Ես գտնում եմ, որ վնաս եմ տալիս մեզ բոլորիս

Ես գտնում եմ, որ վնաս եմ տալիս մեզ բոլորիս
Պարզվում է՝ որոշ պատգամավորներ եկել են գիտակցության, որ իրենց՝ ԱԺ-ում մնալը միայն վնաս է տալիս: Առայժմ իր մասին՝ որպես «վնասատուի», խոստովանում է միայն ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո), ով  հայտնի է որպես լրագրողներին «ամենահամարձակ» հայհոյող պաշտոնյա:



Նրա հետ երեկ զրույցն իր վնասակար սովորույթների ու պատգամավորական ապագայի վերաբերյալ է:



- Պարոն Հայրապետյան, օրերս հայտարարել եք, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններին չեք առաջադրվի, ինչո՞ւ այդպիսի որոշում կայացրիք:



- Իմ գործը չի, աղջիկ ջան, իմ գործը սա ա, օրենսդիր գործունեությամբ զբաղվելը չի: Ես գտնում եմ՝ իմ համար պլանկա եմ գծել, որ իրավունք չունեմ զբաղվել այլ բանով, որ իրականում ես կարող ա օգուտ չեմ տալի, վնաս եմ տալի: Ես ուզում եմ զբաղվել այն բանով, որ օգուտ ա տալի:



- Իսկ Ձեր պատգամավորական գործունեությունն ընդհանրապես ինչպե՞ս  եք գնահատում, ի՞նչ օգուտ տվեցիք հանրությանը:



- Այն, որ ես իմ ընտրողների համար արել եմ, իմ ընտրողները գիտեն: Ես հատուկ ընտրողներին չեմ արել, ուղղակի ես չեմ սիրում ինձ շոու սարքել. եթե բարեգործությունն անում ես, պտի մարդու երեսին չխփես: Էն գործը, որ ես անում եմ, էսօր ուզում եմ չլինեմ պատգամավոր  ու էլի շարունակեմ  անել (ֆուտբոլը նկատի ունի՝ Գ. Ս.):



- Չե՞ք կարծում, որ ԱԺ-ում  էլի կան պատգամավորներ, ում տեղը չէ այն, պարզապես նրանք դեռ չեն գիտակցում  այն աստիճան, որքան Դուք:



- Դուք կոնկրետ ինձ վերաբերվող հարց տվեցիք, ես գտնում եմ՝ իմ տեղը չի, ուրիշների համար ես չեմ ընտրում, իրանք իրանց են որոշում: Ավելին ասեմ՝ ես գտնում եմ, որ կարող ա վնաս եմ տալի մեզ բոլորիս՝  էնտեղ լինելով:



- Ի՞նչ տիպի վնաս:



- Որ ես չեմ կարողանում լիարժեք անեմ պատգամավորի գործառույթները, եւ, բնականաբար, որ իմ տեղը լինի ուրիշ մարդ, հաստատ կարող ա ավելի շատ օգուտ տա: Եթե օգուտ չես տալի, ոչ մի բան էլ չես անում՝ վնաս ա դառնում: Եթե ես էսօր աշխատում եմ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, եթե չտամ ֆուտբոլի զարգացում, չտամ աճ, նույն դիրքում մնամ՝ արդեն վնաս եմ տալիս:



- Եթե թողնեք պատգամավորական գործունեությունն  ու ֆուտբոլով լիարժեք զբաղվեք,  ի՞նչ հաջողություններ եք գրանցելու, ի՞նչ կանխատեսումներ ունեք:



- Գիտե՞ք ինչ, կանխատեսումներն այլ բան են նպատակների համար, ես երազում եմ մեր ազգային հավաքականին տեսնել կամ Եվրոպայի առաջնությունում, կամ՝ աշխարհի:



- Կտեսնե՞ք  Ձեր օրոք:



- Իհարկե, ես կարծում եմ՝ այո, որտեւ դա իմ երազանքն ա: Հենց հիմա պայքարում ենք դրա համար, դա կախված ա Ռուսաստանի խաղից, մյուսից, Աստված տա՝ Ռուսաստանին հաղթենք, բնականաբար, շանսն ավելի ա մեծանում:



- Իսկ Հանրապետական կուսակցությունից դուրս կգա՞ք:



- Ոչ, իհարկե ոչ, ինչի՞ դուրս գամ, Հանրապետական կուսակցությունում էլ մեռնելու եմ:



- Պրն Հայրապետյան, որոշ ժամանակ առաջ «Հայկական ժամանակին» դատի տվեցիք եւ բարոյական վնասի փոխհատուցում պահանջեցիք՝ արժանապատվությունը ոտնահարելու համար: Դուք վերջերս սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել «Հետքի» լրագրողին, ով դիմել է դատարան: Սակայն Դուք Ձեր մեղքը չեք ընդունում, կարո՞ղ է մտավախություն ունեք, որ Ձեր սխալն ընդունելուց հետո դա նախադեպ կդառնա, եւ Ձեզ հաճախ դատի կտան՝ հաշվի առնելով հայհոյելու Ձեր սովորությունը:



- Ձեզ քանի՞ անգամ եմ հայհոյել, որ սովորություն ունեմ:



- Ինձ՝ չէ, բայց, օրինակ, ՀԺ-ի լրագրողին, երբ Ձեզ Ձեր որդու ընդունելության քննությունների հետ կապված հարց էր ուղղել, պատասխանել էիք՝ «կարող ա՞ ուզում ես իմ տղայից հղիանաս»:



- Բա դա հայհոյանք ա՞, լավ բան եմ առաջարկել: Առողջ գենետիկ ֆոնդով, լավ որակով էրեխեք կունենա: Դատ ա գնում, թող դատավճիռն ավարտվի, նոր դրանից հետո կպատասխանեմ:



- Իսկ հնարավո՞ր է, որ դատը նախադեպ դառնա,  եւ այսուհետ հարգալից վերաբերվեք լրագրողին:



- Ես միշտ հարգալից եմ վերաբերվել լրագրողներին, երբ որ լրագրողը փորձել ա իմ նկատմամբ հարգալից լինի: Այ հեսա բոլորդ նստած եք, ով փորձի իմ նկատմամբ ոտնձգություն անի,  հաստատ շատ ավելի վատ կլինի, վատ կվարվեմ հետը:



- Ի՞նչ տիպի ոտնձգություն:



- Տիպը Դուք նոր ներկայացրեցիք:



- Ես ընդամենը հարց ուղղեցի Ձեզ:



- Լսեք, աղջիկ ջան, եթե հարց ա, Դուք խի՞ եք մենակ իմն ասում: Ես  նրան պատասխանում եմ, որ ես բժշկի մոտ հիվանդանոցում պառկած եմ, ասում եմ ու անջատում եմ հեռախոսը: Երեք անգամ զանգում ա: Այսինքն  ես բուժվելու իրավունք էլ չունե՞մ:



- Բայց հայհոյանք տալու իրավունք ունե՞ք:



- Իհարկե ոչ,  իհարկե  ոչ, ո՞վ ա ասում ունեմ: Ես տենց բան ասո՞ւմ եմ…



- Բա ինչո՞ւ հայհոյեցիք, ինքնաբու՞խ էր:



- Ինչը, ես իմ համար խոսացել եմ, ինքն էլ միացրած թողել ա, ես էլ եմ հեռախոսը թողել միացրած, ինքն էլ լսել ա, ես ի՞նչ անեմ,  ես հո իրան չե՞մ ուզեցել հայհոյեմ: Ես լրագրողներին չեմ հայհոյում:



- Այսինքն Դուք համարում եք, որ զրույցն ավարտելուց հետո եք հայհոյել, այսպես ասած՝ լրագրողի հետեւից:



- Աղջիկ ջան, ես քեզ խորհուրդ եմ տալի՝ կոկա-կոլա խմի: Ընե՜նց կթարմանաս:



- Հավանաբար Դուք այդպես եք թարմանում:



- Հա, ես ըտենց եմ թարմանում:



- Դուք այլեւս լրագրողների հետ նման ձեւով կվարվե՞ք:



- Իհարկե չէ, ես ընդհանրապես չեմ վարվում եւ չեմ էլ վարվի, բայց եթե ես ասում եմ՝ ես զբաղված եմ… Ես հարցազրույցից երբեք չեմ հրաժարվում, տեսե՞լ եք մի լրագող մոտենա՝ հարցազրույց չտամ, ուղղակի ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս: Եթե Դուք վաղը զանգեք, ես նորից վիրավորելու եմ, չեմ հայհոյի, կկոպտեմ-կասեմ՝ մի զանգահարեք: