեկտիվ պատճառներով որոշակի հարցեր են առաջանում, որոնք պատասխաններ են ակնկալում: Նույնիսկ այն դեպքում, որ որպես հարկատու էլ անհանգստանալու կարիք չունենք, քանի որ դրամաշնորհներն ամերիկյան հարկատուների փողերով են գոյացել, իսկ մեր խմբագրության ներկայացրած դրամաշնորհային առաջարկ-ծրագրերը, չնայած անհամեմատ ավելի երկար ժամանակում եւ անհամեմատ ավելի մեծ դժվարությամբ, բայց մենք էլ կիրականացնենք:



Մեր ծրագիրը, եթե խիստ համառոտենք, ենթադրում էր հետեւյալը. երեք տեսակի պլատֆորմների կիրառմամբ (Հայաստանի ողջ տարածքում սփռվող ռադիո, տպագիր օրաթերթ, բավական բարձր հաճախելիություն ունեցող կայք` իր մուլտիմեդիա հնարավորություններով) զարգացնել եւ խրախուսել քաղաքացիական լրագրությունը` օգտագործելով ձեռքի տակ եղած հնարավոր մատչելի տեխնոլոգիաները: Ներկայացված բյուջեն այնպիսին էր, որ սկսում էի մտածել հավելյալ ֆինանսավորում ճարելու մասին` ծրագիրը պատվով իրականացնելու համար: Գուցե ոչ ծրագիրը, ոչ էլ բյուջեն բանի պետք չէին, բայց մենք ցանկություն ունենք իմանալու` ինչու: Մանավանդ, որ «Եվրասիան» առաջիկա 3 տարիների ընթացքում այսպիսի եւս մի քանի դրամաշնորհային մրցույթ է հայտարարելու, եւ մենք, հնարավոր է, մասնակցենք: Ըստ այդմ շատ կուզեինք «Եվրասիայի» կայքում տեսնել առնվազն այն ծրագրերի համառոտ նկարագրությունները, որոնք շահել են դրամաշնորհը, որպեսզի կարողանանք համեմատություններ եւ հետեւություններ անել, շտկվել, ապագայում ավելի ուժեղ ծրագրեր ներկայացնել: Հրաշալի կլիներ, եթե ներկայացվեր նաեւ ժյուրիի կազմը, քանի որ սուբյեկտիվ` կոռուպցիոն վտանգներով լի ժամանակահատվածն արդեն ետեւում է, դրամաշնորհային մրցույթն ավարտված է:



Սա միանշանակ կմեծացնի վստահությունը հիմնադրամի գործունեության անաչառության հանդեպ: Ահա այս գործնական քայլերը, կարծում ենք, նվազագույնն են, որ անհրաժեշտ է կատարել, նախքան այդ ամենին տեսական բացատրություն տալը՝ հարցազրույցի տեսքով:



Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ