Ներսիկ Նազարյանից մի վախեցեք

Ներսիկ  Նազարյանից մի վախեցեք
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել այսօրվա հանրահավաքի հետ կապված. «Վարչախումբը սարսափած է Հայ ազգային կոնգրեսի՝ փետրվարի 18-ի հանրահավաքի բազմամարդությունից եւ էներգետիկայից, ինչպես նաեւ քաղաքական ակտիվության եկած այն պոտենցիալից, որ լրացուցիչ միանում է Կոնգրեսին։



Ըստ այդմ էլ՝ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ պետական այլ մարմինների միջոցով ողջ հանրապետությունով մեկ գործի է դրվել ապօրինությունների աննախադեպ մի զինանոց. այցելում են ընդդիմության ակտիվիստների տները կամ հրավիրում ոստիկանություն` «զրուցելու» հանրահավաքին մասնակցելու «աննպատակահարմարության մասին», հավաքում են միկրոավտոբուսների վարորդների վարորդական իրավունքի վկայականները, հրահանգում են Երեւանի եւ մարզերի տաքսի ծառայություններին՝ մարտի 1-ին չաշխատել, պետական հիմնարկներում աշխատանքային օրը երկարաձգվել է մինչեւ ուշ երեկո, բուհերն այդ օրը չեղյալ են հայտարարել դասերը եւ այլն:  ...Կան նաեւ ապօրինի հանձնարարության ինքնամոռաց կատարողներ, Երեւանում, օրինակ, ոստիկանության քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանը հրահանգել է քաղաքի բոլոր բաժիններին՝ մի կողմ թողնել բոլոր գործերը եւ զբաղվել միայն այնպիսի միջոցառումներով, որոնք կնվազեցնեն մարդկանց մասնակցությունը հանրահավաքին։ Նրա ապօրինի հրահանգները հատկապես փութաջանորեն են կատարում ծառայության գծով իր տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը, Երեւանի ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը, ծառայության գծով նրա տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ՊՊԾ պետ Վալերի Օսիպյանը։ Այսօր ոստիկանական ջոկատը հարձակվել է նաեւ քաղաքապետարանի դիմաց իրենց իրավունքների համար ցույցի դուրս եկած առեւտրականների վրա»։