Սոցիալական բունտի հեռանկարը

Սոցիալական բունտի հեռանկարը
Սկսվեց հանրահավաքների շարքը: Երեկ Տիգրան Կարապետիչն էր կարմիր քարտ ցույց տալիս իշխանություններին, այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանն է ցույց տալու: Մարտի 1-ը, սակայն, միայն որպես հանրահավաքների սկիզբ չի մեզանում նշանավորվում: Այն 3 տարի առաջ տեղի ունեցած արյունոտ իրադարձություններն է հիշեցնում: 10 անիմաստ ու անմեղ զոհ, որոնք իշխանության խղճին են ծանրացած: Այսօր հայ հասարակության մի մեծ հատված կխնկարկի այդ զոհերին: Հանրահավաքի ժամանակ էլ կխոսվի այս մասին: Կրկին կմտաբերեն 2008-ի նախագահական ընտրությունները, կխոսեն այն մասին, որ առջեւում նորից ընտրություններ են լինելու, եւ չկա ոչ մի երաշխիք, որ դրանք էլ չեն ուղեկցվելու արյունահեղությամբ: Քանզի մեզանում չկա ոչ արդար ընտրություն անելու, ոչ հասարակական կարծիքին անսալու, ոչ էլ մարդկային կյանքն արժեւորելու սովորույթ: Եթե լինեին, ապա այս համատարած ապօրինությունների շղթան չէր շարունակվի: Հավանաբար իշխանությունն էլ է հասկանում, որ վիճակը շատ է սրվել եւ այլեւս տեղ չկա գոտիները ձգելու, ուստի սոցիալական բունտի հեռանկարը սարերի ետեւում չէ: Մի օր էլ այն կհասնի Հայաստան աշխարհ, եւ այդ ժամանակ սոված ու իրավազուրկ հայ մարդը կջնջի իր առաջ ծառացած ամեն ինչ: Հավանաբար հասկանում է, դրա համար էլ ամեն ինչ անում է հանրահավաքների ալիքը կանխելու համար: Հին, փորձված մեթոդներ են կիրառում՝ վախեցնելու, սպառնալու, ճանապարհներ փակելու, ոստիկանական ուժեղացված ուժեր փողոց հանելու: Թե դրանք ինչ էֆեկտ կտան, կերեւա այսօր: Բայց կյանքը ցույց է տալիս, որ առանձնապես մեծ հույսեր կապել մարդու ցածր որակների հետ, երբ նա ու նրա զավակները քաղցած են, չի կարելի: Քաղցած մարդը, որպես կանոն, հաղթահարում է վախը: