Տարոն Աճեմօղլուն մերժեց Թուրքիային

Տարոն Աճեմօղլուն մերժեց Թուրքիային
Թուրքիայում ծնված հայազգի Տարոն Աճեմօղլուն մերժել է Թուրքիայի կառավարության առաջարկը` Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունում դառնալ Թուրքիայի մշտական ներկայացուցիչը:



«Վաթան» թերթի փոխանցմամբ` Տարոն Աճեմօղլուին այս առաջարկն արել է անձամբ Թուրքիայի վարչապետը` հանդիպման ժամանակ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքով` հայազգի տնտեսագետը Ռեջեփ Թայիբ Էրդողանին ասել է, որ նման առաջարկությունը պատիվ է իր համար, սակայն իր ներկայիս աշխատանքների եւ գիտական հետազոտությունների առատության պատճառով մերժել է այդ առաջարկը: «Հարգարժան Աճեմօղլուն ասել է, որ մտածում է ապագայում նման աշխատանքով զբաղվելու մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Նշենք, որ վերջերս թուրքահայ շրջանակներում լուրեր էին շրջանառվում, թե պաշտոնական Անկարան պատրաստվում է Տարոն Աճեմօղլուին Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան նշանակել:



«Asbarez.com» կայքի փոխանցմամբ` Ահմեդ Դավութօղլուն Պոլսում կայացած «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականութունը» միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, թե մոտ օրերս Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան պիտի նշանակվի թուրքահայ մի գիտնական: Թուրքիայի ԱԳ նախարարը չի բացահայտել նրա անունը, սակայն ասել է, որ հայազգի գործչի անունն արդեն իսկ ներկայացվել է երկրի վարչապետին եւ նախագահին: