Եմենի նախագահը լքել է երկիրը

Եմենի նախագահը լքել է երկիրը
Եմենում տեղի է ունեցել անսպասելի շրջադարձ. համառ նախագահների թվին պատկանող Ալի Աբդուլլա Սալեհը թողել է երկիրը`ըստ երեւույթին ոչ պաշտոնապես լքելով նաեւ նախագահի աթոռը: Սալեհի նստավայրի վրա հարձակում էր եղել, երբ նա գտնվելիս է եղել մոտակա մզկիթում: Նախագահի կողքին գտնվող այլ պաշտոնյաներ լուրջ վնասվածքներ են ստացել, այդ թվում` վարչապետի երկու տեղակալները, ուրիշներին ստիպված են եղել անդամահատում կատարել:



Եմենի նախագահը երկրորդ կարգի այրվածքներ է ստացել եւ վիրավորվել կրծքի շրջանում: Դեպքից հետո նախագահը, պաշտոնապես չհրաժարվելով աթոռից, տեղափոխվել է Սաուդյան Արաբիա` այնտեղ վիրահատվելու: Այս տեղափոխության հարցը տարակարծությունների եւ ենթադրությունների տեղիք է տալիս:



Եմենի ցուցարարները կարծում են, որ եթե անգամ նախագահը փորձի վերադառնալ իշխանության, դա նրան հազիվ թե հաջողվի, եւ մայրաքաղաք Սանայի հրապարակներում վաղաժամ իշխանափոխություն են տոնում բացականչություններով, երգ ու պարով՝ իբրեւ երախտապարտության նշան Բարձրյալին կովեր զոհաբերելով:



Ցուցարարները հիմք ունեն նման ենթադրություններ անելու: Նախ` Եգիպտոսում եւ Թունիսում ցեղակիցների հաջողությունը տեսնելով, եւ երկրորդ՝ դատելով ըստ Սալեհի մեկնումի:



1985-90 թվականներին Սաուդյան Արաբիան 16 եւ 4 միլիարդ դոլար է ծախսել երկրի առողջապահական համակարգը վերազինելու նպատակով: Այսօր այն լավագույններից է արաբական աշխարհում: Այնուամենայնիվ ի՞նչ է խորհրդանշում Աբդուլլա Սալեհի մեկնումը. կամ նա չի վստահում հայրենական բժշկությանը, կամ այս պայթյունավտանգ ու անկայուն շրջանում այս մեկնումը փախուստ է: Հատկապես, որ նրա հարազատներից 31 հոգի հետեւել է նրան:



Սաուդյան Արաբիայի թագավորը վերջին անգամ առողջական խնդիրներով մեկնել է ԱՄՆ՝ բուժվելու, Սալեհի պես նախապատվությունը տալով արտասահմանյան բժիշկներին: Եմենի ղեկավարի բուժման վայրի ընտրությունը կասկածելի է նաեւ նրանով, որ Սաուդյան Արաբիայի իր գործընկերը բախումների ընթացքում նրան հորդորել էր պաշտոնանկ լինել: Շատ լրատվամիջոցներ էին գրել Եմենի նախագահի մեկնումի մասին, եւ հաջողվեց գտնել  մի տարբերվող ձեւակերպում, որն ասում է, որ Աբդուլլա Սալեհն «ընդունել է Սաուդյան Արաբիայում բուժվելու առաջարկը»:



Ասել է թե` կրկին արաբ գործընկերն օգնության ձեռք է մեկնել: Կանխատեսելով ուշադրության կենտրոնացումը՝ Սաուդյան Արաբիայի միապետ Աբդուլ Ազիզի կառավարությունը հայտարարել է, որ երկիրը չի միջամտելու Եմենի գործերին, որ եմենցիներն իրենք պետք է իրենց խնդիրները լուծեն, եւ Արաբիան Եմենի նախագահին հյուրընկալել է բուժական, այլ ոչ միջնորդության հիմունքներով:



Մեկնելիս Աբդուլլա Սալեհն իրեն փոխարինող է նշանակել վարչապետ Հաիդին, ով, ենթադրվում է՝ իշխանությունը ստանձնելու փորձ չի անի: Ավելին՝ կառավարության խաղաղասիրական մտադրությունները ցույց տալու նպատակով վարչապետը զորքերը ետ է կանչել ապստամբ ցեղերի վերահսկողության տակ գտնվող քաղաքներից: Այնուամենայնիվ, երկրում իրավիճակը վտանգավոր է. Եմենում գործում է «Ալ Քաիդայի» զինյալների մեծ ցանց, ցեղային միավորումները միասնական չեն, կան ծայրահեղական իսլամիստներ, եւ նախագահի բացակայությունը կարող է սրել իշխանության համար պայքարը:



Մինչ երիտասարդները հաղթանակ են տոնում հրապարակներում, փորձառու եմենցիները հոգեբանորեն նախապատրաստվում են նորանոր ցնցումների: Եմենում ԱՄՆ դեսպանը եւ վարչապետ Հաիդին հանդիպում են ունեցել, որի բովանդակությունը չի հրապարակվել, սակայն հանդիպումից առաջ ԱՄՆ-ն կոչ է արել Եմենի կառավարությանը հետեւել, որպեսզի նոր ղեկավարն ընտրվի երկրի սահմանադրությանը համապատասխան կարգով:



Աստղիկ Սարգսյան