Ոգու վերադարձը

Ոգու վերադարձը
Մայիսի 28-ին, ժամը 13:00-ին նորից կայցելենք հայ մեծերի Պանթեոն, որպեսզի միասին նշենք Կոմիտաս վարդապետի աճյունի հայրենադարձման 75-ամյակը:



Հիշատակի եւ ոգեկոչման արարողությունը կսկսվի քահանայի օրհնանքով, հոգեհանգստյան արարողությամբ, Արարատյան թեմի «Ծաղկազարդ» համախմբի կողմից Կոմիտասի «Պատարագ»-ի եւ կոմիտասյան այլ հոգեւոր երգերի կատարումներով:



Այնուհետեւ «Շողակաթ» երիտասարդական երգչախումբը եւ շնորհալի երիտասարդ մեներգիչներ կկատարեն Կոմիտասի գործերից: Կհնչի նաեւ «Նոյի գործիքը»` սրինգը (Կոմիտասի բնորոշումն է): Կընթերցվեն հատվածներ Չարենցի, Սեւակի, Լ. Միրիջանյանի` Կոմիտասին նվիրված պոեմներից: Հայ պարի ուսուցչապետ Կոմիտաս վարդապետի հիշատակին ելույթ կունենա վերջերս Իսպանիայից հաղթանակով վերադարձած «Կարին» պարային համույթը:



Առաջին անգամը լինելով, Պանթեոնի ծառուղիներում կմեկտեղվեն տարբեր սերնդի հեղինակների կոմիտասյան թեմաներով քանդակներն ու նկարները, նաեւ արխիվային փաստաթղթեր, թերթեր, գրքեր, պաստառներ, լուսանկարներ:



Իրենց խոսքը կհնչեցնեն արվեստագետներ, հասարակագետներ, գրողներ:



Կզրուցենք նաեւ դժնդակ 36-ին Կոմիտասի աճյունի հայրենադարձման մասին, միասին կմտորենք, թե ինչպես, ինչ ճանապարհով Կոմիտասի անվան զբոսայգում հայ մեծերի Պանթեոնի հարեւանությամբ գտնվող շենքը (նախկին «Կինոհոկտեմբեր» կամ «Պլանետարիում») որպես ազգի, պետության եւ պետականության գերակա շահ, փրկագնենք եւ վերածենք Կոմիտասի պետական թանգարան-ինստիտուտի:



Եվ թե ինչպես իր ավարտին հասցնենք դժնդակ 36-ին անձնազոհաբար Կոմիտասի աճյունը հայրենիք վերադարձրած Դանուշ Շահվերդյանի անվան փողոցի վերանվանման` շուրջ 15 տարի չարչրկվող հարցը:



Կոչեմ ապրողաց՝ մասնակցել հիշատակի եւ ոգեկոչման արարողությանը:



Իսկ կոմիտասյան թեմաներով ցուցադրվելիք գործեր ներկայացնել ցանկացողները զբոսայգի ներկայանան ժամը 12:00-ին:



Նախաձեռնող-կազմակերպիչ՝ «Սիմոն Զավարյան» ՀԿ, կազմակերպիչներ` Արարատյան թեմի առաջնորդարան, Հայաստանի ազգային գրադարան:



Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 61 37 59, 091 51 11 69 հեռախոսահամարներով, բժիշկ Գագիկ Շահվերդյանին: