Սպառնացել են եւ 7 օր ժամանակ տվել

Սպառնացել են եւ 7 օր ժամանակ տվել
«Կամ մեզ պետք է այլընտրանքային տարբերակ առաջարկեն, կամ կթքենք-կգնանք էս երկրից: Մեզ ուրիշ ելք չեն թողնում»,- զայրացած դժգոհեց մետրոյի Երիտասարդական կայարանի գետնանցումում տեղակայված կրպակներից մեկի աշխատողը:



Մենք արդեն գրել ենք, որ գետնանցումի ամբողջ տարածքը, որը մինչ այդ գտնվում էր Կենտրոն թաղապետարանի ենթակայության տակ, վաճառվել է: Օրերս՝ մարտի 1-ին, առեւտրականներին կանչել են քաղաքապետարան, զգուշացրել, որ տարածքը վաճառված է, եւ շատ սեղմ՝ 7 օր ժամկետ են տվել տաղավարներն ապամոնտաժելու համար: Հակառակ դեպքում սպառնացել են «իրենց ձեւերով» ապամոնտաժել: Առեւտրականներից մեկի խոսքով՝ քաղաքապետարան գնացածները շատ տխուր եւ հուզված են վերադարձել, քանի որ ընդհանուր հայտարարի չեն եկել:



Մեզ հետ զրուցած առեւտրականն ասաց, որ քաղաքապետարանում տարածքը լքելու դիմաց նրանց միայն փոխհատուցում են առաջարկել՝ քառակուսի մետրը 80 հազար դրամով, ինչպես նաեւ հնարավորություն են տվել հանդես գալ այլընտրանքային առաջարկություններով եւ խոստացել դնել այն քննարկման: Մարդիկ են եղել, որ առաջարկել են հնարավորություն տալ մինչեւ շինարարությունն սկսվելը մնալ, որ գոնե կարողանան սպառել իրենց մոտ եղած ապրանքը: «Թող թողնեն մինչեւ շինարարությունն սկսելը մնանք, եղած ապրանքը վաճառենք, որ գոնե կարողանանք մեր վերցրած վարկերը փակենք: Թե չէ հանում են քցեն փողոց, որ ի՞նչ անենք»,- դժգոհեց մի կրպակավաճառ:



Ըստ խոսակցությունների, այլընտրանքային տարբերակ առաջարկվելու է միայն գրավաճառներին: Նրանց տարածք է տրամադրվելու Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւան գետնանցումում, ինչից գրավաճառները շատ դժգոհ են, քանի որ այդ տարածքն այնքան էլ մարդաշատ չէ, ուսանողներ չեն անցնում: «Ամսվա ընթացքում հազիվ էլ կարողանանք մի գիրք վաճառել»,- դժգոհեց մեկը, թեեւ պնդեց, որ իրենց առումով դեռ հստակ բան չեն ասում: «Միայն խոսակցությունների մակարդակով գիտենք, որ պետք է մեզ հանեն ստեղից, ուրիշ բան չգիտենք»,- հավելեց գրավաճառը: Ըստ առեւտրականների, տարածքը գնել է «Վիկտորիա թրեյդ» ՍՊԸ տնօրեն, գործարար Կարեն Բաղդասարովը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է ցորենի ներկրմամբ:



Ըստ առեւտրականների, հենց այդ գործարարին են պատկանում գետնանցումի որոշ խանութներ, մասնավորապես ընդհանուր տարածքից առանձնացված դահլիճները, որոնք նա ձեռք է բերել մի քանի տարի առաջ: Իսկ հիմա, առեւտրականներին հանելուց հետո, տարեվերջին պատրաստվում է գետնանցումում լայնածավալ շինարարություն սկսել եւ նոր, էլիտար խանութներ բացել: Ստացվում է, որ այս մարդիկ էլ բացօթյա առեւտրով զբաղվողների պես դատարկաձեռն կհայտնվեն փողոցում:



Մինչդեռ երբ տարածքը գտնվում էր թաղապետարանի ենթակայության տակ, կրպակների ու տաղավարների սեփականատերերն ամեն տարի պայմանագիր են կնքել եւ կատարել պարտադիր ամսական մուծումները: Սակայն այս տարվա հունվարի 1-ից թաղապետարանը հրաժարվել է պայմանագիր կնքել առեւտրականների հետ՝ պատճառաբանելով, թե տարածքն այլեւս իրեն չի պատկանում:

Հ.Գ. Արդեն երկու օր է՝ մենք փորձում ենք քաղաքապետարանից պարզաբանումներ ստանալ: Մասնավորապես, թե երբ է տենդեր հայտարարվել, ովքեր են մասնակցել, ով է գնել տարածքը, ինչ գնով եւ վերջապես ինչ է լինելու այս առեւտրականների ճակատագիրը: Փողո՞ց են շպրտվելու նախորդների պես, թե՞ այլընտրանքային տարբերակ է առաջարկվելու նրանց: Սակայն այդ կառույցից մեզ այդպես էլ չպատասխանեցին: Ավելին, քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը նախ տեղեկացրեց, որ իրենք մամուլի հետ աշխատում են բացառապես գրավոր տարբերակով, հետո մեզ առաջարկեց նյութը գրել մեր ունեցած տեղեկությունների հիման վրա, ապա, եթե իրենք կտեսնեն, որ քաղաքապետարանին առնչվող հարց կա, հանդես կգան պատասխան հոդվածով: