Ընտրություններին ընդառաջ փո՞ղ կբաժանեն

Ընտրություններին ընդառաջ փո՞ղ կբաժանեն
Թե ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ  Ծառուկյանի խնամիական կապն ինչ ազդեցություն է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա, դեռ պարզ չէ: Սակայն Արգամիչն ամեն ինչ անում է, որպեսզի ապացուցի իր նվիրվածությունը հարազատ կուսակցությանը եւ փարատի այդ կասկածները:



Դրա համար այս կամ այն նպատակով մարզային այցելություններ է անում եւ հավաքում ՀՀԿ-ականներին ու քննարկում կուսակցությանը ձայներ բերելու հնարավոր տարբերակները: Գյումրիում իրենց բնորոշ հումորով խոսում են Գյումրիի քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանի ու Արգամիչի միջեւ ծավալված մի զրույցի մասին, որը, գյումրեցիների պատմելով, եղել է Շիրազյան օրեր միջոցառման շրջանակներում Գյումրի կատարած այցի ժամանակ:



Զրույցին, որը վերաբերել է նախընտրական ակտիվությանը, ի թիվս այլ հանրապետականների, մասնակցել է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որը ժամանակին առաջադրվեց մեծամասնական ընտրակարգով, սակայն չկարողացավ ձայներ հավաքել եւ խորհրդարան մտավ ՀՀԿ ցուցակով:



Ինչ վերաբերում է Վարդանիկի ու Արգամիչի զրույցին, ապա ԱԺ նախագահը ՀՀԿ Գյումրիի ակտիվի մոտ նեղսրտած ասել է, որ առաջիկա ընտրություններին պետք է ավելի լավ աշխատել, քանի որ սոցիալական խնդիրների ու  արտագաղթի պատճառով վիճակն ավելի է վատթարացել: Մի կողմից մարդկանց քանակն է նվազել, մյուս կողմից էլ սոցիալական պայմանների վատացման պատճառով  վերաբերմունքն է սրվել իշխանությունների հանդեպ:  Վարդանիկն էլ իրեն յուրահատուկ ձեւով արձագանքել է, թե՝ «փո՞ղ պտի բաժնենք»:



Արգամիչն էլ հակադարձել է, թե՝ էդ ե՞րբ չենք բաժանել, որ...: Չնայած այս հարցուպատասխանին,  պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը փորձել է ցրել մռայլ տրամադրությունները՝ ասելով, թե ամեն ինչ լավ է լինելու: Եվ առաջարկել է ձայն ապահովելու ընդունակ մարդկանց ներգրավել, մասնավորապես իր ընկերներից մեկին՝ Գարիկ Եղիազարյանին նշանակել Սոցիալական ապահովության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար:



Խոսքից հասկացվել է, որ կրկին ապավինելու են «մեռած հոգիներին», ինչպես նաեւ սոցիալապես անապահով քաղաքացիներին, որոնց թոշակ տալիս կուղղորդեն դեպի ՀՀԿ:



Հիշեցնենք, որ Շիրակի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը՝ Գյումրիի սոցծառայության պետ Էդվարդ Բաղրամյանը նույնպես Հանրապետականի օգտին աշխատող է: Նա եւս Սուքիաս Ավետիսյանի մտերիմներից է: Նշենք, որ այս ընտրատարածքն ընդգրկում է Գյումրիի մի մասը:



Մեր աղբյուրի փոխանցմամբ,  Հանրապետականի օգտին ձայներ ապահովող վերոնշյալ ակտիվի մեջ է նաեւ «Հայփոստի» Գյումրիի  մասնաճյուղի տնօրեն Թորգոմ Գեւորգյանը, որը եղել է Սուքիաս Ավետիսյանի շտաբի պետը: Շիրակի մարզում եւ մասնավորապես Գյումրիի նախընտրական գործընթացի վերաբերյալ փորձեցինք զրուցել պատասխանատուների հետ:



Վարդանիկ Ղուկասյանը վերջին շրջանում լրագրողների համար անհասանելի է, իսկ Սուքիաս Ավետիսյանը հերքեց, որ իրենք այդ օրը քննարկել են նախընտրական գործընթացը. «Ոչ, միայն միջոցառման հետ կապված է եղել: Զուտ ասմունքի միջոցառում է եղել, ուրիշ ոչ մի բան»: Հարցին, թե իր ընկերնե՞րն են վերոնշյալները, հրաժարվեց. «Իմ ընկերները չեն, մի մասը իմ կուսակիցներն են»:



Իսկ մի մաս ասելով՝ ո՞ւմ նկատի ունի, ասաց. «Տեղս հարմար չի, որ խոսեմ, վաղը զանգի՝ լրացուցիչ կասեմ: Ես քաղաքում լավ ընկերներ ունիմ, կարող է իմ ընկերների մեջ պաշտոնյաներ լինեն: Ամեն դեպքում ես նախընտրական քարոզարշավով կամ ձայներ ապահովելով առայժմ չեմ զբաղվում»: Բնականաբար՝ դեռ ընտրությունները չեն սկսվել, ինչո՞ւ պետք է զբաղվի:



Ընտրությունների հարցում կարեւոր դերակատարում ունեն նաեւ մարզպետները, սա հաշվի առնելով՝ զանգահարեցինք նաեւ Շիրակի մարզպետ, նախկին ոստիկան Աշոտ Գիզիրյանին, որը  մարզպետի  պաշտոնը ստանձնեց  2010 թվականին եւ, բնականաբար, պետք է վարձահատույց լինի Սերժ Սարգսյանին, ինչը, որպես կանոն,  դրսեւորվում է ընտրություններին կուսակցության օգտին  ձայներ ապահովելով:



Մեր հարցին, թե սկսե՞լ է այս գործի նախընտրական աշխատանքները, պատասխանեց. «Երբ որ ժամանակը գա, դրա մասին կտեղեկացվեք իմ աշխատանքից»: Ապա հանկարծ հիշեց անցած տոնը՝ Անկախության 20-ամյակը, շնորհավորեց մեզ եւ հրաժեշտ տվեց: