Իսկ ո՞րն էր հավաքի նպատակը

Իսկ ո՞րն էր հավաքի նպատակը
Նախօրեին մենք լուր էինք տպագրել այն մասին, թե «Ժառանգության» նախաձեռնությամբ կազմակերպվել է հավաք-քննարկում, որին մասնակցել է մոտ 25 մարդ` քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, նշված էին ՀԱԿ անդամ Ալիկ Արզումանյանի եւ Ազգային պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի անունները: Գրել էինք, որ խոսակցություններ կան, թե քննարկել են նոր ընդդիմադիր միավորում ստեղծելու հավանականությունը:



Մեր կարծիքը, չգիտես ինչու, ջղաձգումներ է առաջացրել «երկընդդիմադիրների» մոտ: Երեկ այդ խոսակցությունների եւ առհասարակ նոր ընդդիմադիր միավորման անհրաժեշտության մասին պարզաբանումներ խնդրեցինք վերոնշյալ անձանցից, նրանք կտրականապես հրաժարվեցին խոսել: Ալիկ Արզումանյանն ասաց, թե՝ «լավ կլիներ նախապես հարցնել, նոր տպագրել», իսկ Միքայել Հայրապետյանը, որին հավանաբար մեր լուրի պատճառով երեկ Կոնգրեսից մի լավ «հասել էր», ասաց՝ պատվեր եք կատարում, ձեր գործը մարդկանց սեւացնելն է: Մնաց անհասկանալի, որ եթե այդ հավաքը կայացել է, եւ իրենք մասնակցել են դրան, ապա ի՞նչն ենք սխալ գրել: Ախ, հա՝ հավաքի նպատակը: Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ նպատակով էիք հավաքվել՝ գուցե քննարկելու Սերժ Սարգսյանի իշխանությունն ամրապնդելո՞ւ հարցը: