Կանայք ազատ արձակվեցին դատարանից

Կանայք ազատ արձակվեցին դատարանից
Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, հրապարակել է  կաշառակերության մեջ մեղադրվող Ֆիլոմենա Մոսոյանի եւ Գայանե Գասպարյանի դատավճիռը:



Դատարանը  Ֆիլոմենա Մոսոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով եւ նրան դատապարտել է ազատազրկման մեկ տարի պայմանական ժամկետով։



Իսկ Գայանե Գասպարյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման՝ մեկ տարի վեց ամիս ժամկետով։ Դատարանը նաեւ վերացրել է բժշկուհիների պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը։ Երկու բժշկուհիներն էլ դատարանի դահլիճից ազատ են արձակվել, նրանք կրկին աշխատելու են իրենց տեղում։



Մեզ հետ զրույցում Գայանե Գասպարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրենք բողոքարկելու են դատարանի կայացրած վճիռը, հիմնավորելով, որ «պետք է կայացվեր արդարացման դատավճիռ Գայանե Գասպարյանի նկատմամբ», փաստաբանը նշեց, որ պայքարելու են մինչեւ վերջ. «Կան ապացույցներ, որոնք ձեռք են բերվել օրենքի խախտմամբ»։



Ամեն դեպքում՝ լավ է, որ գոնե տարեց կանայք ազատվեցին կալանքից եւ կարող են աշխատել իրենց նախկին աշխատավայրերում: Եթե հաշվի առնենք, որ մեր դատարանները, որպես կանոն, խուսափում են արդարացման դատավճիռներ արձակելուց, ապա այս դատավճիռը կարելի է համարել մեղմ եւ հօգուտ կանանց:



Հիշեցնենք, որ կաշառքի գումարն ընդամենը 20 եւ 35 հազար դրամ էր, ինչի համար կին բժշկուհիները երկու ամիս անցկացրին բանտում: