Երեւույթը նոր չէ

Երեւույթը նոր չէ
Մամլո հաղորդագրություն



Վերջին օրերին ՀՀՇ «Կենտրոն» տարածքային կազմակերպությունում ստացվել է կուսակցությունից դուրս գալու մոտ մեկուկես տասնյակ դիմում: Սույն փաստը դարձել է մամուլի ակտիվ քննարկման առարկա: Այդ առիթով անհրաժեշտ ենք համարում տալ հետեւյալ պարզաբանումը:



Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները ՀՀՇ ղեկավար կազմի փոքր մի խմբի միջոցով փորձեցին ազդեցություն գործել ՀՀՇ ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ, ինչի մասին խոսվեց նաեւ 2010թ. հուլիսի 17-ին կայացած ՀՀՇ 16-րդ համագումարում:



ՀՀՇ վարչության եւ խորհրդի զգոնության շնորհիվ աննշան այդ միջադեպը հարթվեց: Կուսակցությունն այս փորձությունից դուրս եկավ ավելի ամրացած եւ բարձր հեղինակությամբ` ի չիք դարձնելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի ծրագրերը: Համագումարին հետեւած շուրջ մեկ տարվա ընթացքում ՀՀՇ շարքերը համալրվեցին մոտ 300 նոր անդամներով: Տասնվեցերորդ համագումարից հետո հիշյալ փոքր խումբը` հիմնականում «Կենտրոն» տարածքային կազմակերպության անդամներ, ըստ էության, դադարեցրին իրենց ներգրավվածությունը կուսակցության աշխատանքներին: Կուսակցությունից դուրս գալու նրանց դիմումները սպասվում էին վաղուց, նրանք որոշեցին դա անել հիմա:



Հնարավոր է, որ արդեն ստացված դիմումներին ավելանա եւս մեկ-երկու տասնյակ դիմում` դարձյալ հիմնականում «Կենտրոն» տարածքային կառույցի անդամներից:  Հետեւաբար, գործ ունենք ոչ թե ինչ-որ նոր երեւույթի, այլ մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի ձգձգված ֆորմալ ավարտի հետ:



ՀՀՇ վարչության լրատվական ծառայություն